Պողոս Պողոսյանի սպանության գործով նոր հանգամանքներ կա՞ն, թե՞ չկան․ կողմերը տարբեր մեկնաբանություններ ունեն

Պողոս Պողոսյանի սպանության գործով նոր հանգամանքներ կա՞ն, թե՞ չկան․ կողմերը տարբեր մեկնաբանություններ ունեն

Վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել բավարարել դատախազության բողոքը և 2001թ. սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը «Առագաստ» սրճարանում կատարված Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ քրեական գործն ուղարկել է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նոր քննություն կատարելու համար։ 

Դատախազությունից տեղեկացնում են, որ ի հայտ են եկել այնպիսի նոր հանգամանքներ, որոնք կարող են ապացուցել, որ գործով դատապարտված անձը առերևույթ կատարել է ավելի ծանր հանցանք՝ սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում, քան այն, որի համար դատապարտվել է և որոնք առերևույթ վկայում են հանցանքի կատարմանը նաև այլ անձանց մասնակցության մասին:

Հիշեցնենք՝ Պողոս Պողոսյանի սպանության համար ՀՀ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Կուկու մականունով թիկնապահ Աղամալ Հարությունյանը դատապարտվել էր պայմանական ազատազրկման՝ հանցավոր անփութություն դրսևորելով անզգույշ սպանություն կատարելու համար։

Հարությունյանի պաշտպան Ռոբերտ Բեջանյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք բողոքարկելու են Վերաքննիչի որոշումը, սակայն դեռ այն չեն ստացել․ «Վերաքննիչը դեռ չի կարող ուղարկել առաջին ատյան, որովհետեւ գոյություն ունի Վճռաբեկ բողոք բերելու մեկամսյա ժամկետ։ Մենք պարտադիր բողոքարկելու ենք, բայց դեռ որոշումը չենք ստացել, որ տեսնենք՝ այդ ինչ հիմնավորումներ է գրել Վերաքննիչ դատարանը»։

Խոսելով երեւան եկած նոր հանգամանքներին մասին՝ պաշտպանն ասաց, որ դրա մասին կտեղեկանան, երբ ստանան դատական որոշումը․ «Հիմա մենք չգիտենք․․. Էնտեղ նոր երեւան եկած հանգամանք չկա, թե դատարանն ինչի՞ հիման վրա է որոշում կայացրել, մեզ համար անհասկանալի է։ Նյուտոնի դիմումում ընդհանրապես նոր երեւան  եկած հանգամանք չկա։ Դատախազությունը չի գրել, թե որ հանգամանքն է, որը երեւան է եկել։Մեզ համար այդ դիմումից պարզ է, որ նոր հանգամանք չկա, որ որեւէ մեկը դիտավորությամբ Պողոս Պողոսյանին մահ է պատճառել»։

Իսկ թե ի՞նչ կարծիք ունի որոշման վերաբերյալ նախկին թիկնապահը, Ռոբերտ Բեջանյանն ասաց, որ Հարությունյանը եւս գտել է, որ որեւէ նոր հանգամանք չկա։

«Ինչ-որ նյութեր, որ նախապատրաստվել են, եղել են դատապարտյալ Աղամալ Հարությունյանից գաղտնի, ինչը քրեական դատավարության օրենսգրքի կոպիտ խախտում է։ Ինքը տեղյակ չի եղել, իրեն չեն  ծանուցել, ոչ էլ հարցաքննել են։ Վերաքննիչ դատարանը մեզ ծանուցում է ուղարկել, որ արդեն իրենց մոտ նյութեր կան եւ իրենք վարույթ են հարուցել։ Վերաքննիչ դատարանն է բացահայտել այդ գաղտնիությունը դատախազության եւ քննչական մարմնի։ Աղամալ Հարությունյանն իրավունք ուներ իր կողմից առաջադրել հարցեր փորձաքննության կատարման հետ կապված, այդ բոլոր դատավարական իրավունքները խախտվել են»,-եզրափակեց Բեջանյանը։

Սպանված Պողոս Պողոսյանի եղբոր որդին ՝ Սամվել Պողոսյանն էլ մեզ փոխանցեց՝ հույս ունի, որ արդարությունը կբացահայտվի եւ արդար դատաքննություն կլինի, բոլոր մեղավորները կպատժվեն։

Պողոսյանը, խոսելով նոր երեւան եկած հանգամանքների մասին՝ նշեց․ «Նոր հանգամանքն այն  է, որ անզգույշ սպանության համար են դատապարտել մի հոգու, երբ 10 հոգով մարդ են սպանել։ Նո՞ր հանգամանք չի, որ մարդը վկայություն է տվել, որ 10 հոգով մարդու են ծեծել։ Բացի Նյուտոնից այլ մարդիկ էլ են վկայություններ տվել։ Բացի Աղամալ Հարությունյանից եղել են նաեւ իրենց աշխատակիցները՝ Ազգային անվտանգության, չգիտեմ անուններով։ Գուրգեն Արսենյանն է եղել էնտեղ, վկայություն է տվել, որ այնտեղ է եղել»։

Ըստ մեղադրանքի` ոգելից խմիչք օգտագործած վիճակում գտնվող Պ. Պողոսյանի ու Հարությունյանի միջև տեղի է ունեցել փոխադարձ քաշքշուկ, հասցվել են փոխադարձ հարվածներ, որոնց ընթացքում Պ. Պողոսյանը ընկել է, գլուխը հարվածել զուգարանի սալիկապատ հատակին և ստացած գանգուղեղային ծանր մարմնական վնասվածքից մահացել:

Այսինքն՝ ըստ մեղադրանքի՝ Աղամալ Հարությունյանը դրսևորել է հանցավոր անփութություն, որով կատարել է անզգույշ սպանություն: