Մի օր Չալաբյանը շնորհակալություն է հայտնելու այս կալանքի համար

Մի օր Չալաբյանը շնորհակալություն է հայտնելու այս կալանքի համար

Ես շատ ուրախ եմ, որ Ավետիք Չալաբյանին կալանավորեցին։ Այո, այո, մի զարմացեք՝ թեեւ ես զոմբի ու նիկոլապաշտ չեմ եւ ընդդիմությանը պատժելու, քերթելու-մորթելու պահանջ ներկայացնող խավի ներկայացույցիչ չեմ, ոչ էլ Քաղպայմանագրի անդամ եմ կամ Նիկոլ Փաշինյանի ուսապարկ, թիկնապահ կամ օգնական, բայց ուրախ եմ, որ Չալաբյանին կալանավորեցին։ Հիմա բացատրեմ՝ ինչու։

Ավետիքի նման խելացի գրագետ տղաներ ընդդիմության մեջ շատ կան։ Իշխանության մեջ է որ պետք է մոմով փնտրես ուղեղն աշխատող մեկին։ Ընդդիմության մեջ երեւի մի քանի հազար պատրաստված, գրագետ, հայրենասեր, ինտելեկտուալ մարդիկ կան, որոնք դեռ շատ աչքի չեն ընկել։ Դե, գիտելիքն ու խելքը մարդուն ստիպում է նաեւ համեստ լինել։ Այդ տգիտությունն է ամբարտավան ու ցցվող։ Եւ այդ մարդիկ մի տեսակ ստվերում են մնացել՝ ինչքան էլ հարցազրույցներ տան, հոդվածներ գրեն, խելացի խոսք ասեն, միեւնույնն է՝ լայն հասարակությունը, այդ նույն՝ զոմբիներն ու իշխանական տասովշչիկները, նրանց չեն ճանաչում, լայն հասարակությունը նրանց չի նկատում։ Մինչեւ այն պահը, երբ նրանք դառնում են թիրախ՝ նրանց դեմ ակնհայտ անօրինական քրեական գործեր են հարուցում, ստիպում իրենց կամակատար դատավորներին, որ կալանքի սանկցիա տան, նստեցնում են բանտ եւ պարզ ցուցադրում են իշխանությունների ու Նիկոլ Փաշինյանի վախն ու ատելությունը նման մարդկանց հանդեպ։ 
Ով, եթե ոչ Նիկոլ Փաշինյանը գիտի, թե բանտն ինչ կարեւոր փուլ է քաղաքական կարիերայի ճանապարհին։ Դժվար է ասել, թե նրան մարդիկ ինչպես կվերաբերվեին 2018-ին, եթե նա 2009 թվին՝ 2 տարի բանտ չնստեր ու բանտից ամեն օր նամակներ չգրեր։

Հենց այդ փուլում ձեւավորվեց նրա ընտրազանգվածը։ Բոլոր լրատվամիջոցները համարում էին, որ իրենց գործընկեր խմբագիրն է նստած եւ 2 տարի շարունակ նրա փիառն էին անում, ամեն կերպ աջակցում, որ դուրս գա բանտից։ Բոլոր քաղաքական գործիչները նրան իրենց գործընկերն էին համարում եւ աջակցում, որ նա դուրս գա բանտից։ Նրա համար ամեն ջանք գործադրեց ՀՀ առաջին նախագահն ու նրա թիմը։ Առհասարակ՝ ամբողջ ընդդիմությունը քրտնաջան աշխատեց այդ երկու տարում Նիկոլ Փաշինյան-քաղաքական գործչի օգտին եւ նրան հանրությանը ճանաչելի անձ դարձրեցին։ Նրա գլխին ճգնավորի եւ տուժածի լուսապսակ դրեցին, մեկին տաս ուռճացրին, թե ինչպես են ճնշում, ծեծում նրան բանտում, ինչպես է խեղճը զրկված իր մանկահասակ երեխայի հետ շփվելուց, ինչպես է մտածում ազգի ու ընթերցողի մասին եւ բանտից հոդվածներ գրում։ Ինչպես է պայքարում անօրինական դատարանի ու քննիչների դեմ։ Եւ ահա՝ ստացան պատրաստի վարչապետ, որը Շվարցի հայտնի պատմության նման «սպանեց վիշապին» ու ինքը վիշապ դարձավ։ Հիմա ինքն է հալածում ընդդիմությանը, ինքն է դատախազին ու ոստիկանապետին անօրինական հրահանգներ տալիս, ինքն է ստիպում իշխանությունից սարսափող ողորմելի դատավորներին կալանքի սանկցիաներ տալ եւ 60 միլիոն դրամ գրավ կիրառել, որ ընդդիմադիրները ունեցած-չունեցած փողերը հավաքեն ու իրենց ընկերոջը ազատեն բանտից։ Երեւի հույս փայփայելով, որ այլեւս փող չեն ունենա իր դեմ քաղաքական պայքար ծավալելու համար։ Կամ էլ բանտերի ու քննչականների մոտ ակցիաներ անեն, ոչ թե կառավարության։ 

Իհարկե, ինքը գերազանցեց իր ուսուցիչներին՝ ցույց տալով, թե իրական հետապնդումներն ու մարդկանց իրավունքները ոտնահարելն ինչպես է լինոըմ, բայց վերադառնանք Ավետիք Չալաբյանին։ Եթե Ավետիքը ցույց տա, որ լավ աշակերտ է եւ մեծն ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանից ստացած դասերը լավ է յուրացրել, կարող է միայն շահած դուրս գալ այս կալանքից։ Կարող է բանտից դուրս գալ որպես լուրջ քաղաքական գործիչ, որը հայտ կներկայացնի քաղաքական դաշտում կարեւոր դերակատարում ստանձնելու եւ անգամ ընդդիմության լիդերը դառնալու։ Բանտը շատ լավ ճանապարհ է՝ ամենակարճ ճանապարհն է հայտնի դառնալու, լիդերի որակներն ի ցույց դնելու եւ քաղաքական հայտ ներկայացնելու համար։ Այնպես որ կարող է գալ մի պահ, որ Չալաբյանը շնորհակալություն հայտնի այսօր իրեն կալանքի սանկցիա տվող խղճուկ դատավորին։ Այնպես, ինչպես Մնացական Մարտիրոսյանին շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ իշխանափոխությունից հետո էլ նրան ամենալուրջ գործերի քննությունը վստահելով եւ որեւէ կերպ նախկին ապօրինի դատավճիռների համար չպատժելով։