Խելքից պատուհասը

Խելքից պատուհասը

Ոմն Իլգար Նիֆթալիեւի խելքին փչել է գրել Բաքվի հայ բնակչության ծագումնաբանության մասին՝ որպես հակակշիռ այդ թեմայով հայ ուսումնասիրողների հրապարակումների: Ադրբեջանցի հեղինակի նպատակն է ցույց տալ, որ Բաքուն վաղնջական ժամանակներից եղել է մաքուր ադրբեջանական քաղաք, որտեղ այլազգիներ հայտնվել են միայն ցարական իշխանության դարաշրջանում:

Բայց ինչպես միշտ է նման դեպքերում պատահում ադրբեջանական քարոզչության հետ, ստացվել է լրիվ հակառակ պատկերը: Նիֆթալիեւը, մասնավորապես, գրում է, որ Բաքվում եւ հարակից տարածքներում հայ բնակչության հաստատումը պայմանավորված է Ռուսաստանի Պետրոս 1-ին կայսեր1724թ. հրովարտակով՝ ուղղված Եսայի կաթողիկոսին, բոլոր յուզբաշիներին եւ ամենայն Հայ ժողովրդին: Խոսքը Գանձասարի Եսայի կաթողիկոսի եւ Արցախի մելիքների մասին է, որոնց Պետրոս կայսրն առաջարկել է թողնել իրենց պապենական հողերը եւ վերաբնակվել Կասպից ծովի առափնյակի այն տարածքներում, որոնք ազատագրվել էին Պարսկաստանի տիրապետությունից: Պատմական այս փաստը հիշատակելով՝ Նիֆթալիեւը ծանր տապանաքար է դնում ադրբեջանական քարոզչության վրա, որը պնդում է, որ Թուրքմենչայի 1828թ. պայմանագրի շնորհիվ է, որ Հարավային Կովկասում տեղի է ունեցել հայերի զանգվածային ներգաղթ:

Ըստ ադրբեջանական պատմագրության՝ մինչ այդ Հարավային Կովկասում հայեր չեն բնակվել: Պետրոս 1-ինի հրովարտակը, մինչդեռ, արձակվել է Թուրքմենչայի պայմանագրից ավելի քան մեկ դար առաջ եւ վկայում է, որ ռուսական կառավարությունը մտադիր է եղել մասնավորապես Արցախի հայությանը տեղափոխել մերձկասպյան տարածքներ: Այնուհետեւ Նիֆթալիեւն անդրադառնում է 1807թ. ռուս պաշտոնյաներից մեկի զեկուցակագրին, որտեղ Բաքվի բնակչության մասին առաջին վիճակագրական տեղեկություններ կան: Ըստ այդմ, քաղաքի բերդում բնակվում էր 905 ընտանիք կամ 4570 շունչ, որից 861 ընտանիք կամ 4341 շունչը՝ պարսիկներ,  34 ընտանիք կամ 161շունչը՝ հայեր 10 ընտանիք կամ  66 շունչը՝ հրեաներ: Ադրբեջանցիների մասին՝ ոչ մի խոսք: Բայց ներօրյա ադրբեջանցի պատմաբանը գտնում է, որ ռուս պաշտոնյան պարսիկ ասելով նկատի է ունեցել ադրբեջանցիներին: 

Թե ինչու՞ պիտի ռուս պաշտոնյան պարսիկներին թուրք-թաթարներից չկարողանար տարբերել՝ մնում է գաղտնիք: Բայց ուշագրավ է, որ ադրբեջանցի ուսումնասիրողն արձանագրում է, որ Բաքվում հայեր ապրել նաեւ պարսկական տիրապետության դարաշրջանում եւ դրանով իսկ կասկածի տակ դնում իր իսկ հրապարակման քարոզչական ուղղվածությունը: Զարմանալի է, որ ամեն անգամ բախվելով պատմական անառարկելի փաստերի եւ չկարողանալով շրջանցել դրանք՝ ադրբեջանցի ուսումնասիրողներն, այնուամենայնիվ, չեն դադարում շահարկել թեման: Երեւի պետական պատվեր են կատարում: