Ի՞նչ անել, որ Ալիեւին չհաջողվի Սյունիքի օկուպացիան ներկայացնել որպես արդարության վերականգնում

Ի՞նչ անել, որ Ալիեւին չհաջողվի Սյունիքի օկուպացիան ներկայացնել որպես արդարության վերականգնում

Գաղտնիք չէ, որ Ալիեւը ցանկանում է ստանալ Զանգեզուրի միջանցքը եւ հանրությանը նախապես ներկայացնում է այդ նկրտումն արդարացնող «փաստարկներ»: Արցախի պարագայում նրան դա հաջողվեց, եւ աշխարհը համարեց, որ Բաքուն վերականգնում է արդարությունը: Հաջողվեց, որովհետեւ ՀՀ իշխանությունները չարձագանքեցին Բաքվի պրոպագանդային, չներկայացրին մեր հակափաստարկները:

Սեպտեմբերի 18-ից Նյու Յորք կժամանեն աշխարհի պետությունների, կառավարությունների եւ արտաքին գերատեսչությունների ղեկավարները՝ մասնակցելու ՄԱԿ-ի վեհաժողովի 78-րդ նստաշրջանի քաղաքական քննարկումներին: Կարծում ենք՝ դրանց կմասնակցի եւ ելույթով հանդես կգա նաեւ ՀՀ վարչապետը, որը, իհարկե, կշեշտի, որ Հայաստանը ցանկանում է խաղաղություն եւ չունի տարածքային պահանջներ Ադրբեջանից:  

Նրա վերջին գործողությունները փոքր հույս են ներշնչում, որ այս անգամ նա չի բավարարվի այդքանով, չի շարունակի վերջին 100 տարվա Հայաստանի ղեկավարների սխալը եւ ՄԱԿ-ի հեղինակավոր ամբիոնից վերջապես կասի նաեւ, թե ինչն է ղարաբաղյան հակամարտության իրական պատճառը: Որ այն ոչ թե ծագել է ԽՍՀՄ փլուզման հետեւանքով, այլ հետեւանքն է 1920 թվականին տեղի ունեցած Լենին-Աթաթուրք դավադիր գործարքի, ըստ որի՝ բոլշեւիկյան Ռուսաստանի եւ քեմալական Թուրքիայի ղեկավարները որոշել են հարձակվել, օկուպացնել եւ անեքսիայի ենթարկել երրորդ երկրի՝ Հայաստանի առաջին հանրապետության տարածքը: 

Նրանք այդպես էլ արել են՝ ներգրավելով նաեւ երրորդ հանցակցին՝ սովետականացված Ադրբեջանին: Որը Հայաստանի առաջին հանրապետության  տարածքի օկուպացիային մասնակցելու համար ստացել է Նախիջեւանը եւ Ղարաբաղը: Ընդ որում՝ Ղարաբաղի տարածքը ԼՂԻՄ տարածքից շատ ավելի մեծ է:    

Ինչպես Հոլոքոստն էր իրականացվել Հայոց ցեղասպանության օրինակով, այնպես էլ Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը՝ Լենին-Աթաթուրք սխեմայով: Մենք լռում ենք, չենք ասում ճշմարտությունը, իսկ Ալիեւը չի լռում եւ բարձրաձայնում է Լենին-Աթաթուրք գործարքի անկատար մնացած կետի մասին՝ չնշելով դրա աղբյուրը: Այդ կետով Ադրբեջանին խոստացվել էր հանձնել նաեւ Զանգեզուրը, ինչը տեղի չունեցավ Նժդեհի եւ սյունեցիների հերոսական պայքարի եւ Աթաթուրքի՝ հետագայում Լենինին եւ Ստալինին խաբելու պատճառով: Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը խոստացել էր համաշխարհային հեղափոխությունը տարածել Արեւելքում, բայց ոչ միայն չտարածեց, այլեւ արեց հակառակը՝ ոչնչացրեց Թուրքիայի կոմկուսը: 

Բաքուն, որպեսզի արդարացնի իր տարածքային նկրտումները ՀՀ նկատմամբ, վկայակոչում է նաեւ 1700-ականների դեմոգրաֆիական տվյալները` չասելով, որ մինչ այդ՝ 1604 թվականին, այսօրվա Հայաստանի եւ Նախիջեւանի տարածքներից Շահ Աբասի կողմից իրականացվել էր հայ բնակչության դեպորտացիա: Եվ որ ժողովրդագրական այդ տվյալներում նշված մահմեդականները եղել են Պարսկաստանի, այլ ոչ թե Ադրբեջանի քաղաքացիներ, որն այն ժամանակ գոյություն չի ունեցել, քանի որ ստեղծվել է 1918 թվականին:  

Աշխարհի հանրությունն իրավունք ունի իմանալու ճշմարտությունն այս 100 տարի ձգվող հակամարտության մասին: Եթե իմանար, չէր կարծի, թե Հայաստանն է ագրեսորը, իսկ Ադրբեջանը 44-օրյա պատերազմով վերականգնում է արդարությունը: Մենք լռում ենք, չենք ասում ճշմարտությունը, Բաքուն չի լռում, տարիներ շարունակ բոլոր հնարավոր միջոցներով եւ տեղերում այնքան է բարձրաձայնել իր սուտը, որ աշխարհն այն ընկալել է որպես ճշմարտություն: Եթե շարունակենք լռել, Ալիեւի կողմից նախատեսվող Զանգեզուրի օկուպացիան նույնպես կընկալվի որպես արդարության վերականգնում:  

Ի դեպ, եթե Շահ Աբասի կողմից իրականացված հայերի դեպորտացիայի մասին որոշ հայեր գոնե գիտեն գրականության դասերից, ապա Հայաստանի առաջին հանրապետության օկուպացիայի եւ  նրա տարածքը երեք պետությունների միջեւ բաժանելու մասին գիտեն միայն եզակի թվով մարդիկ: Որովհետեւ վերջին 100 տարվա ընթացքում այդ թեման տաբու է եղել եւ ներկայացվել է որպես հայ ժողովրդի փրկություն եւ ազատագրում:

Գրիգոր Էմին-Տերյան