Ինչ պետք է անի Հայաստանը՝ նոր աշխարհակարգի «երկունքի» ընթացքում

Ինչ պետք է անի Հայաստանը՝ նոր աշխարհակարգի «երկունքի» ընթացքում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ ունեցած ելույթում հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունները գտնվում են խոր ճգնաժամի մեջ։ Դա, իհարկե, շատ վատ է, որովհետեւ, ինչպես Պուտինն է նկատել, այդ հարաբերություններից կախված են աշխարհի անվտանգությունն ու կայունությունը։ 

Ռուսաստանի ղեկավարը ռուս-ամերիկյան հարաբերություններում իր կողմից արձանագրված ճգնաժամը պայմանավորել է այն հանգամանքով, որ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների մոտ, նոր աշխարհակարգի հաստատման հետ կապված, կան մոտեցումների սկզբունքային տարբերություններ։

Նա ընդգծել է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները պետք է հիմնված լինեն «փոխադարձ հարգանքի, փոխադարձ շահերի հետ հաշվի նստելու, հավասարության, մեկմեկու ինքնիշխանությունը հարգելու եւ մեկմեկու ներքին գործերին չմիջամտելու» սկզբունքների վրա։

Պուտինը, իհարկե, նոր բաներ չի ասում։ Համենայնդեպս, սկսած 2013-14 թվականներից՝ նա շեշտում է, որ միաբեւեռ աշխարհը քանդվում է, որի տեղում պետք է ձեւավորել բազմաբեւեռ աշխարհ, եւ ներկայումս հենց այդ նոր աշխարհակարգի ձեւավորումն է ընթանում, ընդ որում՝ չափազանց ցավոտ ընթացքով։

Սակայն այս հայտարարությունը հետաքրքրական է նրանով, որ, ըստ ամենայնի, առաջին կարեւոր միջոցառման ընթացքում է ասվում` այն բանից հետո, երբ օրեր առաջ Ռուսաստանը հրապարակեց իր արտաքին քաղաքականության նոր հայեցակարգը, որում Ռուսաստանն իրեն դիրքավորում է ոչ պակաս, քան Եվրասիայի աշխարհաքաղաքական կենտրոն։ 

Մասնագետներն արդեն հասցրել են ֆիքսել, որ Պուտինը, մեծ հաշվով, իր ջանքերն արտաքին քաղաքականության, հատկապես՝ աշխարհաքաղաքականության ոլորտում կենտրոնացրել է մեկ բանի համար՝ ստեղծել հակաարեւմտյան դաշինք։ Ու կարծես թե դա ինչ-որ կերպ հաջողվում է, եթե ուշադիր հետեւենք ռուս-չինական հարաբերություններում տեղի ունեցող վերջին զարգացումներին։

Ի դեպ, պատերազմների ուսումնասիրման ամերիկյան կենտրոնը՝ ISW-ն, այս մասին խոսում է բաց տեքստով՝ նշելով, որ Մոսկվայի ջանքերը նկատելի են թե՛ ՄԱԿ-ի գործընթացներում Ռուսաստանի բռնած դիրքորոշումներում, թե՛ հատկապես այս տարվա մարտի վերջին Պուտին-Ծինփին հանդիպման ընթացքում կայացած քննարկումների բովանդակության մեջ։

Այս ամենը կարեւոր է նաեւ մեզ համար, որքան էլ որ Հայաստանն աշխարհաքաղաքական լուրջ գործընթացների հետ կապ չունի։ Խնդիրը շատ պարզ է Երեւանի համար՝ գիտակցել իրականությունը եւ շարժվել ըստ այդմ։ Իսկ իրականությունը բավականին հստակ է երեւում․ աշխարհը փոխվում է, եւ առաջ են գալիս նոր գլոբալ ուժային կենտրոններ։ Առայժմ նման կենտրոնի հավակնություն ներկայացնում է Չինաստանը։ Վերջինս Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների հնարավոր կարգավորման գործընթացում իր ունեցած, կարելի է ասել, վճռորոշ ներկայությամբ, ըստ էության, ազդարարեց, որ ինքն աշխարհի երրորդ գլոբալ ուժն է։ Ամենայն հավանականությամբ, նման ուժային կենտրոն կլինի նաեւ Հնդկաստանը՝ ժամանակի ընթացքում։ Պատահական չպետք է համարել այն, որ աշխարհի լրջագույն տնտեսագիտական վերլուծական կենտրոնները համաշխարհային տնտեսության ապագան տեսնում են Արեւելքում եւ ոչ թե Արեւմուտքում։ 

Այս լույսի ներքո Հայաստանի համար առնվազն կարեւոր է, այսպես ասած, «Մեծ եվրասիական ընտանիքում» ունենալ իր տեղը եւ ավելորդ «խաղերով» ընդհանուր գործընթացներում անհարկի եւ ժամանակավրեպ «պոմեխաների» առիթ չդառնալ, որոնք կարող են չափազանց թանկ նստել Երեւանի վրա։ Ի դեպ, հայկական ժողովրդական իմաստուն միտք կա՝ «Խելացի գառը յոթ մաքիի կաթ է ուտում»։ Հայաստանը հենց սա պետք է անի՝ առանց ավելորդ «բզիկների», որպեսզի շարունակի լինել աշխարհի քաղաքական քարտեզի վրա։