«Հրապարակ». Պետք է հստակ ասվի, թե ինչ փոփոխություններ տեղի կունենան իշխանափոխությունից հետո

«Հրապարակ». Պետք է հստակ ասվի, թե ինչ փոփոխություններ տեղի կունենան իշխանափոխությունից հետո

«Հրապարակը» զրուցել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ։

- Ընդդիմությունը գիշերը հավաքեց վրանները։ Ճի՞շտ էր արդյոք այդ քայլը, Ձեր կարծիքով։

- Վրաններ հավաքելը, կարծում եմ, տեխնիկական խնդիր էր, որը բովանդակության տեսակետից շարժման ձեւն ու սպասելիք-արդյունքները չէր կարող փոխել։ Եթե նման որոշում է կայացվել, կարծում եմ՝ դա թելադրված է եղել մի շարք հանգամանքներով եւ հատկապես այն փաստով, որ որոշում կար՝ շարժումն ինստիտուցիոնալիզացնել, այսինքն՝ վրանների փոխարեն գործեն հանձնաժողովներ, տարբեր կոմիտեներ եւ այլն, որոնք, ըստ շարժման ղեկավարների, պետք է որ ավելի արդյունավետ լինեն։ Եվ եթե իսկապես այդ հանձնաժողովներն արդյունավետ գործեն եւ լուծեն իրենց առջեւ դրված խնդիրները, կարծում եմ՝ վրանները հանելն ավելի քան արդարացված է այս պարագայում։

- Ի՞նչ մեխանիզմներ պետք է օգտագործեր ընդդիմությունն այս մեկուկես ամսվա ընթացքում՝ իր շուրջն ավելի շատ մարդ հավաքելու համար։

- Այո, ավելի շատ մարդ հավաքելու խնդիրը երեկ նշվեց որպես շարժման բացթողումներից մեկը։ Իշխան Սաղաթելյանն իր ելույթում ասաց, որ Նիկոլ Փաշինյանի օրակարգը շատ մարդ չի ընդունում, բայց դրանց մեծ մասը հրապարակ չի գալիս։ Տպավորությունս այն է, որ շարժման մարտավարություն փոխելով՝ հիմնական խնդիր է դրվել հենց այդ մարդկանց փողոց դուրս բերելը, նրանց ռեսուրսը նույնպես օգտագործել իշխանափոխություն իրականացնելու գործում։ Հիմա, եթե պարզվի, որ այդ խնդիրը լուծելու համար պետք կգա հայտարարել կա՛մ նոր լիդերի, կա՛մ ապագա վարչապետի թեկնածուի անունը, ապա ես խորհուրդ կտամ շարժման առաջնորդներին, որ նրանք այդ քայլն էլ անեն։ Նրանք պիտի ամեն ինչ անեն, որպեսզի հանրության ավելի լայն զանգվածներ ներգրավեն պայքարի մեջ, եւ հնարավոր լինի հանրային ճնշմամբ հասնել իշխանափոխության։ Դրա համար, եթե այդ գործիքակազմն ունեն եւ կարող են նման որոշում կայացնել, խորհուրդ կտամ դա անել, աշխատել այդ ուղղությամբ։

- Որո՞նք են եղել դիմադրության շարժման թերությունները։ Ի՞նչ կարող էին անել, որ չարեցին այս մեկուկես ամսվա ընթացքում։

- Հիմնական խնդիրները կազմակերպչական էին։ Չնայած այն հանգամանքին, որ հանրության շատ մեծ զանգված դուրս եկավ փողոց, այնուամենայնիվ, կողքից դիտողի համար շարժումը շարունակում էր նման լինել տարբեր կուսակցությունների թույլ համակարգված գործողության։ Այսինքն՝ ամեն դեպքում, առաջին պլանում կուսակցականներն էին եւ կուսակցությունների ռեսուրսները, ինչը, իմ կարծիքով, ամենաշատը խանգարեց շարժման ավելի հանրային դառնալուն։ Շարժման գործիքակազմը շատ նման էր արդեն իսկ գոյություն ունեցող գործիքակազմին՝ հանրային անհնազանդության ակցիաներ։ Եվ, այսպես ասած, կրեատիվության տեսակետից՝ նոր գաղափարներ, մտքեր, որոնք հատկապես ուղղված կլինեին տարբերություններն ընդգծելուն՝ այս եւ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած շարժման միջեւ, դրա պակասը նույնպես կար։ Ամենակարեւորը՝ իմ խորին համոզմամբ, հանրային հաղորդակցության խնդիրներն էին, այսինքն՝ ամեն դեպքում, հանրությանը պետք էր տալ ավելի ընկալելի ուղերձներ, ավելի հստակ պետք է ներկայացվեր, թե ինչ փոփոխություններ տեղի կունենան Հայաստանում իշխանափոխությունից հետո, ինչ զարգացումներ կարելի է ակնկալել, Հայաստանը որ ուղղությամբ կընթանա եւ այլն։ Շարժման 2 ամսվա ընթացքում մենք չտեսանք, որ շարժման առաջնորդները հանդիպեին, օրինակ,  Վեհափառ հայրապետի հետ, խոսեին նրա հետ, ներկայացնեին իրենց ծրագրերը։ Եկեղեցու ռեսուրսը շատ ավելի մեծ էր, քան գալ միայն բեմում խոսելը։ Հոգեւորականների ներգրավումը պարտադիր եւ նաեւ այս շարժման բնույթին համահունչ քայլ պետք է լիներ եւ պետք է լինի։ Այո, պետք է գնային հանդիպեին տարբեր թեմերի առաջնորդների, Վեհափառ հոր հետ, համոզեին նրանց, որպեսզի հնարավորինս շատ իրենց հավատացյալներին ուղղորդեն հրապարակներ եւ փողոցներ։ Եվ ոչ միայն հոգեւորականներ, տեսեք՝ քանի հարյուր մտավորական ստորագրեց պահանջները՝ 300-ից ավելի։ Այդ մարդկանց նույնպես պետք էր բերել հրապարակ, խոսք տալ, անընդհատ աշխատեին, որպեսզի ամեն մեկն իր մասնագիտական շրջանակներում կարողանար աշխատել եւ մարդկանց կրկին դուրս բերել փողոց։ Ես հասկանում եմ, որ  շատ ծավալուն աշխատանք է, իսկ այս շարժման կազմկոմիտեն, որն այդպես էլ չերեւաց ամբողջ ընթացքում, տպավորություն է, որ Իշխան Սաղաթելյանի ուսերին էր ամբողջը դրված։ Այդ կազմկոմիտեն պետք է ձեւավորվի, որպեսզի կարողանա բոլոր շրջանակների հետ աշխատել։ Այս փոփոխությունները, որ երեկ հռչակվեցին հրապարակում, նաեւ այդ խնդրի լուծմանն են միտված, որպեսզի լինեն հստակ հանձնախմբեր, որոնք կտանեն այս աշխատանքը, եւ ամեն ինչ շատ ավելի կազմակերպված կլինի։