Ox, лукавит Лавров, ох, как лукавит Лавров

Ox, лукавит Лавров, ох, как лукавит Лавров

Հայաստանյան հասարակական-քաղաքական շրջանակները, փորձագետներն ու վերլուծաբանները կրկին փոթորկված են։ Հերթական փոթորիկն է տեղի ունեցել «մեկ բաժակ ջրում»։ Եվ այդ «փոթորկահույզ» վիճակի պատճառն այն է, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվա այցելած ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ բավական մռայլ գույներով է ներկայացրել ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ապագան։ Հիշեցնենք՝ հնչել էր հետեւյալ հարցը․ «Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը՝ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի առաջնայնության եւ հետագա գործունեության հետ։ Ե՞րբ կարելի է սպասել ակտիվացման»։ Այս հարցին նախարար Լավրովը պատասխանել էր․ «Չգիտեմ, թե հետագա ճակատագիրն ինչպիսին կլինի։ Այս խմբի ֆրանսիացի եւ ամերիկացի «գործընկերները», ռուսատյացության մոլուցքի մեջ, ձգտելով չեղարկել ամեն բան, որ կապված է Ռուսաստանի հետ, չեղարկել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի «եռյակին»։ Հայտարարել են, որ չեն հաղորդակցվելու մեզ հետ այդ ձեւաչափով։ Իրենց իրավունքն է։ Եթե պատրաստ են զոհաբերել Լեռնային Ղարաբաղի կարգավորման եւ, ընդհանրապես, Անդրկովկասի (տվյալ դեպքում՝ հայկական կողմի) շահերը, ապա դա նրանց ընտրությունն է։ Խոսքը ոչ միայն կոնկրետ այս հակամարտության մասին է։ Մնացյալ բոլոր ճգնաժամերն էլ, որ կան Երկրի վրա, նրանք դարձնում են պատանդ իրենց ռուսատյաց քաղաքականության ձեռքում։ Բոլորին ստիպում են դադարեցնել գործակցությունը բոլոր ձեւաչափերում՝ միայն այն բանի համար, որ ապացուցեն, որ ի վիճակի են միակողմանիորեն թելադրել իրենց կամքը։ Ես նման մոտեցումը համարում եմ անպատասխանատու։ Դա մեզ մեր ուղուց չի շեղի։ Ինչպեսեւ միշտ, ամբողջապես հավատարիմ ենք ղարաբաղյան իրավիճակի կարգավորմանն աջակցելուն, բոլոր պայմանավորվածությունների իրականացմանը, որոնք ձեռք են բերվել եռակողմ ձեւաչափում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ։ Եթե Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն որոշել են այլ կերպ վարվել, Աստված նրանց դատավոր»։ Թե այս հայտարարության մեջ ինչն էր այդքան «փոթորիկ» առաջացնող, թերեւս կիմանան «հուզվողները», սակայն իրականում կարելի է Լավրովին արձագանքել միայն մեկ նախադասությամբ․ «Ox, лукавит Лавров, ох, как лукавит Лавров»։ 
Իրականում, Լավրովի այս հայտարարությունը հերթական հակաարեւմտյան պոռթկումն է եւ ոչ ավելին։ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի բառապաշարով ասած՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն այն միակ մարմինն է, որը ղարաբաղյան կարգավորման հարցով զբաղվելու մանդատ ունի՝ վայելելով ԵԱՀԿ եւ ՄԱԿ «օրհնությունը», եւ որտեղ ներկայացված են ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամներից երեքը։ Այնպես որ՝ այդ մարմինը հենց այնպես ներկայիս հակառուսականության կամ նույնիսկ ռուսատյացության ալիքի վրա հնարավոր չէ չեղարկել, իսկ եթե անգամ հայտարարվում է այդ չեղարկման մասին, դա ավելին չէ, քան սոսկ լեզվակռիվը, թեկուզեւ այն պատճառով, որ ո՛չ ԵԱՀԿ-ն, ո՛չ ՄԱԿ-ը, ո՛չ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը, ո՛չ Մինսկի խումբը՝ իր ամբողջական կազմով, պաշտոնապես չի հայտարարել այդ մասին։ Այ, երբ այդ մասին կհայտարարվի, այն ժամանակ էլ հայաստանյան դաշտում գործող «խաղացողները» կարող են դեմքի խելացի արտահայտությամբ մտահոգվել, սակայն քանի դեռ չի հնչել պաշտոնական հայտարարություն այն մասին, որ Մինսկի խումբը լուծարվում է, խմբի գործունեության ողջ փաստաթղթային փաթեթն ի պահ է հանձնվում արխիվ, հաստիքակազմն էլ փակվում է եւ այլն, ուրեմն Մինսկի խումբը շարունակում է գոյությունը։ 
Հակառուսականության կամ ռուսատյացության ներկայիս ալիքն էլ կհանդարտվի, առճակատող բլոկներն ինչ-որ ձեւով իրար հետ լեզու կգտնեն, ի վերջո, ոչ մեկն այլ մոլորակ չի տեղափոխվելու, ամեն բան ինչ-որ իմաստով կընկնի հունի մեջ, ու այդ ժամանակ Մինսկի խումբն էլ կվերսկսի գործունեությունը։ Ի վերջո, ինչպես հայտնի խոսքում է ասվում՝ «չկան հավերժական բարեկամներ եւ հավերժական թշնամիներ, կան հավերժական շահեր»։  Իսկ եթե ղարաբաղյան հարցով Ռուսաստանն այլ «արիշ-վերիշների» մեջ է իր ռազմավարական դաշնակից Ադրբեջանի կամ «սրտի գործընկեր» Թուրքիայի հետ, դա արդեն այլ հարց է։ Ու այդ դեպքում ամենեւին կարիք չկա այդ ռեւերանսների հետեւանքները Ֆրանսիայի կամ Միացյալ Նահանգների «գրպանը գցելու» եւ չքմեղանալու։ Դեռ չենք անդրադառնում այն սենսացիոն բացահայտմանը, որը Լավրովն էր արել իր խոսքում՝ ըստ էության, հասկացնելով, թե Ֆրանսիան ու ԱՄՆ-ն Մինսկի խմբի եռանախագահությունում իբրեւ թե «սպասարկել են հայկական շահերը» եւ հիմա դավաճանելու են այդ շահերին։ Այստեղ տրամաբանական հարց է առաջանում՝ այդ դեպքում իրենք ո՞ւմ շահերն էին սպասարկել կամ սպասարկում մինչ այժմ։ Ամեն դեպքում, անաչառության չափանիշն իրենք չեն։ Ու թե երբվանից Ֆրանսիան ու ԱՄՆ-ն դարձան հայկական շահերի սպասարկու, թերեւս միայն Սերգեյ Վիկտորովիչը կիմանա։
ՀԳ. Ի դեպ, հայաստանյան փոթորկված հասարակական-քաղաքական շրջանակներին կարելի է խորհուրդ տալ՝ ավելի լավ ուսումնասիրել Թալեյրանի կյանքն ու գործունեությունը, նաեւ այն, թե որքան էր նա դիվանագիտության մեջ կարեւորում հանգստի համար նախատեսված բազմոցը (ոսկեղենիկ հայերենով ասած՝ «դիվանը»):