Պոպուլիզմը շատ վարակիչ հիվանդություն է, պարոն Բաբայան

Պոպուլիզմը շատ վարակիչ հիվանդություն է, պարոն Բաբայան

Կիրակի օրը Հանրային հեռուստաընկերությանը հյուրընկալված Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը աղմկահարույց հայտարարություններ արեց։ Մասնավորապես, որ կան հայ գեներալի ուսադիրներով թուրքական հետախույզներ, որ հայկական բանակը ոչ թե «պատերազմի, այլ ոչ մի բանի պատրաստ չի եղել», «վառելիքը, ուտելիքը դուրս ա գրվել» եւ այլն։

Օնիկ Գասպարյանն էլ եթե պատերազմի 4-րդ օրն ասել է, որ պետք է կանգնեցել պատերազմը՝ մտքում է ասել։ Ըստ Բաբայանի, ԳՇ նախկին շտաբի պետերի մեղքն է, որ «մենք թղթի վրա ենք մոբ ունեցել»։ Սամվել Բաբայանը հերքեց արցախյան գեներալների հայտարարությունները, որ պատրաստ են եղել մասնակցելու պատերազմին, բայց քաղաքական ղեկավարությունը թույլ չի տվել։ Ասաց, որ թույլ տվող-չտվողը «Ջալալն է եղել»։ Լելե Թեփեի օպերացիա չի եղել, ոչ թե բարձունքը, այլ ճանապարհը գրավելու խնդիր է դրված եղել, իր կողմից։ Առաջին փորձի ժամանակ ընդամենը 2 զոհ է եղել, որ «Օնիկն ու Ջալալը» համաձայն են եղել, եւ երրորդ փորձի ժամանակ բոլորն են համաձայն եղել, բայց հրամանատարները հրամանը չեն կատարել։ Մինչդեռ նախկիններն իրար «պաս տալով»՝ 700-800 զոհի մասին են խոսում։ 

Բաբայանի հայտարարությունների վերաբերյալ զրուցեցինք ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ։ «Հակառակորդի հարվածային ուղղությունը, որտեղ 3 ուղղություններով իրենք տանում էին, երկուսում մենք կասեցրել ենք․ հյուսիսային՝ Մարտակերտի ուղղությամբ եղել է որոշակի առաջխաղացում, բայց կասեցվել է, եւ երկրորդ՝ կենտրոնական ու ամենահավանական ուղղությունը, որտեղ 2016-ին 2 թեւերով հարձակվեցին, ու էդտեղ եւս կասցվել է։ Որտե՞ղ չենք կարողացել՝ ձախողել ենք, Ջեբրայիլի ուղղությունն է։ Եվ էդտեղից իրենք կարողացել են Արաքսի հովտով իջնել։ Հիմա եթե ինքն ասում է, որ բանակ չենք ունեցել․․․ ես զարմանում եմ, որովհետեւ ինքն իրազեկ անձնավորություն է․․․ հավանաբար, մոռացել է։ Երեւի հիշողության հետ խնդիրներ կան, որ այսօրվա իշխանությունները, ներառյալ՝ Արցախի, վերջին 2․5 տարվա ու մեր բանակի վերաբերյալ գրում էին քառատողեր, երգ-երաժշտություն, թե ինչպիսի փառապանծ բանակ են ստեղծել, նախկիններն ավերել են, իրենք նորն են ստեղծել։ Հիմա Սամվել Բաբայանն ասում է՝ չկար բանակ, բա եթե չկար բանակ, ապա ո՞նց այն կասեցրեց հյուսիսային ուղղությամբ, կենտրոնական ուղղությամբ ընդհանրապես առաջխաղացում չեղավ»,- հարցնում է փորձագետը։ Իսկ նոր ու փառապանծ բանակի նրա մեջբերումները Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանից եւ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանից են։ ԱՀ նախագահը 2020-ին հայտարարեց, թե Արցախի երկինքն այնպես պաշտպանված չի եղել, ինչպես հիմա։

Ըստ Նահապետյանի՝ մեր պարտության հիմնական պատճառը եղել է այն, որ թշնամին երկնքում ունեցել է «100 տոկոսանոց իշխանություն», երբ մեր ՀՕՊ համակարգերի մի մասը դեռ պատերազմի 3-4-րդ օրը խոցվել է ԱԹՍ-ներից։ Իսկ մյուս հղումը ներկայիս պաշտպանության նախարար, նախկինում Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանինն է, որը, ըստ ռազմական փորձագետի, 2016 թվականին ասում էր, որ եթե Ադրբեջանը մեր դեմ պատերազմ սկսի, մենք նրա տնտեսությանը կործանիչ հարված կհասցնենք։ Ամենայն հավանականությամբ, նկատի է ունեցել ադրբեջանական նավթամուղերն ու գազամուղերը, Բաքու քաղաքը, ջրամբարները եւ ՀԷԿ-երը։ «Ո՞ւր են այդ հարվածները, ի՞նչ եղան։ Որեւիցե մի տեղ հարված չեղավ»,- ասում է Նահապետյանը։

Նա, որպես Սամվել Բաբայանի հայտարարությունների ամփոփում, ասում է՝ պոպուլիզմը շատ վարակիչ հիվանդություն է, որով վարակվել է նաեւ Բաբայանը։ Հայկ Նահապետյանը ցավում է, որ արցախյան ազատամարտում մեծ ավանդ ունեցող հրամանատարն է մտնում «նախընտրական շոուների մեջ»։ «Եթե այն հրամանատարները, որոնք հոկտեմբերի 11-ին հրաման չեն կատարել՝ Հորադիզմի ճանապարհը փակելով, ինչո՞ւ է դրա մասին ասվում հիմա։ Գոնե պատերազմի ժամանակ՝ դա առավելագույն պատիժ ու քննություն է։ 5 ամիս անցել է, ո՞ւր է այդ ամեն ինչը, ո՞ւր է ԱԺ-ում համապատասխան քննիչ հանձնաժողովը։ Ապրիլյանի համար արագ ստեղծեցին, քանի որ բան չկար, ինչո՞ւ մինչեւ հիմա չեն ստեղծում»։

Նահապետյանի խոսքով՝ պարտությունը ոչ թե ռազմական, այլ առաջին հերթին ռազմաքաղաքական ղեկավարությանն է։ «Ցավոք, ռազմական ոլորտից դիլետանտ ամուսիններն ու իրենց հովանավորյալները հաճախ ազդել են ռազմական գրեթե բոլոր որոշումների վրա»։