Տեր-Պետրոսյանական տխրահռչակ պարտվողականության հաղթանակը

Տեր-Պետրոսյանական տխրահռչակ պարտվողականության հաղթանակը

Ի տարբերություն մեր հասարակության գրագետ ու հայրենասեր հատվածի մեծամասնության՝ Նիկոլի մտավարժանքները ես մեկ-մեկ երկու անգամ եմ լսում՝ որքան էլ այն լինի ոչ հաճելի զբաղմունք: Դա տեղի է ունենում այն դեպքերում, երբ արդեն որոշած եմ լինում վերջինիս «պատմա-փիլիսոփայական» այս կամ այն մտքի վերլուծություն կատարել: Եվ, բնականաբար, չեմ ցանկանում ինչ-որ «կարևորի» դատողություն կորցնել: Այսօր ևս մտածում էի, որ Հանրային հեռուստատեսությամբ նրա վերջին հարցազրույցը ևս ստիպված եմ երկրորդ անգամ լսել՝ քանի որ դրա հաջորդ առավոտյան արթնացա գրվելիք հոդվածի գաղափարն ուղեղումս: Ասեմ, որ նման բան հազվադեպ է պատահում, չնայած գործազուրկի կարգավիճակին անցնելուց և լրագրությանը վերադառնալուց հետո վերջին երեք տարում շուրջ 1200 հոդված եմ ներկայացրել «Հրապարակ»-ի խմբագրությանը: Բայց երբ միացրի համակարգիչն ու նստեցի դրա դիմաց՝ հասկացա, որ հարցազրույցը երկրորդ անգամ լսելու կարիքը չունեմ: Եվ ոչ թե այն պատճառով, որ վերջինիս յուրաքանչյուր խոսք մեխվել էր ուղեղումս, այլ որովհետև առանձին մտքերը հիշելու անհրաժեշտությունը չկար: 

Շարունակեմ. ընդունված արտահայտություն կա՝ սատանան մանրամասների մեջ է: Բայց այս անգամ դրա հակառակ տարբերակն էր՝ մանրամասները բացարձակ ոչ էական էին: Ոչ այն պատճառով, որ դրանք կրկնվել էին հազար անգամ՝ չնայած այդպիսիք էլ կային: Այլ որովհետև դրանք ոչինչ չէին որոշում և չէին փոխելու գրվելիք հոդվածում: Իսկ գրվելիք հոդվածի իմաստն այն էր լինելու, որ 2023 թվականը մենք փակում ենք տեր-պետրոսյանական տխրահռչակ պարտվողականության հաղթանակով: Այո, որքան էլ տարօրինակ հնչի՝ հենց այդպիսի ձևակերպումով: Նման եզրակացության կարող էր գալ յուրաքանչյուր գրագետ անձ՝ լսելով նախորդ օրվա Նիկոլի մտավարժանքները: Ասվածը նշանակում է, որ մենք ընդմիշտ հրաժեշտ ենք տալու Արցախին՝ դա սկզբում, իսկ հետագայում նաև Հայաստանին: Եթե առնվազն երկրի ղեկավարության մակարդակով չազատագրվենք հանուն «սերգոջաների լավ ապրելու»՝ տեր-պետրոսյանական «հակաոչմիթիզականության» գաղափարից: Որովհետև ստանալով Արցախը՝ Իլհամ Ալիևը ցանկանում է ձեռք բերել ողջ Հայաստանը: Ինչը փորձում է կյանքի կոչել «Արևմտյան Ադրբեջան» անվանումով օրակարգի միջոցով: Ինչն էլ, ի դեպ, վերը նշված գաղափարի գործելու դեպքում դրա տրամաբանական շարունակությունն է: 
 

Նախորդ օրը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը փորձում էր համոզել մարդկանց, որ Արցախի հարցում հայանպաստ լուծում երբեք գոյություն չի ունեցել: Որ նախկինների իշխանության օրոք, նրանց գործողություններում առկա էին այդ լուծմանը խոչընդոտող մի շարք հակասություններ: Դա, իհարկե, նորություն չէր, ու չնայած դրան, նախկինները հաջողությամբ առաջ էին տանում կարգավորման հայանպաստ տարբերակը: Միջազգային հանրությունն էլ՝ հատկապես ՄԱԿ-ը, իր հերթին տրամադրված էր տարածքային ամբողջականության, այն է՝ ադրբեջանամետ լուծման օգտին: Միակ չեզոք լուծումն, ըստ Նիկոլի, ՀՀ Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանն Արցախի հետ փոխանակելու տարբերակն էր (տխրահռչակ Գոբլի պլանը): Բայց քանի որ մենք դրան չգնացինք՝ մնաց Արցախը թշնամուն հանձնելը: Ինչը ներկայացվեց զուտ ադրբեջանամետ մեխանիզմով՝ մնում էր, որ հացազրույցն էլ վարվեր ադրբեջաներենով: Նիկոլի առաջարկի այլընտրանքը բազմաթիվ զոհերի գնով Արցախը հանձնելն էր, ինչը կյանքի կոչվեց 44-օրյա պատերազմում խայտառակ պարտությամբ: Ու այդտեղ մտաբերեց Ազգային ժողովում պատերազմից հետո բարձրաձայնած սեփական դատողությունը՝ կունենայինք նույն արդյունքը, սակայն առանց զոհերի: 

Լսելով վարչապետի պաշտոնից կառչած անձի հարցազրույցը՝ ես չէի կարող ինքս չինձ չխոստովանել, որ նրա մտքերի ընթացքը խիստ տրամաբանական է: Բայց միայն մի դեպքում՝ եթե էն գլխից ընդունում ես, որ Արցախի հարցում «հակաոչմիթիզականությունն» այլընտրանք չուներ: Որ մենք, միևնույն է, ի վերջո պետք է պարտվեինք ավելի զորեղ թշնամուն. այն, ինչ նախազգուշացնում էր Տեր-Պետրոսյանը: 44-օրյայի խայտառակությունից հետո, ի դեպ, այս դիրքորոշման կողմնակիցները բավական շատացել են: Նույնիսկ այնպիսիք, որոնց մի ժամանակ հարգել եմ: Դրա տեսական հիմքն այն է, որ նավթի ու գազի շնորհիվ հարստացած Ադրբեջանն, ի վերջո, ռազմական ուժով վերցնելու էր այն, ինչը չէր ստանում բանակցությունների միջոցով: Բայց եթե այդ պրիզմայով ենք դիտարկում պատմական իրադարձությունները, ապա Արցախյան առաջին պատերազմը չպիտի ավարտվեր մեր հաղթանակով: Եվ, ընդհանրապես, չպետք է գոյություն ունենար Հայաստանի Հանրապետությունը: Որովհետև առաջին հանրապետության սկիզբը դրվեց 1918 թվականի մայիսյան հերոսամարտերով, իսկ դրանք հաղթանակով չէին պսակվի, եթե Ղարաքիլիսայի ճակատում արցախցի հրետանավոր, կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանը ենթարկվեր հայկական ուժերի ընդհանուր հրամանատար, գեներալ Թովմաս Նազարբեկյանի հրամանին ու իր ռազմիկներով նահանջեր դեպի Սևանա լիճ, հրետանին էլ թաղեր ավազներում: Ու սպայական խորհրդակցության մնացած մասնակիցներն էլ չբռնեին նրա կողմը:

Այլ պատմական օրինակներին չդիմելով՝ արձանագրենք, որ «հակաոչմիթիզականությունը» հակահայկական, թշնամական գաղափար է: Այն հիմնված է այն դատողության վրա, որ իր պատմական հայրենիքի մի անկյունում կծկված՝ հայությունը չունի որևէ ուժեղ դաշնակից ու պետք է ենթարկվի թշնամի ու հզոր հարևանների թելադրանքին: Այն, ինչ տեղի է ունենում հենց մեր օրերին Հայաստանի վարչապետի աթոռից կառչած անձի ջանքերով: Ինչպես նաև հայրենիքի զգացողությունից զուրկ՝ մեր բազմաթիվ հայրենակիցների անտարբեր հայացքների ներքո: Բայց, ինչպես արդեն ասվեց, «հակաոչմիթիզականության» տրամաբանական ավարտը «Արևմտյան Ադրբեջանի» կյանքի կոչվելն է: Եվ մեր տարածաշրջանում հայության վերացումն է, ինչին ձգտում են արևելքից ու արևմուտքից մեզ հարևան թշնամիները: Ինչից խուսափելու միակ ուղին երկրի ղեկավարության մակարդակով տեր-պետրոսյանական «հակաոչմիթիզականության» գաղափարից ազատագրվելն է: Որի առաջին քայլը պետք է լինի Փաշինյան Նիկոլի հեռացումը վարչապետի պաշտոնից: