Ինչ մեսիջ է պարունակում իր մեջ Փաշինյան-Բլինկեն հեռախոսազրույցը

Ինչ մեսիջ է պարունակում իր մեջ Փաշինյան-Բլինկեն հեռախոսազրույցը

Ինչպես հայտնի է, երեկ տեղի է ունեցել ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինկենի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը։ ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է հաղորագրություն այդ հեռախոսազրույցի վերաբերյալ, որում մասնավորապես ասված է․ 
«Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը այսօր զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Պետքարտուղարն ընդգծել է Հայաստանի եւ ԱՄՆ միջեւ պահպանվող երկկողմ գործակցության կարեւորությունը եւ այն, որ ԱՄՆ-ն հանձնառու է Հարավային Կովկասում խաղաղ, ժողովրդավար եւ ծաղկուն ապագայի կերտմանը աջակցելուն։

Նշելով վերջին հաղորդագրությունները հայկական եւ ադրբեջանական ուժերի միջեւ էսկալացիայի մասին, Պետքարտուղարը կոչ է արել կողմերին ցուցաբերել զսպվածություն եւ ակտիվացնել դիվանագիտական գործակցությունը՝ չլուծված բոլոր հարցերի համար համապարփակ լուծումներ գտնելու ուղղությամբ։ Պետքարտուղարը կոչ է արել շարունակել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումները։

Պետքարտուղարն ընդգծել է, որ ԱՄՆ-ն հանձնառու է իր մյուս գործընկերների հետ, շարունակել Մոսկվային եւ նրա կողմնակիցներին, ներառյալ Բելառուսում Լուկաշենկոյի վարչակարգին պատասխանատվության ենթարկել՝ Կրեմլի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծած չարդարացված եւ չհրահրված պատերազմի համար»։ 
Այժմ համեմատենք այս հաղորդագրությունը ՀՀ վարչապետի աշխատակազմի՝ Բլինկեն-Փաշինյան հեռախոսազրույցի մասին տարածած հաղորդագրության հետ․ 

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային հարցերին և կարևորել ռազմավարական երկխոսության շարունակականության ապահովումը՝ տարբեր ոլորտներում երկկողմ փոխգործակցության զարգացման ու ամրապնդման նպատակով: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին՝ ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ Հայաստանին հետևողական աջակցություն ցուցաբերելու համար և ընդգծել, որ ժողովրդավարության հետագա ամրապնդումը ՀՀ կառավարության բացարձակ առաջնահերթությունն է և մեր երկիրը հաստատակամորեն շարունակելու է շարժվել այդ ուղղությամբ:

Նիկոլ Փաշինյանը և Էնթոնի Բլինքենն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին և լարվածության աճին:
Կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովումը՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը:

ՀՀ վարչապետը և ԱՄՆ պետքարտուղարը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման, տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման հնարավորությունների, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող երկխոսության շուրջ:

Անդրադարձ է կատարվել նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին, այդ թվում՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակին»։

Եթե Փաշինյանի աշխատակազմի համար հայ-ամերիկյան երկխոսությունը գնահատվել է «ռազմավարական», որի դեպքում անհրաժեշտ է շարունակականությունն ապահովել, ապա Պետդեպարտամենտի տարածած հայտարարությունում խոսքն ընդամենը ասվում է, որ «Պետքարտուղարը ընդգծել է Հայաստանի եւ ԱՄՆ միջեւ պահպանվող երկկողմ գործակցության կարեւորությունը»։ Ինչպես նկատեցինք, ամերիկյան կողմի հայտարարության մեջ «ռազմավարական» եզրույթը կիրառված չէ։  

Եթե հայկական կողմի տարածած պաշտոնական հայտարարությունում ասվում է, որ Նիկոլ Փաշինյանը «շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին՝ ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ Հայաստանին հետևողական աջակցություն ցուցաբերելու համար և ընդգծել, որ ժողովրդավարության հետագա ամրապնդումը ՀՀ կառավարության բացարձակ առաջնահերթությունն է և մեր երկիրը հաստատակամորեն շարունակելու է շարժվել այդ ուղղությամբ», ապա ամերիկյան կողմի տարածած հայտարարության մեջ պարզապես ասվում է, որ «Պետքարտուղարը կոչ է արել շարունակել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումները»։ Այսինքն ինչ որ պաթետիկ տրամադրություններ ամերիկյան կողմից զգալի չեն, ի տարբերություն հայկական կողմի, ինչը հասկանալի է, քանի որ ԱՄՆ Պետքարտուղարի հետ հեռախոսով զրուցելու պատվին է արժանացել Նիկոլ Փաշինյանը։ 

Եթե ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հայտարարությունում ասվում է, որ «Նիկոլ Փաշինյանը և Էնթոնի Բլինքենն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին և լարվածության աճին:
Կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովումը՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը», ապա ամերիկյան կողմի հաղորդագրությունում նախ ընդամենը ասվում է, որ «ԱՄՆ-ն հանձնառու է Հարավային Կովկասում խաղաղ, ժողովրդավար եւ ծաղկուն ապագայի կերտմանը աջակցելուն» եւ ապա շարունակվում է այս թեման հետեւյալ պարբերությամբ․ «Նշելով վերջին հաղորդագրությունները հայկական եւ ադրբեջանական ուժերի միջեւ էսկալացիայի մասին, Պետքարտուղարը կոչ է արել կողմերին ցուցաբերել զսպվածություն եւ ակտիվացնել դիվանագիտական գործակցությունը՝ չլուծված բոլոր հարցերի համար համապարփակ լուծումներ գտնելու ուղղությամբ»։  

Հետաքրքրական է այն, որ հայ-թուրքական ծավալվող երկխոսության մասին ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հայտարարության մեջ ընդհանրապես հիշատակություն չկա։ 

Իսկ ահա հայկական կողմի տարածած հայտարարության վերջին պարբերությունը շատ ինտրիգային է։ ՀՀ վարչապետի աշխատակազմի հաղորդագրության վերջին պարբերությունում ասվում է․ «Անդրադարձ է կատարվել նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին, այդ թվում՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակին»։ Պետքարտուղարության տարածած հայտարարությունում այդ մասին ասվում է հետեւյալը․ «Պետքարտուղարն ընդգծել է, որ ԱՄՆ-ն հանձնառու է իր մյուս գործընկերների հետ, շարունակել Մոսկվային եւ նրա կողմնակիցներին, ներառյալ Բելառուսում Լուկաշենկոյի վարչակարգին պատասխանատվության ենթարկել՝ Կրեմլի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծած չարդարացված եւ չհրահրված պատերազմի համար»։ Սա կարելի է համարել հեռախոսազրույցի մեխը, այսինքն՝ Բլինկենի բուն ասելիքը, որի համար էլ նա հեռախոսզրույց ունեցել է Նիկոլ Փաշինյանի հետ։ Իսկ այդ ասելիքը, պարզ մարդկային բառապաշարով եթե ձեւակերպենք, կստացվի, որ Էնթոնի Բլինկենը Նիկոլ Փաշինյանին ըստ էության կոչ է արել Արեւմուտք-Ռուսաստան աշխարհաքաղաքական հակամարտության /կամ առճակատման/ մեջ կատարել ընտրություն։ Ընդ որում, դատելով Պետդեպի հաղորդագրության դիտարկվող հատվածի տոնայնությունից, այդ ընտրությունը պետք է լինի ոչ թե «եւ ․․ եւ»-ի սկզբունքին համեմատ, այլ «կամ ․․․ կամ»-ի։