Օրենսդրական նախաձեռնությունը եւ բարոյականությունը

Օրենսդրական նախաձեռնությունը եւ բարոյականությունը

Հունվարի 11-ից շրջանառության մեջ է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հեղինակած ««Պետական արարողակարգի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է «Եռաբլուր զինվորական պանթեոնին» օրենքով տալ հուշահամալիր պետական հիմնարկի կարգավիճակ եւ ընդգրկել Հայաստանի պետական արարողակարգում՝ որպես օտարերկրյա հյուրերի այցելության պաշտոնական վայր։ 

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է․ «Հայաստանի անկախացումից ու համապատասխան ինստիտուտների ձեւավորումից հետո պետական արարողակարգի ընթացակարգում՝ նորմատիվ իրավական ակտերով բարձրաստիճան պատվիրակությունների` Հայաստանի Հանրապետություն պետական եւ պաշտոնական այցի ծրագրում, որպես կանոն, ներառվում է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելությունը: Դա, անշուշտ, իմաստավորված է եւ արտացոլում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման նկատմամբ մեր ազգային-պետական քաղաքականությունը: Առաջարկվող նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ վերը նշված տրամաբանությունը պետք է գործի նաեւ արցախյան երկու պատերազմներում իրենց կյանքը Հայաստանի անկախության համար նվիրաբերած հերոսների հիշատակը խորհրդանշող կոթողների առնչությամբ: Այդ նպատակով առաջարկում եմ Հայաստանի պետական արարողակարգում որպես օտարերկրյա հյուրերի այցելության պաշտոնական վայր ընդգրկել նաեւ Արցախյան ազատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող Եռաբլուր պանթեոնը»:

Ցանկացած օրենսդրական փոփոխություն, որ ընդունվում է, թեկուզ «հետին լույսով» իմաստավորվում է նաեւ նրանով, թե ով կամ ովքեր են դրա նախաձեռնողները։ Այս նախաձեռնության համար արդյո՞ք գոյություն չեն ունեցել բարոյական արգելակներ, որոնք կխանգարեին սույն օրենքի նախագծի ծնունդին․․․ հե՛նց բարոյական «բարդությունների» առումով։

Արդ փորձենք համադրել՝ 
1․ «կյանքը Հայաստանի անկախության համար նվիրաբերած հերոսներ» (ինչպես նշված է հիմնավորման մեջ) եւ․․․ Արման Բաբաջանյան 
2․ հայրենիքի պաշտպանության համար զենքը ձեռքին մարտնչած, նահատակված հազարավոր կամավորներ եւ․․․ Արման Բաբաջանյան։ 
Համադրություններն ակնհայտորեն չեն ստացվում, փոխարենն ուրվագծվում են հստակ հակադրություններ, որոնց մեջ ամենեւին չի նկատվում «հետեւից ընկնող» այն լույսը, որով այդ օրենսդրական նախաձեռնությունը կարող էր բարոյական հիմնավորում ստանալ։ 
Ժամանակին զինծառայությունից փախած, ծառայությունից խույս տալու «հայրենասիրական» նպատակով փաստաթղթեր կեղծած, այդ ամենի համար քրեական պատժի ենթարկված մարդը հազիվ թե բարոյական իրավունք ունի հանդես գալու նման օրենսդրական նախաձեռնությամբ։ Եվ ընդհանրապես, հետաքրքիր է իմանալ՝ այս նախագիծը միայնակ հղանալիս Ա․ Բաբաջանյանը թույլտվություն վերցրե՞լ է սեփական կենսագրությունից, նա իրեն տեսե՞լ է բարոյապես այնքան մաքուր, որ մարդկանց գիտակցության մեջ ամրակայվի որպես օրենքի այս նախագծի «կենդանի» հիմնավորում։ 
Հազիվ թե։

Ուրեմն՝ ՀՀ Ազգային ժողովը՝ չգիտեմ, բայց օրինականության աստվածուհի Թեմիսը կամ Ֆեմիդան հազիվ թե որպես օրենք օրհնի այս նախաձեռնությունը հենց միայն այն պատճառով, որ մատուցված է ոչ արժանավոր ձեռքերով։ Իսկ աստվածները (եւ մանավանդ աստվածուհիները), ինչպես գիտենք, խիստ նախանձախնդիր են մաքրության հարցերում․․․

Ի դեպ, անկախ այն բանից, թե ԱԺ-ում երբեւիցե օրակարգ կմտնի՞ պատգամավորական այս նախաձեռնությունը, չենք կարող չասել, որ նախագիծը խնդիրներ ունի նաեւ տրամաբանականության հետ։ Ահավասիկ հարց է ծագում, թե ինչու սույն նախագծի գաղափարը չէր ծնվում մինչ արցախյան երկրորդ պատերազմը, դրա համար պետք էին նոր հազարավոր զոհե՞ր եւ դրա հանգույն՝ այսպիսի նախաձեռնության գաղափար։ 

Մյուսը․ եթե պետական արարողակարգով Հայաստան պետական այցով ժամանած հյուրը պիտի այցելի Ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու, կարիք կա՞ եւս մեկ այդպիսի վայր առաջարկել նրան, որքանո՞վ է դա պատշաճ եւ տրամաբանական։ Մեկ ժողովրդի համար շատ չէ՞ զոհերի երկու հուշահամալիրը․ օտար այցելուի ընկալումն արդյո՞ք հօգուտ մեր ազգային արժանապատվության կլինի։ 

Ի դեպ, պատգամավորի այս առաջարկությունը հակադրության մեջ է մտնում նաեւ արցախյան երկրորդ պատերազմի զոհերի իշխանական-պաշտոնական ընկալման հետ․ վերջիններս ընկալվում են որպես նոր ցեղասպանության զոհեր, հետեւաբար՝ Եռաբլուրը յուրովի կրկնում է նույն երեւույթը՝ ցեղասպանությունը, ուրեմն առավել եւս հարկ չկա կրկնության։
Իսկ որ պաշտոնական տեսակետը հենց դա է, փաստում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օրերս (13․01․2021) արած ֆեյսբուքյան գրառումը։ «1990 թվականի հունվարին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի հայ բնակչությունը ենթարկվեց համակարգված եւ զանգվածային կոտորածի։

Կիրովաբադում, Սումգայիթում, Բաքվում տեղի ունեցած ջարդերը մաս դարձան ադրբեջանական պետական հայատյացության եւ էթնիկ զտումների քաղաքականության։ Հակահայ այս քաղաքականությունը շարունակվեց արցախյան 2-րդ պատերազմի ընթացքում, որն ուղեկցվեց Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացված բազմաթիվ զարհուրելի ոճիրներով։
Անկախ այս բարդագույն իրավիճակից եւ ստացած հարվածներից՝ համայն հայությունը հաստատակամ է՝ շարունակել ապրել եւ արարել իր հայրենիքում եւ կասեցնել հայ ժողովրդին ցեղասպանության ենթարկելու բոլոր սպառնալիքները»։

Մեջբերման ընդգծված բառը՝ «ցեղասպանություն», ի չիք է դարձնում Ա․ Բաբաջանյանի օրենքի նախագիծն օրենքի փոխելու ողջ տրամաբանականությունը, հետեւաբար՝ նաեւ անհրաժեշտությունը։