Քննարկեցինք բոլորս, որոշեցի ես

Քննարկեցինք բոլորս, որոշեցի ես

Վերջերս Թուրքիայի նախագահն ադրբեջանցի իր պաշտոնակցի շուրթերով Հայաստանից պահանջեց փոխել Սահմանադրությունը եւ պնդեց, որ այդ դեպքում միայն հնարավոր կլինի հայ-թուրքական հարաբերությունների հաստատում։ Տասնամյակներ շարունակ Երեւանին Անկարայի ներկայացրած պահանջների թիվը, փաստորեն, ավելացավ եւս մեկով։ Թերեւս ավելորդ է բացատրել, թե ինչպիսի արհամարհական վերաբերմունք պետք է ունենա թշնամիդ քո նկատմամբ, եթե անգամ մայր օրենքդ փոփոխելու պահանջ է ներկայացնում եւ հակադարձում չի ստանում։

Էրդողանի եւ Ալիեւի ակնարկը վերաբերում էր ՀՀ Սահմանադրության ամենաուշագրավ եւ հայեցակարգային հատվածին՝ մի քանի տողանոց նախաբանին, որում ոչ իրավաբանական բառամթերքով բացատրված է, թե ինչու ենք մենք մայր օրենք ընդունում, եւ հղում է արվում Հայաստանի անկախության հռչակագրին։ 1990-ի օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագիրը, ինչպես հայտնի է, մեր պետականության հետագա ընթացքը կանխորոշող հիմնարար փաստաթուղթն է եւ ակնարկ է պարունակում նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նախապայմանի մասին։

2010-ին Սահմանադրական դատարանը, քննելով այն ժամանակ աղմկահարույց հայ-թուրքական երկու արձանագրությունների սահմանադրականության հարցը, որոշել էր, որ դրանց կիրառումը չպետք է հակասի Սահմանադրության նախաբանի դրույթներին եւ Հայաստանի անկախության հռչակագրի 11-րդ կետին, այն է՝ ՀՀ-ն սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին։ Բարձր դատարանն արձանագրել էր, որ անկախ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից՝ ՀՀ-ն պարտավոր է շարունակել Մեծ եղեռնի ճանաչման ջանքերն աշխարհով մեկ։

Տարիներ անց Հայաստանն այդ երկու արձանագրություններից իր ստորագրությունները հետ կանչեց, դրանք այդպես էլ չկիրառվեցին, բայց Սահմանադրական դատարանի որոշումն իր առարկությամբ մնաց եւ կա առայսօր։ Բացի այդ, ինչպես ՀՀ Անկախության հռչակագիրը, այնպես էլ ՀՀ Սահմանադրության նախաբանն ու առաջին գլխի առաջին երկու հոդվածները որեւէ մեկը չի կարող փոփոխել, եթե, իհարկե, ՔՊ-ական Վահագն Հովակիմյանը մի հերթական իրավաբանական ձեռնածություն չմոգոնի։ Անկախության հռչակագիրն ու մայր օրենքի նախաբանը՝ որպես մեր պետության հիմնադիր փաստաթղթերի տեքստեր, անփոփոխելի են։

Մինչդեռ այս պահին առկա է առնվազն երեք եռակողմ հայտարարություն՝ 2020-ի նոյեմբերի 9-ի, դեկտեմբերի 18-ի եւ 2021-ի հունվարի 11-ի, որոնցով անմիջականորեն ՀՀ պետական ու ազգային շահերին վերաբերող որոշումներ են կայացվել եւ գործընթացներ են տեղի ունեցել։ Դրանք չեն անցել ո՛չ նախնական սահմանադրական վերահսկողություն, ո՛չ խորհրդարանական քննարկում եւ վավերացում՝ կոպտորեն խախտելով Սահմանադրության դրույթները։ Իշխանության այս հանցավոր ձեռագիրն ստիպում է մտածել, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար եւս նրանք պատրաստ են ուրանալ Հայոց ցեղասպանության պահանջատիրության հարցում սահմանադրական պարտադրանքը։

1870-ին Հռոմի պապ Պիոս 9-րդն Առաջին վատիկանյան ժողովում հռչակեց սեփական անսխալականության դոգման։ Ըստ դրա՝ այն ամենը, ինչ ասում էր Սրբազան քահանայապետը, միակ եւ անբեկանելի ճշմարտությունն էր եւ ենթակա չէր քննարկման։ Փաշինյանի կուսակիցները, նրա խորհրդարանական խմբակցությունը կարծես հենց այսկերպ են վերաբերվում սեփական առաջնորդին։ Եվ եթե նա այս հարցում հերթական ազգադավ որոշումը կայացնի, ավելի ճիշտ՝ ընդունի թշնամական պարտադրանքը, վարչախումբը նորանոր արդարացումներ է մոգոնելու՝ Ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարումն իբրեւ զարգացման հնարավորություն ներկայացնելով։

Ազգային եւ պետական շահերի նույնիսկ բացահայտ ուրացությունը ՔՊ-ականների մտքի թռիչքով կարող է ներկայացվել իբրեւ բացառիկ ձեռքբերում։ Եվ սա այն դեպքում, երբ խոսում ենք օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների տարանջատման եւ հավասարակշռման, հակակշիռների եւ փոխզսպումների սահմանադրական սկզբունքի մասին։


Դավիթ Սարգսյան