Լոս Անջելեսում խառն է ու լարված, հայերից ոմանք անգամ զինվում են

Լոս Անջելեսում խառն է ու լարված, հայերից ոմանք անգամ զինվում են

ԱՄՆ-ում թափ առած եւ դեպի հին մայրցաքամաք՝ Եվրոպա, իր շոշափուկները տարածող black lives matter շարժումն աշխարհում իր մեծությամբ երկրորդ հայկական սփյուռքին՝ Կալիֆորնիայի հայ համայնքին էլ է դիպել։ Համայնքում տիրող տրամադրությունների մասին զրուցել ենք լրագրող Արթուր Սահակյանի հետ։

- Ի՞նչ տրամադրություններ կան համայնքում, կարծես թե տեղի հայերից շատերը, հատկապես երիտասարդ սերունդը, ներգրավված է սեւամորթների իրավունքների համար պայքարում։ 

- Իմ տպավորությամբ՝ բարձրացած այս ալիքը որեւէ կապ չունի ռասայական խտրականության, ռասիզմի հետ, որը, լինենք անկեղծ, կա ամենուր։ Բայց խնդիրը սա չէ, այլ նոյեմբերին սպասվելիք նախագահական ընտրությունները։ Նախագահ Թրամփը կարողացավ իր նախագահության 4 տարիների ընթացքում ե՛ւ տնտեսությունը զարգացնել, ե՛ւ աշխատատեղերն ավելացնել։ Ի դեպ, նրա նախագահության օրոք սեւամորթ համայնքում գործազրկության տոկոսը պատմականորեն ամենացածրն է․ նման բան չի հաջողվել անել ԱՄՆ եւ ոչ մի նախագահի, անգամ՝ Օբամային։ Թրամփը սա արել է։ Եվ չլինելով ռասիստ՝ այս պահին նա թիրախավորվել է որպես այդպիսին, եւ նրան փորձում են հեռացնել՝ այս շարժումն օգտագործելով։ Նմանատիպ դեպքեր լինում են ոչ միայն սեւամորթների հետ, այլեւ՝ բոլորի։ Ավելին, կա վիճակագրություն, ըստ որի՝ ոստիկանների նմանատիպ բռնություններին ամենաշատը զոհ են գնում սպիտակները, բայց երբեք որեւէ մեկը ցույց չի անում։ Հատկապես շատ են տուժում լատինաամերիկյան համայնքի քաղաքացիները։ Բայց դարձյալ ցույցեր չկան եւ առավել եւս՝ լուսաբանում։ Ասեմ, որ սա պարզապես լավ առիթ էր՝ ողջ Ամերիկայով մեկ նման շարժում սկսելու, որն իր հերթին է ուղեկցվում բռնություններով ու թալանով։ Իսկ կազմակերպությունները, որոնք առաջնորդում են շարժումը, հենց իրենք ֆաշիստական գործողություններ են իրականացնում։ Վաշինգտոնում, օրինակ՝ Սիեթլում, ցուցարարները գրավել էին մի քանի թաղամաս եւ այնտեղ հաստատել ինքնավարություն։ Ոստիկանությունը չէր խառնվում, քաղաքային իշխանությունները չէին խառնվում, եւ քանի որ նահանգը դեմոկրատական է, սա անգամ ողջունվում էր։

Եվ, առհասարակ, ողջ ԱՄՆ-ով մեկ դեմոկրատական լիդերներն այս ամենում կրիմինալ չեն տեսնում։ Սա դեմոկրատների կողմից կեղծավորություն է, եւ խնդիրը, իրականում, քաղաքական է, ոչ ռասայական։ Հիմա էլ բարձրաձայնում են ոստիկանության բյուջեն կրճատելու հարցը։ Օրինակ՝ Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը նման օրինագիծ է շրջանառության դրել, որ 10 տոկոսով կրճատվի ոստիկանության բյուջեն, եւ սահմանափակվեն լիազորությունները։ Անգամ խոսվում է այն մասին, որ ոստիկանական որոշ ֆունկցիաներ տրվեն սոցիալական աշխատողներին։ Սա աբսուրդ է։ Մեկը հարձակվում է տանդ վրա, պետք է զանգես սոցիալական աշխատողին։ Այն, ինչ տեղի է ունենում Միացյալ Նահանգներում, կարելի է վերնագրել այսպես․ «Պատերազմ պատրիոտիզմի եւ գլոբալիզմի միջեւ՝ նախագահական ընտրություններից առաջ»։ Ուզենք, թե չուզենք, Դոնալդ Թրամփն այսօր խորհրդանշում է ամերիկյան պատրիոտիզմը, իսկ Սորոսն ու Բիլ Գեյթսը՝ գլոբալիզմը։ Այս պատերազմում սեւամորթների ինքնապաշտպանական էմոցիաներից բացի, օգտագործվող 2-րդ շատ կարեւոր գործոնը կորոնավիրուսն է, որի դեպքում եւս երկակի ստանդարտներ են։

Հասարակ մի օրինակ․ գլոբալիստների համար եկեղեցի ու դպրոց գնալը հակաօրինական է, այն կարող է «կյանքեր խլել», բայց, ահա՝ տասնյակ հազարներով անհնազանդության ակցիաներին մասնակցելը, եկեղեցիներն ու պատմական հուշարձանները քանդելն ու ավերելը, ամերիկյան դրոշն այրելը, պետական հիմնը չհարգելը, բիզնեսները թալանելը՝ հերոսություն։ 2 օր առաջ Սան Ֆրանցիսկոյում էի, մեքենայիս դիմաց դուրս եկավ քայլարշավ, որին մասնակցում էր մի քանի տասնյակ հազար մարդ։ Մեծամասնությունը դիմակ չէր կրում, ուս-ուսի տված՝ քայլում էին, իսկ ոմանք՝ սեւամորթ տղամարդիկ, պարզապես տկլոր էին։
Կամ՝ պատմական արձանները ջարդուփշուր անելը։ Նույնիսկ սեւամորթներին ստրկությունից ազատած Լինքոլնի արձանը, այսօր կարդացի, որ Վիսկոնտին նահանգում կոչ են անում հեռացնել, քանի որ նա «ռասիստ է»։ Ճանաչում էի Շոն Քինգ անունով մի բլոգերի, վերջերս գրել է, որ սպիտակամորթ Քրիստոսի արձանը պետք է վերացնել, որովհետեւ դա էլ է ռասիզմի դրսեւորում։ Կոչ են անում դասական երաժշտություն չլսել, որովհետեւ դա սպիտակների երաժշտություն է, Շեքսպիր չկարդալ։

Ինչեւէ, այս ամենը Ամերիկան քաոսի վերածելու փորձ է, փորձ, որից կօգտվեն դեմոկրատները։ Պատահական չէ, որ ԱՄՆ-ում ողջ Mainstream մեդիան դեմոկրատների ձեռքում է․ հեռուստատեսություններ, թերթեր, որոնք 99 տոկոսով լիբերալ, գլոբալիստական պրոպագանդա են տանում։ Եվ ըստ ամերիկյան մամուլի՝ այս շարժման հովանավորներից մեկը Ջորջ Սորոսն է։ Իսկ Բիլ Գեյթսի ընկերություններից մեկը մատակարարում էր այն աղյուսները, որոնք փշրում էին խանութների ցուցափեղկերը։

Հիմա՝ հայ համայնքի մասին։ Չէի ասի, որ շատ ներգրավված է։ Մյուս կողմից, հայերն ավանդաբար պահպանողական ազգ են։ Հետեւաբար՝ մեծավմասամբ դեմ են։ Ավելի շատ հայկական լիբերալ ուղղվածության մի շարք կազմակերպություններ են իրենց զորակցությունը հայտնում black lives matter շարժմանը։ Թե ինչ պատճառով, իմ անձնական կարծիքով՝ դա իրենց համար բիզնես է․ գրանտներ են ստանում, ֆինանսավորում են ստանում դեմոկրատներից եւ դրա դիմաց ողջունում են ու աջակցում։ Նույնիսկ այստեղ՝ Գլենդելում հանրահավաք եղավ, որին հայեր էլ էին մասնակցում։ Ավելին, նույնիսկ այն օրերին, երբ Լոս Անջելեսը ջարդուփշուր էր արվում, հայտնվեց մի սեւամորթ, որը սոցիալական ցանցերում հայտարարում էր, որ հայերն իրեն ծեծել են, հայերը ռասիստ են, եւ տալիս էր հայկական բիզնեսի հասցեն ու կոչ էր անում, որպեսզի բոլորը գնան այդ բիզնեսի վրա․ ցավոք, գտնվեցին հայեր, որոնք այդ կոչը տարածում էին։
Պարզվեց, որ դրանք նույն այդ սորոսական ֆոնդերից սնվող մարդիկ են։ Անուններ չեմ ուզում տալ, եւ նույնիսկ ազգային կոչվող կառույցներ կան, նորից՝ անուններ չեմ տա, որոնք մասնակից են դառնում այդ գլոբալիստական օրակարգերին։ Եվ ինձ համար ուղղակի անհասկանալի է, թե ինչպես կարող են նրանց մոտ համադրվել գլոբալիզմն ու ազգայինը։ Եվ այս առնչությամբ ուզում եմ ասել․ պարոնա՛յք, կողմնորոշվեք՝ դուք կա՛մ ազգային եք, կա՛մ գլոբալիստ։ Որովհետեւ ազգայինն ու գլոբալիզմը հակոտնյաներ են, եւ գլոբալիզմի թիրախներից մեկն էլ հենց ազգային արմատներից մեկն է։ Գլոբալիստներն ասում են՝ դուք անհատներ եք, գլոբալ քաղաքացիներ։

- Գլենդելի հայերից ոմանք ռուս համայնքի հետ միասին մասնակցում էին ոստիկանությանը զորակցության ցույցերին։

- Քանի որ լրատվամիջոցների ու դեմոկրատական լիդերների կողմից հակաոստիկանական քարոզչություն է գնում, մի խումբ կանայք՝ հայ եւ ռուս, նման ակցիա իրականացրին, փուչիկներով ու ծաղիկներով գնացին ոստիկանության շենքի մոտ եւ շնորհակալություն հայտնեցին։ Բայց ասեմ, որ նման ակցիաներն արդեն շատ վտանգավոր են, քանի որ կարող ես հայտնվել իբրեւ թե ի պաշտպանություն սեւամորթների շարժման թիրախում։ Այստեղ շատ փխրուն իրավիճակ է, որ եթե այսպես երկար շարունակվի, այն էլ այս «լոքդաունի պայմաններում», երբ մարդկանց ներվային համակարգը ծայրահեղ լարված է, սա ոչ մի լավ տեղ չի տանելու։ Եվ եթե Թրամփի կողմնակիցները՝ միջին դասը, որի շնորհիվ 2016-ին կարողացավ ջարդել deep state-ի «իսթեբլիշմենթը» եւ ընտրվել նախագահ՝ ի հեճուկս Քլինթոնների, որոնք deep state-ի կարկառուն ներկայացուցիչներ են, արթնացան ու դուրս եկան փողոց, սա դառնալու է քաղաքացիական պատերազմ։ Նման մի դեպք եղավ «Հանինգտոն բիչում», երբ բարիկադների մի կողմում քաղաքի բնակիչներն էին, մյուս կողմում՝ շարժման ակտիվիստները, ոստիկանությունն էլ՝ մեջտեղում։ Իսկ բնակիչները դուրս էին եկել ոստիկաններին պաշտպանելու համար։ Եվս մի վկայություն նրա, որ Ֆլոյդի սպանությունն ընդամենը առիթ էր։ Շատերը չգիտեն, որ ոստիկանն ու Ֆլոյդն աշխատել են նույն հիմնարկում։ Այսինքն՝ այդտեղ կարող էր լինել նաեւ անձնական խնդիր, ոչ թե ռասայական։ Եվ, թերեւս, շատերը գիտեն, որ Ֆլոյդը, ով հիմա դեմոկրատների կուռքն է, ում առաջ խոնարհվում ու ծնկի են գալիս, հանրահայտ քրեական է, որը մի անգամ էլ բանտում հայտնվել է սեւամորթ կնոջը զենքով պատանդ պահելու համար։ Եվ կարող եմ ասել, որ նույնիսկ սեւամորթ համայնքն այս հարցում կիսված է։ Պահպանողական սեւամորթներն այսօր աջակցում են Թրամփին։

- Նաեւ լսել եմ, որ շատերը, այդ քաոսից վախենալով, գնում ու զենք են գնում՝ իրենց անձնական անվտանգության համար։

- Ես էլ մի քանի օր առաջ գնացել ու զենք եմ առել, որովհետեւ մանավանդ այս պայմաններում, երբ մի կողմից կորոնավիրուսային «լոքդաուն» է, իսկ ոստիկանությունն էլ զբաղված է այդ հանրահավաքներով, շատերն առիթից օգտվում են, եւ հնարավոր են թալան ու հարձակումներ։ Դեռեւս առաջին ալիքի ժամանակ զենքի խանութների դիմաց նկատել էի հերթեր։ Հիմա դրանք դարձյալ կան։ Ի դեպ, երբ գնացի խանութ, զարմանքով տեսա, որ զենքի քիչ տեսականի էր մնացել։

- Իսկ կորոնավիրուսի հետ կապված ի՞նչ վիճակ է, կարդացի Կարո Եղնուկյանին, որը գրել էր, որ Լոսում ինտենսիվ թերապիայի 150 մահճակալ է մնացել։

- Կարծեմ՝ «Ազատություն» ռադիոկայանն էլ էր նման տեղեկություն տարածել, որը սուտ է, նման բան չկա։ Չեմ ասում՝ հիվանդանոցները լրիվ դատարկ են, կան հիվանդներ, բայց ոչ այն չափով, որ ներկայացվում է։ Հիշում եմ՝ ապրիլ ամսին այստեղ բերվեց 1000 տեղանոց նավ, որը պետք է ծառայեր որպես հիվանդանոց։ Հետո իմացանք, որ այդ նավը գնացել է։ Հիմա ասում են՝ նորից է գալու։ Ինքս այստեղ ինչ-որ արհեստական թվանկարչություն եմ տեսնում ու քաղաքական խնդիր։ Նրանում, որ վարակն իրական է, ոչ ոք կասկած չունի, բայց ինչ վերաբերում է թվերին, մանիպուլյացիաները շատ են, հատկապես՝ մահերի։ Կարդացի, օրինակ, որ միայն մեկ օրում Նյու Յորքում 3 հազար 700 մարդու համար առանց թեստի գրել էին՝ մահացել է կորոնավիրուսից։ Հավելեմ, որ ապահովագրական ընկերությունները Covid-19-ով հիվանդների համար վճարում են 20 տոկոսով ավելի շատ, քան սովորական հիվանդներին։ Իսկ եթե միացված են թոքերի արհեստական շնչառության ապարատները, ապա հիվանդանոցը մոտ 39 հազար դոլար է ստանում 1 հիվանդի համար։