Երեսուն տարի ով՝ ընտրություն կեղծի, ով՝ ապալեգիտիմացնի․ Սիմոնյանը՝ Մինասյանին (տեսանյութ)

Երեսուն տարի ով՝ ընտրություն կեղծի, ով՝ ապալեգիտիմացնի․ Սիմոնյանը՝ Մինասյանին (տեսանյութ)

Ընդդիմությունն այսօր առանց բացատրության որոշեց չմասնակցել Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրությանը։ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը նախ հարցրեց՝ ինչո՞ւ, ապա ավելացրեց․ «Իսկ եթե ավելի լուրջ, հարգելի գործընկերներ, ձեր իրավունքն ա՝ տարբեր բաների չմասնակցելը, բայց ես կարծում եմ՝  քաղաքացիներն արժանի են գոնե իմանան բացատրությունը, օրինակ՝ ինչո՞ւ մեր նիստերի օրակարգերին ձեռնպահ կամ դեմ եք քվեարկում, ինչու եք այս կամ այն նախագծին դեմ քվեարկում կամ չեք քվեարկում։ Կոնկրետ Հաշվեքննիչ պալատի հետ ի՞նչ խնդիր ունեք՝ որպես երևույթ, ինստիտուտ և էություն»։

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ բացատրեց՝ ինչու չեն մասնակցում Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուի քվեարկությանը։

«Առաջինը, մեր՝ ձեռնպահ և դեմ քվեարկությունները մենք հիմնավորում ենք, այնտեղ, որտեղ կա որոշակի դեպի բարելավում, մենք նորմալ ենք գնահատում, բայց հիմնական շեշտը նա է, որ, որպես կանոն, էդ փաթեթները, որոնք բերվում են, կիսատ-պռատ մշակված կամ չմշակված կամ Հայաստանի առաջնային օրակարգերից դուրս հարցեր են։ Այնտեղ, որտեղ դեմ ենք քվեարկում, հստակ ենք բացատում, թե ինչու ենք դեմ քվեարկում»,-ասաց Մինասյանը։

Ինչ վերաբերում է փակ քվեարկություններին չմասնակցելուն, «Հայաստան» խմբակցության քարտուղարը դա էլ այսպես բացատրեց․ «Որովհետև դուք ձեր գործունեությամբ՝ մեծամասնությունը, ապալեգիտիմացրել է փակ-գաղտնի քվեարկության արդյունքները և, ընդհանրապես, քվեարկության պրոցեսը։ Ամենավառ օրինակը Վահագն Հովակիմյանի քվեարկություն է և ընդդիմության ներկայացրած թեկնածուներին ձեր կողմից մերժելը՝ առանց որևէ բացատրության»։

Մինասյանի այս խոսքերից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը որոշեց տակ չմնալ ու մի թեթև «կերցնել» ընդդիմությանը․ «Երեսուն տարի ով՝ ընտրություն կեղծի, ով՝ ապալեգիտիմացնի, դա այլ հարց ա, բայց, այնուամենայնիվ...»։

Մանրամասն՝ տեսանյութում