Բնակարանից վտարման շեմին կանգնած ընտանիքի հարցով դիմել են Վալերիյ Օսիպյանին

Բնակարանից վտարման շեմին կանգնած ընտանիքի հարցով դիմել են Վալերիյ Օսիպյանին

Աղբյուր Սերոբի 11/2 հասցեի բնակարաններից մեկի հետ կապված խնդիրը կարծես թե չի լուծվում։ Վտարման շեմին կանգնած ընտանիքին մինչեւ հինգշաբթի ժամանակ է տրամադրվել, նրանք էլ չգիտեն՝ ինչ են անելու։ Ընտանիքում 3 անչափահաս կա, մայրն էլ վերջերս է կեսարյան վիրահատություն տարել։
Երեւանի քաղաքապետարանի «Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանն, որն այդ դեպքերի ականտեսն է, մեզ հետ զրույցում ասաց, որ բնակարանի նախկին սեփականատեր տիկինը, բնակարանը կտակել է քաղաքացի Տիգրան Թարխանյանին։ Մինչ այդ տիկինը եղել է համալսարանում դասախոս, այնտեղ ծանոթացել է Աիդա Արզումանյանին, որը հետագայում պարզվել է, որ իր հեռավոր ազգականն է։ Մտերմություն են արել, երբ տանտերը առողջական խնդիրներ է ունեցել, խնդրել է Արզումյանին խնամել իրեն, որոշ ժամանակ անց վերջինս որպես խնամակալ է բերել Տիգրան Թարխանյանին, իսկ ինքն անհետացել է։

Ըստ Խաչատրյանի՝ Տիգրան Թարխանյանը զանգահարել է, ներկայացրել իրավիճակը, որ տիկին Աիդան ետ վերադառնա, սակայն նա կտրականապես մերժել է։ Մահից առաջ էլ բնակարանի սեփականատերը որոշել է անշարժ գույքը կտակել Տիգրանին։ Ծեր կնոջ մահից որոշ ժամանակ անց հայտնվում է Աիդա Արզումանյանը եւ հայտարարում, որ մահացածը ոչ սթափ վիճակում է կտակը գրել։ Ամեն դեպքում, նման եզրակացություն են տվել փորձագետները։

«Լույսի» ավագանին այս հարցով դիմել է նաեւ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին․ «Ոստիկանապետին դիմում է ուղարկվել, սպասում ենք պատասխանի։ Դիմել ենք ոստիկանության գործողությունները կասեցնելու համար, որովհետեւ դա անօրինական ենք համարում»։

Ընտանիքի ներկայացուցիչ Ստեփան Աթաշյանն էլ «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ սեփականության վկայական ստանալու հետ կապված հարուցվել է քրեական գործ՝ դատաբժիշկների կողմից կեղծ եզրակացություններ տալու համար․

«Մարդը, որը  2012 թվականին կնքել է երկկողմանի պայմանագիր, որով սույն բնակարանը անցել է Տիգրան Թարխանյանին, իր մահից հետո ճանաչվել է անգործունյա։ Եթե դատարանը ապացուցում  է, որ քաղաքացին գործարքը կատարելու պահին չի գիտակցել իր գորողությունների իրավական հետեւաանքը, այդ գործարքը անվավեր է համարվում։ Հիմա դատարանը նշանակել է փորձաքննություն, փորձագետները 6 տարի հետո մահացած մարդուն ճանաչել են որպես ոչ գիտակից։ Փորձագետների եզրակացությունը կայացվել է ոչ օրինական, փորձագետները օդից ինչ-որ հայտարարություն են արել, որը հիմք է հանդիսացել դատարանի համար, որը մարդկանց կզրկի իրենց ունեցվածքից»։ 

Աթաշյանի խոսքով՝ դատարանը ոչ թե ճանաչել է Աիդա Արզումանյանի սեփականության իրավունքը, այլ անվավեր է ճանաչել Տիգրան Թարխանյանի պայմանագիրը․ «Բնակարանը չի տրվել Աիդա Արզումանյանին»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ոստիկանությունը պարզաբանում էր ներկայացրել խնդրի վերաբերյալ. «Կոնկրետ դեպքում, ղեկավարվելով գործող իրավակարգավորումների, մասնավորապես՝ ՀՀ կառավարության 10.05.2007թ. թիվ 797-Ն որոշման պահանջներով, ոստիկանության ծառայողները, անշարժ գույքի օրինական տիրապետողի դիմումի, այնուհետև՝ սահմանված կարգով տրված լիազորագրի համաձայն պարզել են գույքի տարածքում անձանց բնակության օրինական հիմքերի բացակայությունը և տրամադրել ողջամիտ ժամկետ ներխուժումը կամովին վերացնելու համար, մինչդեռ վերջիններս փաստացի չեն կատարել ոստիկանության օրինական պահանջները և հրաժարվել են ազատել գույքի տարածքը: Ի դեպ, նշված գործողությունների ընթացքը սահմանված կարգով փաստաթղթավորվել է, իսկ ոստիկանության տարածքային ստորաբաժանման ծառայողների վարչարարության իրավաչափությունը ստուգվել է վերադասության կարգով ՀՀ ոստիկանության պետին հասցեագրված վարչական բողոքի հիման վրա հարուցված վարույթի շրջանակում: Ինչ վերաբերում է օգտատիրոջ այն դիտարկմանը, թե վտարում կարող էր արվել միայն դատարանի վճռի հիման վրա՝ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից, ապա պարզաբանում ենք, որ դատական կարգով վտարումը և ներխուժման վերացումը ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված երկու ինքնուրույն և միմյանց չբացառող իրավական ռեժիմներ (իրավական գործիքներ) են, որոնց ընտրությունը օրենսդրությամբ վերապահված է գույքի օրինական տիրապետողին: Առաջին դեպքում խոսքը գնում է հայցային վարույթի կարգով դատարան ներկայացվող վտարման պահանջի, իսկ երկրորդ դեպքում՝ ներխուժումը վերացնելու նպատակով ոստիկանությանն ուղղակիորեն (արտադատական կարգով) լիազորելու գույքի օրինական տիրապետողի իրավունքի մասին: 
Հաստատապես հորդորում ենք զերծ մնալ ոստիկանության գործողություններին իրավական դաշտում անհիմն և հուզական գնահատականներ տալուց, և վերջնական եզրահանգումներ կատարել միայն ոլորտի օրենսդրությունը մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո»: