«Հրապարակ». Իշխանությունը միայն միությունների շենքերով չի բավարարվի

«Հրապարակ». Իշխանությունը միայն միությունների շենքերով չի բավարարվի

Ինչպես հայտնի է, իշխանությունը, ի դեմս ՀՀ գլխավոր դատախազության, որոշել է պետականացնել գրողների եւ նկարիչների միությունների շենքերը, իսկ որպես հիմնավորում, հղում է անում «Հայաստանի Հանրապետության պետական սեփականության մասին» 1990 թվականի սեպտեմբերի 10-ի օրենքի 1-ին կետին, որը սահմանել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր պետական ձեռնարկությունների, միավորումների, հիմնարկների եւ կազմակերպությունների ունեցվածքը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է: Ըստ դատախազության՝ հենց այդ օրենքի հիման վրա էլ Հայաստանի նկարիչների միությունն ու նրա գույքը դարձել են պետական սեփականություն: Մինչդեռ երկու միություններն էլ ստեղծման օրվանից չեն եղել պետական կառույց, այլ հանդիսացել են հասարակական կազմակերպություններ։

Բայց նրանց տնօրինած շենքերն նրանց տրամադրության տակ են անհիշելի ժամանակներից, եւ այդ շենքերի վրա նաեւ միություններն են ներդրումներ արել` նորոգել, վերակառուցել: Իշխանությունը նաեւ հայտարարում է, որ չի պատրաստվում միություններին հանել այս շենքերից, այլ թույլ կտա, որ նրանք գործունեություն ծավալեն այստեղ, բայց շենքերը կպատկանեն պետությանը, ինչից կարելի է ենթադրել, որ շենքերի շահագործումը կփոխանցվի պետական որեւէ կառույցի, եւ այդ կառույցը վարձակալության կհանձնի եւ եկամուտներ կստանա շենքերից: Մինչդեռ այդ վարձակալության գումարներից այսօր միությունները որոշակի խնդիրներ են լուծում, ծախսեր կատարում, օրինակ` լրատվամիջոց են պահում կամ մրցանակներ են հանձնում, հոգում են միությունների որոշ անապահով անդամների կարիքները, անգամ երբեմն՝ թաղման ծախսերը:

Ինչպես տեղեկացանք, դատախազության ախորժակը միայն սրանով չի սահմանափակվելու։ Առաջիկայում պետականացման ենթակա ցուցակում շուրջ 125 ձեռնարկություններ, միավորումներ եւ կազմակերպություններ են ներառված, որոնք հաջորդաբար՝ նույն տրամաբանությամբ՝ 1990թ․ «Հայաստանի Հանրապետության պետական սեփականության մասին» օրենքին հղում անելով, ենթարկվելու են իշխանության պետականացման ծրագրին: Բայց որպեսզի շատ մեծ աղմուկ չլինի, դա միանգամից չի արվելու՝ քայլ առ քայլ։ Այնպես, ինչպես մեր հողերն են հանձնում թշնամուն` տարածք առ տարածք, որ մեկը մարսվի, նոր հաջորդը տան: