Արցախում երկգլխանի իշխանություն է ձեւավորվել

Արցախում երկգլխանի իշխանություն է ձեւավորվել

Սամվել Բաբայանի քաղաքական նկրտումները հատել են տրամաբանության եւ օրինականության բոլոր սահմանները։ Արցախից ահազանգում են, որ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը «վլաստը» վերցրել է իր ձեռքը եւ փորձում է պետության մեջ պետություն կառուցել, նա մի քանի անգամ մեծացրել է ԱԱԽ աշխատակազմը, պետական ապարատում յուրայիններին է տեղավորել աշխատանքի եւ փորձում է Արայիկ Հարությունյանից ինքնուրույն «խաղալ»՝ փաստացի գտնվելով վերջինիս նախագահությամբ գործող կառույցի համակարգողի կարգավիճակում։ Պատահական չէ, որ հայաստանյան մամուլը սկսել է գրել, որ «Արայիկ Հարությունյանը Սամվել Բաբայանի մոտ նախագահ է աշխատում»։ 

Ստացած լիազորությունները Բաբայանին շարունակ քիչ են թվում, եւ նա վերջին շրջանում մտել է նաեւ տնտեսական եւ այլ դաշտեր։ Նա կարծում է, որ ցանկացած հարց ունի անվտանգային բաղադրիչ, ուստի իր կառույցը պետք է ներգրավված լինի բոլոր գործընթացներում։ Ասենք, օրինակ, կառուցապատման եւ շինթույլտվությունների ոլորտում է փորձում դերակատարում ստանձնել։ Նա կարծում է, որ ցանկացած կառուցապատում պետք է իրականացվի միայն ԱԱԽ խորհրդի «դաբրոյից» հետո։ Ավելին, որոշ նախարարներից հաշվետվություն է պահանջել՝ ասելով, որ իրենց կողմից կառավարվող ոլորտների համար պատասխանատու են իրեն։  

Փաստացի, Արցախում ձեւավորվել է երկիշխանություն կամ երկգլխանի իշխանություն, բայց հայտնի իրողություն է, որ մեկ կաթսայի մեջ երկու գլուխ չի կարող եփվել։ Նրանցից յուրաքանչյուրն իր ազդեցությունն է մեծացնում, որը տեղի է ունենում պետական հաստիքների մեծացմամբ։ Սամվել Բաբայանն արդեն գրեթե բոլոր նախարարություններում իր փոխնախարարներն ունի, շրջանների ղեկավարների տեղակալների ուղղությամբ է սկսել աշխատել, գրանցել է նաեւ առաջին հաջողությունը՝ Մարտունու շրջանում։ Արցախի զարգացմանն ուղղված ֆինանսները, ըստ էության, ուղղվում են պետական ապարատի ուռճացմանը, միայն այն բանի համար, որ Բաբայանի մարդկանց կարողանան պետական ապարատում աշխատանքի տեղավորել։ Հանուն արդարության պետք է նշել, որ Արայիկ Հարությունյանը հայտնվել է իր իսկ փորած փոսում։ Չունենալով խորհրդարանական մեծամասնություն՝ նա շանս ուներ համագործակցելու ավելի կանխատեսելի ուժերի հետ, ինչպիսիք էին դաշնակցականներն ու ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանի կուսակցությունը, բայց, ըստ երեւույթին, հայաստանյան իշխանություններին գոհացնելու նպատակով նախապատվությունը տվեց Բաբայանին, ում Նիկոլ Փաշինյանն էլ էր, հավանաբար, համարում ավելի կառավարելի, քան վերը նշված ուժերը։ Բայց «կամանդույուշչին» ուժեղ տեսակ է, նրան դժվար է հնազանդեցնելը, եւ Ղարաբաղում ու Հայաստանում սխալ հաշվարկներ էին արել։ Հիմա նա կամաց վերադառնում է 90-ականների իր կարգավիճակին, երբ թուրն աջուձախ կտրում էր, եւ ոչ մեկի չէր ենթարկվում։

Արցախյան մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ստեղծված իրավիճակը լրջորեն սկսել է անհանգստացնել նախագահ Հարությունյանին, մի քանի անգամ նա Հայաստանի ղեկավարության մոտ դժգոհել է Բաբայանի ամբիցիաների, գործողությունների թեմայով, բայց՝ ապարդյուն․ ՀՀ իշխանությունը չի միջամտելու, քանի դեռ Բաբայանն իրեն նեղություն չի պատճառում։ Սակայն Արայիկ Հարությունյանը հույսը չի կորցնում՝ նա որոշել է Բաբայանի ախորժակը զսպել հայաստանյան պաշտոնյաների օգնությամբ, մասնավորապես՝ Արցախում Հայաստանի ոչ պաշտոնական դեսպան կամ ՀՀ իշխանությունների դեսանտ՝ Հայաստանի ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի միջոցով։ Գրիգորյանն օրերս հերթական այցով Արցախում էր։

Ըստ տեղեկությունների, նա փորձել է Բաբայանին հասկացնել, որ չպիտի սահմանազանցի իր լիազորությունները եւ պետք է մնա այն շրջանակներում, որն իր համար նախատեսել են։ Այդ մասին ակնարկներ կան նաեւ Սամվել Բաբայանի ու Արայիկ Հարությունյանի հետ ունեցած առանձին հանդիպումներից հետո Արմեն Գրիգորյանի գրասենյակի տարածած հաղորդագրության տողատակերում։ Մասնավորապես ասվում է․ «Հանդիպել եմ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Քննարկել ենք ռազմավարական ենթակառուցվածքների զարգացմանը, անվտանգության ինստիտուտների ներդաշնակեցմանը, տարածաշրջանային իրադարձությունների, ինչպես նաեւ անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հանդիպում եմ ունեցել նաեւ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հետ, քննարկել ենք փոխգործակցության եւ անվտանգային հիմնական ուղղություններին վերաբերող հարցեր»։ 

Հաղորդագրությունից կարելի է եզրակացնել, որ Հայաստանի ԱԱԽ-ն այլ գործառույթ ունի, Արցախինը՝ այլ, ուստի քննարկվել է «ինստիտուտների ներդաշնակեցման» հարցը, իսկ եթե բացենք տողատակերը, կնշանակի՝ անելու են այնպես, որ Բաբայանը մնա այն լիազորությունների շրջանակում, ինչ Արմեն Գրիգորյանն ունի Հայաստանում, եւ երկու կառույցների աշխատանքները պետք է սինխրոնիզացվեն։ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանին խնդրեցինք մեկնաբանել՝ ինչ հասկանալ «ինստիտուտների ներդաշնակեցում» արտահայտության տակ։ «Դա նշանակում  է, որ այն բոլոր ծրագրերը, որոնք երկու մարմինների ուշադրության կենտրոնում են, դրանք իրականացվեն համաձայնեցված ձեւով, մոտեցումները լինեն համահունչ»,- ասաց խոսնակը՝ հավելյալ հաստատելով մեր տեղեկությունների ճշմարտացիությունը։

Նկատեցինք՝ ճի՞շտ է, որ Ս․ Բաբայանը գերազանցում է լիազորությունները, եւ հենց դրա արդյունքում է առաջացել համաձայնեցված գործելու մասին համաձայնություն ձեռք բերելու անհրաժեշտությունը։ Բնականաբար, խոսնակը չհամաձայնեց մեր նկատառումների հետ։