2018 թ. տվյալներով՝ Հայաստանում ալցհայմերից մահացել է շուրջ 1058 մարդ

2018 թ. տվյալներով՝ Հայաստանում ալցհայմերից մահացել է շուրջ 1058 մարդ

Աշխարհում շուրջ 30 միլիոնից ավելի մարդ տառապում է ալցհայմեր հիվանդությամբ։ Սա ամենածախսատար հիվանդություններից է՝ նյարդաքայքայիչ հիվանդություն, որն ունի դանդաղ սկիզբ եւ պրոգրեսիվող ընթացք։ Չնայած շարունակական պրոգրեսիային՝ դրա արագությունը տարբեր մարդկանց մոտ տարբեր է, բայց եթե այն արդեն ախտորոշվել է, կյանքի սպասվող միջին տեւողությունը դառնում է 3-9 տարի։ Սա հիմնականում ամերիկյան մայրցամաքում է տարածված, եւ ամերիկյան առողջապահությունը մեծ ջանքեր է գործադրում դրա դեմ պայքարելու վրա։ Բայց Հայաստանն էլ է ներգրավվել այս հիվանդության դեմ պայքարում․ «Ալցհայմերի խնամք-Հայաստան» կազմակերպությունն «Առողջ ուղեղի հայկական ծրագիր» է իրականացնում,  դրամաշնորհ է ստացել, վերապատրաստումներ են անելու, ուստի մենք հետաքրքրվեցինք, թե այս հիվանդության վիճակագրությունը Հայաստանում ինչպիսին է։ Զրուցել ենք ՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ եւ Դեմենցիայի ազգային պլանի մշակման փորձագետ Քրիստինե Գալստյանի հետ։

«Մարդիկ խառնում են՝ ալցհայմեր, թե դեմենցիա։ Դեմենցիան համապարփակ բնութագիր է մի շարք մտավոր հիվանդությունների։ Ալցհայմեր հիվանդությունը դեմենցիայի ամենատարածված ձեւն է, որը կազմում է բոլոր դեմենցիաների 60-70 տոկոսը։ Հիվանդության դեպքում թուլանում են հիշողությունը, մտածողությունը, վարքը եւ առօրյա գործողություններ կատարելու կարողությունը։ Հայաստանում 60 տարեկանից բարձր մարդկանց մոտ՝ 5,75 տոկոս, դեմենցիա է գրանցված։ ԱՀԿ-ի՝ 2018 թվականի վերջին տվյալների համաձայն, Հայաստանում  ալցհայմերից մահացությունների թիվը կազմել է 1058 մարդ, որը կազմում է ընդհանուր մահերի 4․4 տոկոսը։ Չունենք լիարժեք ներդրված, խիստ ինտեգրված տվյալների համակարգ, որն առաջնային խնդիր է հանդիսանում մեզ մոտ։ Մենք պետք է ստանդարտիզացնենք եւ կազմակերպենք այդ համակարգը։ Ներկայացված թվերը քիչ են, քան իրականում պատկերը կա։ Հիմա աշխատում ենք այդ տվյալների բազայի վրա։ Մենք ունենք շատ կազմակերպություններ, որոնք որոշ տվյալներ հավաքում են, ամեն մեկը՝ առանձին-առանձին։ Սա է խնդիրը, որ ինտեգրված մեկ հարթակի մեջ չեն լցվում այս տվյալները, այդ պատճառով էլ թվերը վերջնական չեն։ Ինֆորմացիոն սիստեմի բարեփոխումներից հետո կունենանք  հիվանդության հստակ թվեր»։

Մեր այն հարցին, թե ինչն է պատճառը, որ Հայաստանում այսօր հիվանդությունն ավելացել է, փորձագետն ասաց․ «Ամբողջ աշխարհում բնակչությունը ծերանում է։ Հայաստանում բնակչության 11 տոկոսը 65 տարեկան եւ ավելի է։ Բնակչությունը համարվում է ծերացող, երբ որ տարեցների թիվը բնակչության ընդհանուր թվի մեջ կազմում է 7 տոկոս։ Իսկ Հայաստանում տեսնում ենք, որ այդ թիվը 11 է։ Ավելին՝ 2030 թ․-ին կկազմի 19 տոկոս, իսկ 2050-ին՝ 23 տոկոս։ Սա շատ հսկա թիվ է։ Այն ժամանակ տարեցները քիչ էին, եւ նրանց մեջ 5,5 տոկոսն այնքան մեծ թիվ չէր կազմում»։
Փորձագետի խոսքով, հիվանդության թվի աճը ֆինանսական, տնտեսական մեծ բեռ է թե՛ առողջապահության համակարգի, թե՛ սոցապահովության համակարգի վրա։

«Շատ ընտանիքներ կանգնում են կործանման եզրին, երբ որ ընտանիքում հայտնվում է դեմենցված մարդ, որովհետեւ մարդիկ՝ ընտանիքի անդամները, չգիտեն ինչ անեն։ Թե՛ բուժսպասարկման, թե՛ սոցապի կողմից մշակված դեռեւս խիստ ստանդարտ ծառայություններ չեն գործում, որը եւ մեծ խնդիր է առաջացնում ընտանիքների համար։ Բացի այդ, ընտանիքները պետք է կրթվեն, ճանաչեն հիվանդությունը՝ ինչպես վարվեն հիվանդի հետ։ Այս ամենը պետք է մշակվի։ Հիմա մեր ազգային պլանի առաջնահերթություններից է հենց այս ստանդարտիզացիայի մշակումը, որպեսզի մարդիկ չմոլորվեն»։ Ըստ Քրիստինե Գալստյանի՝ մեծ խնդիր է նաեւ այն, որ ընտանիքները խտրականության մեջ են հայտնվում, քանի որ իրենց հիվանդների կողքին պետք է լինի ինչ-որ մեկը։
«Սովորաբար երիտասարդները դուրս են գալիս աշխատանքից, որպեսզի խնամեն իրենց մեծահասակներին։ Եվ այս ընտանիքները ֆինանսական մեծ բեռի առջեւ են կանգնում։ Սա է մեր հասարակության վրա հիվանդության առաջացրած մեծ բեռը եւ առաջնահերթության պատճառը»։ Փորձագետը նշեց, որ Հայաստանում գործում են նման երեք խնամքի հաստատություն, 22 ցերեկային խնամքի տուն՝ մեծահասակների համար, որտեղ զբաղվում են նաեւ դեմենցիայով հիվանդների հետ։ Կա նաեւ տնային խնամքի ծառայություն։ Դեմենցիայով հիվանդների խնամքի ծառայությունները վճարովի են։

«Շատերը չեն ուզում, ամաչում են, որ իրենց շրջապատն իմանա, որ նման հիվանդ ունեն իրենց տանը, լռում են, թաքցնում են եւ իզոլացնում են այդ հիվանդներին։ Եվ հիվանդը բժշկական օգնություն չի ստանում։ Հիմա, որպեսզի մենք կարողանանք այս ստանդարտիզացիան անել, պետք է համապարփակ մոտեցում ցուցաբերենք։ Նախատեսում ենք հիվանդության տեսանելիության բարձրացում, իրազեկման աշխատանքների իրականացում, որպեսզի մարդիկ չամաչեն նման հիվանդների համար եւ ճիշտ ժամանակին դիմեն բժշկի»,- ասաց Քրիստինե Գալստյանը։