Ոչ թե «խաղաղության պայմանագիր», այլ դիվանագիտական հարաբերությունների հաստատում

Ոչ թե «խաղաղության պայմանագիր», այլ դիվանագիտական հարաբերությունների հաստատում

«Հրապարակի» զրուցակիցն է քաղաքագետ Արմեն Վարդանյանը: 

-Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդես եկավ հայտարարությամբ։ Ինչպե՞ս եք գնահատում այդ հանդիպումն ու Շառլ Միշելի հայտարարությունը։ 

-Սա մի գործընթաց է, վերջնական գնահատական տալու համար դեռ վաղ է: Եթե հաշվի առնենք, որ ամենավատ բանակցությունը պատերազմից ավելի լավ է՝ եթե այս տեսանկյունից նայենք, լավ է, որ կողմերն այս փուլում բանակցում են, սա հնարավորություն կտա լիցքաթափել լարված վիճակը եւ չգնալ նոր բախումների։ Մանավանդ, որ վերջին մի քանի ամիսներին Ադրբեջանը ցանկանում էր սահմանային նոր միջադեպեր հրահրել: Եթե հարցին այս տեսանկյունից նայենք, ապա միանշանակ դրական եմ համարում հանդիպումը, բայց, ընդհանուր առումով, դեռեւս վաղ է որեւէ գնահատական հնչեցնել: 

-Պատրաստվում է «խաղաղության պայմանագիր» Ադրբեջանի հետ, որի առանցքային դրույթը Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն է՝ Արցախը ներառյալ։ Պայմանագրի համատեքստում նշվում է Արցախի հայության «իրավունքների ու անվտանգության ապահովման» մասին, քանի որ այլ կարգավիճակ Արցախը չի ունենալու։ Ի՞նչ կասեք այս մասին: 

- Ես կարծում եմ, որ «խաղաղության պայմանագիրն» էն տեսքով, որ Ադրբեջանն է ուզում, դա կյանքի չի կոչվի: Այս տերմինը մի քիչ արհեստական է։ Ճիշտ կլինի ասել՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատում, որովհետեւ «խաղաղության պայմանագիրը» մի քիչ այլ է, դիվանագիտական հարաբերությունների հաստատորեն  այլ բան է: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումը տեսականորեն հնարավոր է, քանի որ աշխարհում կան շատ երկրներ, որոնք կոնֆլիկտի հակամարտող կողմեր են եւ ունեն դիվանագիտական հարաբերություններ: Օրինակ՝ Հունաստանն ու Թուրքիան, ունենալով կոնֆլիկտներ, ունեն դիվանագիտական հարաբերություններ միմյանց հետ:

 -Խոսվում է անկլավների մասին, որ Հայաստանն Ադրբեջանին է հանձնելու Արարատի մարզը Վայոց Ձորին ու Սյունիքին կապող Տիգրանաշենի հատվածը և Տավուշի հյուսիսն ու հարավն իրար կապող մեր հիմնական ճանապարհները, որոնք նաև մեր մայրուղիներն են՝ դեպի Իրան և Վրաստան։ Այս դեպքում ի՞նչ վտանգ է մեզ սպասվում: 

- Ես կարծում եմ` Հայաստանը չի համաձայնի անկլավների փոխանակմանը, որովհետեւ դա չի բխում մեր շահերից, կարծում եմ` ադրբեջանական կողմն էլ այս մասով շատ մեծ հավակնություններ չունի, որովհետեւ, եթե անկլավների փոխանակում լինի, իրենք էլ Արծվաշենը պետք է մեզ տան: Ես կարծում եմ` ամեն դեպքում, Հայաստանն այդ քայլին չի գնա, եւ, ընդհանուր առմամբ, Ադրբեջանին ավելի այլ հարցեր են հուզում, քան այդ անկլավների փոխանակումը: Իրենց պետք է, որ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ Ղարաբաղի հարցը վերջնակակապես փակվի, իրենց միայն այդ հարցն է հուզում, նաեւ կոմունիկացիաների ապաշրջափակումը, որպեսզի իրենք կարողանան Հայաստանի տարածքով կապ ունենալ Նախիջեւանի եւ Թուրքիայի հետ: Այս հարցերն են իրենց մտահոգում, անկլավներն այդքան էլ օրակարգային հարց չի իրենց համար, համենայնդեպս, ես երբ նայում եմ իրենց հայտարարությունները, նրանք հազվադեպ են խոսում այս մասին: Ավելի շատ այս մասին Հայաստանում են խոսում, Ադրբեջանում հիմնականում խոսում են Զանգեզուրի միջանցքի մասին եւ, իրենց խոսքերով ասած` խաղաղության պայմանագրի մասին:

- Հայաստանի վրա ճնշո՞ւմ են գործադրում, որ արագացնեն սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը:

- Գուցե ճնշում կա, եթե նայենք միջազգային իրավունքի տեսանկյունից, այն որոշումները, որոնք պետություններին ստիպում են ուժի եւ սպառնալիքի ներքո, դրանք լեգիտիմ չեն համարվում: Սահմանազատումը եւ սահմանագծումն արագ տեղի ունեցող գործընթաց չեն: Օրինակ՝ Հայաստանը եւ Վրաստանն իրար հետ կոնֆլիկտ չունեն, բարեկամական երկրներ են, բայց 30 տարվա մեր սահմանների 60%-ն է սահմանազատված եւ սահմանագծված: Այնքան խնդիրներ կան մեր սահմանների հետ կապված, որ դա տարիների աշխատանք է պահանջում, եւ ես կասկածում եմ, որ հետագա տարիների ընթացքում այդ գործընթացը տեղի ունենա:

-Դուք նշեցիք, որ վաղ է գնահատական տալը, սակայն այս այցը քննարկվում է, անգամ գնահատականներ են հնչում, որ որոշ ժամանակ անց մենք կտեսնենք Արցախի վերջնական հանձնումն ու Հայաստանի մասնատումը: Ի՞նչ կասեք այս մասին: 

-Իրականում Բրյուսելում որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել, այդքանով պետք է ասենք՝ որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել: Ես վստահ եմ, որ Արցախը չի հանձնվելու, Արցախը մնալու է հայկական: Իմ կարծիքով, հայկական կողմը պարզապես ժամանակ է շահում, քանի որ պատերազմից հետո մենք թուլացել ենք, մեր բանակն այդքան էլ լավ վիճակում չի, եւ ժամանակ է պետք, որպեսզի եւ բանակը ուժեղանա, եւ Հայաստանի շուրջ աշխարհաքաղաքական միջավայրը մեզ համար բարենպաստ լինի: Այսօր ստեղծվել է մի վիճակ, որ հիմնական դաշնակից Ռուսաստանը շատ ջերմ հարաբերություններ ունի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, որը մեր օգտին չի գործում: Կարծում եմ՝ այս փուլում Փաշինյանը չի ուզում պատերազմ, փորձում է ժամանակ ձգել: Իմիջիայլոց ասեմ, որ, հետեւելով ադրբեջանական մամուլին, իրենք էլ մտահոգություներ ունեն Հայաստանի իշխանությունների վարքագծի հետ կապված: Ադրբեջանի նախկին արտգործնախարարը 2 ամիս առաջ իր հարցազրուցում նշել էր, որ Հայաստանը դեռեւս բացահայտ չի ասում՝ ինքն առաջ է տանելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, բայց բառախաղի միջոցով է դա անում: Եթե այս հարցերին այլ տեսանկյունից նայենք, ապա կողմերի միջեւ դիրքային պայքար է գնում, բայց վճռական գործողություններ՝ նոր պատերազմի տեսքով կամ այլ սրացման տեսքով, կլինի մի քանի տարի հետո: Դրա համար այս փուլում դեռեւս ոչ Ադրբեջանն է բավարարվել իր ստեղծած վիճակով, որովհետեւ ամբողջ Ղարաբաղի գրավումը նրան չհաջողվեց, Հայաստանն էլ չի համակերպվում ստեղծված վիճակի հետ: 

- Ասում եք` Փաշինյանը ժամանակ է շահում, որպեսզի բանակը զինի, բայց մենք տեսնում ենք, թե այսօր ինչ վիճակում է մեր բանակը, ուժեղանալու փոխարեն օր-օրի թուլանում է:

-Այս տարվա մեր ռազմական բյուջեն ռեկորդային է` 725 մլն դոլար: Այս չափի ռազմական բյուջե Հայաստանը երբեւէ չի ունեցել, եթե Հայաստանի իշխանությունն ուզում է լուծարել բանակը, ապա ինչո՞ւ է այդքան տրամադրել բանակին: Այլ հարց է, որ ունենք կադրերի խնդիր: Ադրբեջանն արդեն քանի տարի է` իր լավ կադրերին ուղարկում է Թուրքիա` վերապատրաստվելու: Բարեփոխումները կամ բանակի արդիականացումը գոնե ինձ համար այդքան էլ տեսանելի չեն, որ արագ է գնում, այս ուղղությամբ, այո, աշխատելու տեղ ունենք: