Ընդհանուր աղմուկի մեջ կատարածը խու՜լ է հնչում․․․

Ընդհանուր աղմուկի մեջ կատարածը խու՜լ է հնչում․․․

Անցած - գնացած, շատ հին մի պատմություն է, բայց վերհիշում եմ, որովհետև այսօր նույն իրավիճակում ենք։ 

Առանձին էին ապրում, բայց նույն տանը։ Մի բարակ միջնորմ էր նրանց բաժանում։ Մի փոքրիկ ձայնն անգամ լսելի էր։ Խմբագրություն բողոք էին գրել, թե խնդրում եմ եկեք ու մեր սև օրը լացեք։ Կեսուրն էր դիմել։ Երբ տուն գնացի, հինգ րոպե անգամ չկարողացա մնալ։ Գլուխս ռադիոյի բարձր ձայնից պայթում էր, որը հակառակ կողմից միացվել էր։ Սա ի՞նչ է,- հարցրի։

-Նախկին հարսս ամբողջ օրը ռադիոն ,, դա խազ,, միացնում ու դիվադադար է անում մեզ։ Վախենում է, թե կիմանանք ինչ է խոսում, ում հետ է խոսում, ինչ է ուզում անել։

Որպեսզի զարմանալի չթվա, ասեմ, որ այդ ժամանակ բջջային հեռախոսներ չկային, ու մարդկանց հույսը տան մի անկյունում դրված հեռախոսն էր։ Հարսը սկեսուրից այդ կերպ էր պաշտպանվում։ Ռադիոն միացնում ու հեռախոսով «չաշկա լոշկա էր անում»։ Հիմա կասեք՝ ինչու՞ այս պարզունակ դեպքը հիշեցի։ Նիկոլը ոչնչով չի տարբերվում այդ մի քայլից այն կողմ չտեսնող հարսից։ Ռադիոն «դա խազ» միացրել ու խլացնում է բոլորիս, որպեսզի չհասկանանք, թե ինչ է կատարվում։ Մեկն իրեն չի՞ հարցնում՝ ինչու՞ Նիկոլի գալուց հետո դժբախտ պատահարները, մահերը, սարսափազդու տեսարանները, ձերբակալությունները, վթարները ու բոլոր վատ բաները հազարապատկվեցին։ Կա՞ օր, որ արթնանաք ու չլսենք մեր նյարդերը սղոցող մի ողբերգություն։ Մի օր տներ են քանդում, ողբ ու կականով լցնում օրը, մի օր Կոնսերվատորիա են փակում, Պատմության դասագրքեր են կեղծում, Փառքի սրահներ են ավերում, հերոսներ են նվաստացնում, պետական կառույցներ են դատարկում, հերոսներ են ձերբակալում․․․ Օրվա կեսը հանցագործներ են բռնում, մյուս կեսին՝ բաց թողնում․․․

Նիկոլը ռադիոն «դա խազ խոդ է տալիս» որ հանկարծ մի բան չիմանանք, չհասկանանք, թե ինչ է անում մեր երկրի , մեզ հետ․․․ Այդ բոլորը միասին վերցրած, որն ամեն օր, ամեն ժամ հուզում է մեզ, դա Նիկոլի ռադիոն է, որի ձայնից, աղմուկ- աղաղակից ողջ ժողովուրդը տագնապահար է եղել։ Իզուր չէր աթոռ վերցնելու համար առաջինը ռադիոտուն մտել։ Ինչ էլ որ ամեն օր լսում եք, կատարվում է, դա արվում է գիտակցաբար, մտածված, որ ընդհանուր աղմուկի մեջ իր կատարածը խու՜լ հնչի․․․ Այդ աղմուկը կլանում, իրենով է անում ձեր ողջ ուշադրությունը ու դուք չեք հասկանում, թե ձեր թիկունքում ինչ է կատարվում։ Իսկ շուրջբոլոր հնչում է՝ համակերպվեք աղմուկի հետ։ Համակերպվեք Դասագրքերի, Փառքի սրահների, Հերոսների նվաստացման, զոհերի, հաշմանդամների, Արցախի հանձնման, ՀՀ տարածքները հանձնելու աղմուկի հետ։