Իշխանության ճգնաժամը փոխարինվեց ընդդիմության ճգնաժամով

Իշխանության ճգնաժամը փոխարինվեց ընդդիմության ճգնաժամով

Հարցազրույց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հետ․

- Պարոն Հովհաննիսյան, ընտրությունների արդյունքներն արդեն հայտնի են: Ի՞նչ տարբերություններ եք նկատել այս եւ նախորդ ԱԺ ընտրությունների միջեւ:

- Տարբերությունները, անշուշտ, ավելի շոշափելի կլինեին, եթե այս ընտրություններն անցնեին կուսակցությունների մասին նոր օրենքի եւ նոր ընտրական օրենսգրքի ընդունումից հետո: Բայց ընտրություններն անցան այնպես, ինչպես պետք է անցնեին՝ չբերելով հին խորհրդարանի գաղափարական ներկապնակի հարստացման: Ընդհակառակը՝ այն ավելի աղքատացրին։

- Խորհրդարանում առաջին անգամ չկա ՀՅԴ-ն։ Լա՞վ է, թե՞ վատ։

- Լինելով իմ համոզմունքներով հայ ազգայնական, ուղն ու ծուծով հայրենասեր՝ ցավ եմ ապրում պատմական մեծ ժառանգություն ունեցող մեր ավանդական կուսակցության ձախողման առնչությամբ։ Նույնիսկ ամենաթունդ հակադաշնակցականները չեն կարող չհամաձայնել, որ այդ կուսակցության տապալումն ամենեւին էլ դրական ազդակ չէ Արցախի շուրջ այսօր ընթացող տագնապահարույց զարգացումների լույսի ներքո: Իմ վերլուծություններում ես երբեք չեմ խնայել ՀՅԴ-ի ղեկավարությանը՝ վերհանելով նրանց սխալները եւ զգուշացնելով վրա հասնող ձախողումը կանխելու համար նոր ուղիներ գտնելու անհրաժեշտության մասին: Գտնում եմ, որ բոլոր մեզանում եղած կուսակցություններից ամենաշատը կորցնելու բան ունեցող ՀՅԴ-ն դարձավ գործող արատավոր համակարգի ու այդ համակարգի քրմահայր Սերժ Սարգսյանի ամենանշանակալի զոհը: Եթե համակարգը կարողանայինք մինչեւ ընտրությունները բարեփոխել՝ մասնավորապես ընդունեինք նոր օրենք կուսակցությունների մասին եւ գնայինք ընտրությունների նոր ընտրական օրենսգրքով, ապա չէր լինի այս կորուստը:

- Ինչպիսի՞ն է, ըստ Ձեզ, լինելու նոր ԱԺ-ն։

- Խորհրդարանական ընտրությունների արդյունքները նշանավորվեցին նրանով, որ «նոր» ԱԺ-ում տեղեր են զբաղեցնելու միայն հին խորհրդարանում ներկայացված ուժերը, իսկ հեղափոխության ալիքի վրա ստեղծված նոր ուժերից եւ ոչ մեկը չի հաղթահարել ընտրական շեմը եւ Ազգային ժողովում ներկայացված չի լինի: Այդ տխուր արդյունքը, որը լուրջ կասկածի տակ է դնում այս ընտրությունների դրական հետեւանքները, նույնպես մեծի մասամբ պայմանավորված է այն բանով, որ ընտրություններն անցան հին ընտրական օրենսգրքով: Բոլորին է հայտնի, որ նոր գինին հնարավոր չէ պահել հին տիկերում: Այս ընտրություններով, ավաղ, հերթական անգամ չլուծվեց ինձ՝ որպես քաղաքագետի, հուզող ամենակարեւոր հարցը՝ կենսունակ, ազգի առջեւ ծառացած խնդիրների լուծման տեսանկյունից ադեկվատ, բազմերանգ ու արդյունավետ խորհրդարանական գաղափարական ներկապնակի ձեւավորում տեղի չունեցավ։ Սերժ Սարգսյանի հեռացումից հետո ես իմ բազմաթիվ հրապարակումներում մատնանշել եմ այդ հարցի կարեւորությունը եւ հեղափոխական իշխանության գերակա պատասխանատվությունը դրա արդյունավետ լուծման համար:

- Հիմա ԱԺ է անցել ընդամենը երեք ուժ՝ «Իմ քայլը» դաշինքը, ԲՀԿ-ն եւ «Լուսավոր Հայաստանը»: Ինչպե՞ս եք պատկերացնում նրանց գործունեությունը խորհրդարանում:

- Այս խորհրդարանը նախորդի նման կարճ կյանք է ունենալու՝ գուցե մի քիչ ավել կամ պակաս, բայց դա այդքան էական չէ: Բանն այն է, որ մեզանում հեղափոխությունը հնարավորություն տվեց հաղթահարել իշխանության ճգնաժամը, բայց միաժամանակ ստեղծեց նախապայմաններ ընդդիմության տեւական ու ներկայիս ԱԺ-ի շրջանակներում անհաղթահարելի ճգնաժամի համար:

- Ինչո՞ւմ եք տեսնում ճգնաժամը։

- Մեզանում ընդդիմության ինստիտուտի փլուզման նախերգանք դարձավ նախընտրական քարոզարշավը, որը նշանավորվեց ժողովրդավարական ընդդիմության «սուրբ տեղը» թափուր թողնելու՝ ընտրությունների բոլոր մասնակիցների վատ քողարկված ձգտումով: Արդյունքում ՀՀԿ-ին հաջողվեց ընդդիմությունը ներկայացնել սեւ գույնով՝ սեփական կերպարով: Բայց դա ընդամենը նախերգանքն էր, իսկ ընտրությունների արդյունքներն արդեն ամբողջականացրին պատկերը՝ ցույց տալով, որ ԱԺ-ի այս կազմով եւ ուժերի դասավորությամբ խորհրդարանական ընդդիմության ինստիտուտը մեզանում պարզապես չի կարող գոյություն ունենալ: Շուտով դուք կտեսնեք, թե ինչ թատրոնի է վերածվելու Սերժ Սարգսյանի «գրպանային այլընտրանք» Գագիկ Ծառուկյանին ու նրա ղեկավարած ԲՀԿ-ին համոզելը, որ իրենք պարտավոր են ստանձնել քաղաքական ընդդիմության դերակատարություն: Քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանին շողոքորթող ճառերն անգիր արած Ծառուկյանին ո՞վ պետք է հիմա էլ սովորեցնի ընդդիմախոսելու արվեստը: Այդ մարդն ամբողջ կյանքի ընթացքում իշխանության առաջին դեմքերին միշտ քծնել է եւ «զբաղվել է քաղաքականությամբ» հենց այդ նպատակով։ Քծնել է Լեւոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժիկ Սարգսյանին եւ հիմա նույն քաղցրահամ բառերով քծնում է Նիկոլ Փաշինյանին: Կամ՝ ո՞վ կհավատա, որ արժեհամակարգային հենքի վրա ձեւավորված «Ելք» դաշինքի մեջ մտնող ԼՀԿ-ն հեղափոխությունից հետո որոշեց դառնալ «ընդդիմադիր» «Ելք» դաշինքի խորհրդարանական խմբակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին ու նրա ՔՊ կուսակցությանը: Սա արդեն կրկեսի էլ չի նմանվի, այլ ավելի նման կլինի մանկապարտեզի երեխաների «կռիվ-կռիվ» խաղալուն: Ո՞վ եւ ո՞ւմ կարող է համոզել, որ դա իսկական կռիվ է, այլ ոչ թե պստիկների զվարճալի խաղ։

- Դուք ասում եք՝ չկա ընդդիմություն խորհրդարանում, պետք է հասկանալ, որ առջեւում փողոցային ընդդիմության ակտիվ փո՞ւլ է։ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներն են մտադիր հանրահավաքներ կազմակերպել, օրինակ։

- Դուք ճիշտ մատնանշեցիք ինստիտուցիոնալ ընդդիմության փաստացի բացակայության պայմաններում փողոցային ընդդիմության մոբիլիզացիայի անխուսափելիությունը: Իսկ եթե հաշվի առնենք այն, որ տնտեսության վիճակը մնում է անմխիթար, ապա դժվար չէ կանխատեսել արդեն գարնանը լուրջ ներքաղաքական մարտահրավերներ: Նման իրավիճակներում ամեն ինչը փոփոխական է. ո՞վ կարող էր ենթադրել, որ ռուսներին մեծ «ատկատներ» արած ու կոռուպցիոն ամենածանր հոդվածներով մեղադրվող Յուլյա Տիմոշենկոն երբեւէ ոչ միայն բանտից դուրս կգա, այլ նաեւ համեմատաբար ամենաբարձր ռեյտինգով կհավակնի, ինչպես հիմա, Ուկրաինայի նախագահի աթոռը զբաղեցնելուն: 

Լավ կյանքից չէր գլխավոր դատախազն անձամբ ու հինգ դատախազների ուղեկցությամբ մասնակցում Քոչարյանի դատին: Վերջինիս կալանավորելու մասին որոշումը դատավորները վախենում էին կայացնել, որովհետեւ գիտեին, որ այսօրվա տուրբուլենտ զարգացումների պայմաններում հերոսները կարող են դառնալ հակահերոսներ, իսկ հակահերոսները՝ հերոսներ, եւ նման վայրիվերումների պայմաններում սխալ դատական որոշումների համար հետագայում պատասխանատվության ենթարկվելու հավանականությունը շատ մեծ է: Եվ գլխավոր դատախազը ստիպված էր այդ «թաց գործին» անձամբ մասնակցելու իր  օրինակով «դուխ տալ» վախվորած դատավորներին:

- Մենք տեսանք, թե ինչ «ծանր տարան» ռուսները Խաչատուրովի կալանավորումը։ Հնարավո՞ր է, որ առջեւում նման տեսարան լինի նաեւ Քոչարյանի կալանավորման առումով։  

- Առաջիկայում մենք կտեսնենք, թե որքանով է Քոչարյանի  կալանավորումը պայմանավորված արցախյան հիմնահարցի լուծումն արագացնելու Մինսկի խմբի համանախագահների  մտադրություններով: Կարելի է Քոչարյանին ատել կամ չատել, բայց ուրանալ այն, որ հենց նա էր Արցախի ինքնապաշտպանության կոմիտեի նախագահը պատերազմի ամենածանր տարիներին, հնարավոր չէ: Պատմությունը հնարավոր չէ սրբագրել, չնայած այդպիսի փորձեր միշտ են արվել, քանզի բոլոր ժամանակների իշխանավորները լավ գիտեն Ջորջ Օրվելի կողմից մատնանշված հայտնի օրինաչափությունը՝ ով տնօրինում է ներկան, նա տնօրինում է անցյալը, իսկ ով տնօրինում է անցյալը, նա տնօրինում է ապագան: Քոչարյանը խորհրդանշական ֆիգուր է մեր ոչ վաղ անցյալից եւ չի կարող չհետաքրքրել բոլոր նրանց, ովքեր ձգտում են տնօրինել մեր ապագան՝ լինեն դրանք ամերիկացիներ, ռուսներ, անգլիացիներ, ֆրանսիացիներ, պարսիկներ, թուրքեր: Այսօր կան ուժեր, որոնք ձգտում են սեպ խրել հայության տարբեր հատվածների միջեւ եւ  հասնել մեր տարածաշրջանում իրենց աշխարհաքաղաքական շահերի իրացմանը՝ Բաքվին ու Անկարային սիրաշահելու, Թեհրանին ապակողմնորոշելու, Մոսկվային մեր դեմ տրամադրելու միջոցով: Ահա այս իրավիճակն է ինձ անհանգստացնում…