Զոհվածների ծնողներին կոտրելու գործընթաց

Զոհվածների ծնողներին կոտրելու գործընթաց

Իշխանության համար փորձանոթ է դարձել հասարակությունը։ Անընդհատ փորձարկումներ է կատարում՝ նրա իմունիտետը, դիմադրողականությունը ստուգելու նպատակով։

Փորձը տարածվում է հիմնականում հասարակության այն շերտերի վրա, որոնց դեռ լիովին չի կարողացել փչացնել։ Նրա համար գլխավոր թիրախ է զինվորականությունը։ 11 հազար դասալիքի, գործակալական ցանցի «բացահայտումների» , հրամանատարական կազմի գլխատումից հետո կասկածում է, որ նրանք հնարավոր է «կենդանի լինեն» ու ստուգելու համար նորից ու նորից կրակում է թիրախի վրա։

Հերթական կրակոցը զոհվածների ծնողների վրա էր։ Նա ուզում էր ստուգել՝ հասարակությունն ի՞նչ վերաբերմունք ունի նրանց նկատմամբ։ Ինքը կարո՞ղ է հասարակության թողտվությամբ կոտրել նրանց։ Զոհվածի մոր՝ Գայանե Հակոբյանի վրա ստուգիչ կրակոցի փորձը հասարակության մեջ հիասթափության ալիք բարձրացրեց։ Մարդկանց մի խումբ մտածեց՝ ոչ մեկին հավատալ ու վստահել պետք չէ, բոլորն էլ գործիքներ են։ Սա արժեզրկու՞մ է , թե՞ ոչ։ Սա հասարակության համար թանկ մարդկանց կորու՞ստ է, թե՞ ոչ։ Փորձը ոնց որ թե հաջող էր ու իշխանության  համար ճանապարհ է բացվել։

Շատ շուտով կոտրելու գործընթացը կկիրառվի  կա զոհվածների շատ ծնողների վրա։ Մի կողմից իշխանությունը վախի մթնոլորտ կստեղծի, ոչ մեկն այլևս չի համարձակվի ձայն բարձրացնել, մյուս կողմից կստուգի հասարակության դիմադրողականությունը։ Ամեն կոտրելու փորձից հետո հասարակության վերաբերմունքը զոհվածների ծնողների նկատմամբ ավելի պասիվ կդառնա։ Թացն ու չորը կխառնվեն, և հասարակությունը այլևս չի հավատա ոչ մեկին։ Այնպես որ գործընթացը սկսված է։

Հերթը «Որդիների կանչ» ՀԿ անդամ Գարիկ Գալեյանինն է։ Վերջինս «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդն էր, որը երբ դեպքի օրը Աշոտ Փաշինյանը դուրս էր նետվել Գայանե Հակոբյանի մեքենայից, իր մեքենան վարել էր նրա ուղղությամբ՝ հարվածելով Փաշինյանին։ Մամուլն արդեն գրում է, որ  համացանցում հրապարակված Գարիկ Գալեյանի կողմից կատարված «Մեքենայի վարորդը ես եմ եղել, Աշոտիկին վրաերթի չեմ ենթարկել, բայց հիմա փոշմանում եմ, որ չեմ վրաերթել…» հայտարարության փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվում է նախաքննություն։ Այսինքն զոհվածների ծնողներին լիովին «կոտրելու գործընթացին» շուտով ականատես կլինենք։

Համոզված եմ, որ Գայանեի զղջումից  հետո հասարակության դիմադրողականությունը ավելի թույլ կլինի։ Կկարողանա Գարիկ Գալեյանը դիմակայել՝ հասարակությանը համախմբելու տեսանկյունից, առաջիկայում կերևա։