Շնորհակալություն հայտնելու խնդիրը

Շնորհակալություն հայտնելու խնդիրը

Սպանեք՝ միևնույն է, չեմ հասկանում այն պաշտոնյաներին, ում նշանակում, իսկ հետո հանում է պաշտոնից Փաշինյան Նիկոլը, և նրանք շնորհակալություն են հայտնում իրեն:

Եթե դուք, ինչպես ներկայացնում եք, այդքան կարևոր բաներ եք արել պաշտոնավարման ընթացքում, ապա ինչո՞ւ է ձեզ պաշտոնանկ անում ձեզ նշանակողը: Ո՞վ է տեսել, որ լավ աշխատող ինչ-որ բանը՝ լինի այն կենդանի արարած, թե ուղղակի մեխանիզմ, դեն նետեն: Իսկ եթե դուք այնքան էլ լավը չեք եղել՝ ինչպես ներկայացնում եք, կամ այսպես ասենք՝ առաջադրված խնդիրը չեք կարողացել լուծել՝ ինչպես ներկայացնում են անկախ լրատվամիջոցները, ապա ավելի ազնիվ չէ՞ր լինի, եթե ընդհանրապես լռեիք: Ձեզանից ոչ մեկը ո՛չ առաջինն է և ո՛չ էլ կլինի վերջինը: Եվ ձեր լռությունը կլինի ոչ միայն ավելի ազնիվ, այլև ավելի արժանապատիվ: Այլապես ինչի՞ է նման այն դեպքը, երբ որևէ անձի աշխատանքի է ընդունում Փաշինյան Նիկոլը, որ բացարձակ հարգանք չունի գրագետ ու մտածող հանրության աչքում, ու երբ նա հեռացնում է այդ անձին՝ վերջինս անպայման շնորհակալություն է հայտնում իրեն: 

Ես սովոր եմ շնորհակալություն հայտնել նրան, ով ինձ ինչ-որ ձևի լավություն է անում: Վերցնենք ամենակենցաղային պահը՝ ճանապարհ է տալիս ինձ: Իսկ եթե ճանապարհ տար, իսկ այնուհետև ցեխոտ ձնագնդի շպրտեր վրաս՝ հաստատ շնորհակալություն չէի հայտնի: (Ցեխոտ ձնագնդին հիշեցի, քանի որ այս գիշեր Նորքի զանգվածներում մի քիչ ձյուն էր տեղացել): Եվ որևէ այլ անձի մտքով էլ չէր անցնի նրան շնորհակալություն հայտնել: Ոմանց կարող է թվալ, թե համեմատությունն անտեղի է, բայց երևույթը նույնն է: Ի դեպ, շնորհակալություն հայտնելը դաստիարակության նշան է: Միաժամանակ, հարգանքի դրսևորում է որևէ անձի նկատմամբ: Իսկ ես կասկածում եմ, որ որևէ մեկը կարող է հարգանքի զգացում տածել այնպիսի մեկի նկատմամբ, ինչպիսին, ինչպես արդեն ասվեց, վարչապետի աթոռն այսօր զբաղեցնողն է: Իսկ այդպիսի մեկին շնորհակալություն հայտնելն արժանապատվության խնդիր է առաջացնում:

Անցնենք արժանապատվությանը:

Սովորաբար հարգում են արժանապատիվ անձին: Սակայն չեմ պատկերացնում, որ կարող է արժանապատիվ լինել այն անձը, որ շարունակում է պաշտոնավարել 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունից հետո: Կրկնակի հարգանքի արժանի չէ այն անձը, ով պաշտոնի է նշանակվել 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո: Մի կենցաղային օրինակ բերեմ՝ դուք ձեր երեխային տանում եք դպրոց, առաջին դասարան: Եվ եթե ունեք հնարավորություն, ապա ընտրություն եք կատարում առկա դասվարների միջև: Եթե նման հնարավորություն չունեք, ապա դուք հաստատ ուրախ չեք լինի, եթե միակ դասվարը մինչ այդ լուրջ խնդիր է ունեցել դպրոցում: Բայց դուք ստիպված եք ձեր երեխային վստահել նրան ու անընդհատ անհանգստանում եք: Հիմա գանք պարտությունից հետո պաշտոնավարելը շարունակելուն կամ կամ ձեզ պաշտոն առաջարկելուն: Ինչպե՞ս կարող եք ձեզ լավ զգալ, եթե դա տեղի է ունենում այսօրվա Հայաստանում: Բայց դուք մնում եք կամ ընդունում եք այն, չնայած կարող եք հրաժարվել: Եվ հաստատ սովամահության չեք ենթարկվի: Համենայն դեպս, երկու տարվա իմ գործազուրկ լինելու փորձը դա է հուշում: Դուք կգտնեք եկամտի մեկ այլ աղբյուր: Բնական է, շատ ավելի ցածր եկամտի, բայց ձեր ինքնասիրությունն ու արժանապատվությունը չեն խոցվի: Եթե, իհարկե, դրանք ունեք ի սկզբանե:  

Ինչ վերաբերում է «մեր պետականության հիմքերն ամրացնելու, ուժեղ, հզոր ու բարեկեցիկ Հայաստանի Հանրապետություն կերտելու գործին», ապա յուրաքանչյուր գարագետ հայաստանցի պետք է որ գիտակցի՝ քանի դեռ վարչապետի պաշտոնին է մնում Նիկոլը, այդ ամենը կմնա միայն խոսքի մակարդակում: Այն էլ այնքան ժամանակ, որքան թույլ կտան իրադարձությունները, որ կախված չեն մեր և հատկապես Նիկոլի կամքից: Իսկ որպեսզի իրապես ամրապնդվեն մեր պետականության հիմքերը, և կերտվի ուժեղ, հզոր ու բարեկեցիկ Հայաստանի Հանրապետություն, անհրաժեշտ է վարչապետի պաշտոնից հեռացնել Փաշինյան Նիկոլին: Ինչը կլինի հենց առաջին քայլը այդ երազանքն իրականացնելու ճանապարհին: Իսկ դա անհրաժեշտ է, քանի որ Նիկոլը որևէ բան չի անում (չի կարողանում կամ չի ցանկանում՝ դա էական չէ) Արցախին պատուհասած հումանիտար աղետները՝ կյանքի ճանապարհ փակելը և գազամատակարարումը կասեցնելը, վերացնելու համար: Սա նիկոլական այն ապագան է, որ սկզբում այցելեց Արցախ, իսկ այնուհետև կսպասենք Հայաստանում: