Լավ հայերն ավելի շատ են, քան վատ հայերը

Լավ հայերն ավելի շատ են, քան վատ հայերը

Եկեք նաև լավը տեսնենք․

Շատ ենք նեղվել, որ մի քանի հարյուր մարդ Հայաստանի տարբեր տեղերում Նոր տարվա գիշերը հրավառություն արեցին։ Իշխանության շակալների կողքին կային նաև սովորական մարդիկ, որոնց մոտ հայրենիքի գիտակցում չկա։ Բնական բան է։

Բայց այդ վատի կողքին մենք պետք է տեսնենք նաև այն լավը, որը շատ-շատ է մեր երկրում։ Դեկտեմբերի 31-ի գիշերը մարդաշատ է եղել Եռաբլուրում։ Հազարավոր հայեր գնացել էին՝ զոհված հերոսներին իրենց խոնարհումը տալու։ Նույնկերպ Հայաստանի բոլոր քաղաքներում ու գյուղերում մարդիկ նոր տարվա գիշերն անցկացրել են հայրենիքի համար իրենց կյանքը տված հերոսների հիշատակի հարգմամբ։ Շատ տեղերում եկեղեցիները բազմամարդ են եղել՝ աղոթք հղելով առ Աստված հանուն մեր հայրենիքի։

Ուրախությամբ տեղեկացա, որ բազմաթիվ տեղերում, հատկապես գյուղերում, մարդիկ այցելել են Արցախցիներին ու նրանց կողքին եղել։ Շատ տեղերում Արցախին նվիրված միջոցառումներ են եղել։

Երբ մենք նայում ենք հրավառություն անող մի քանի հարյուր մարդու տգեղ վարքագծին, պետք է նայենք նաև այն հարյուր հազարավոր մեր հայրենակիցներին, որոնք հրավառություն չեն արել, տանը նստած, արցունքն աչքերին, երազել են ազգային տարվա մասին, պետք է նայենք եկեղեցիներում աղոթքով նոր տարի դիմավորող մեր հայրենակիցներին, պետք է նայենք Եռաբլուր ու այլ հիշատակի վայրեր գնացող մեր եղբայրներին ու քույրերին։

Լավ հայերն ավելի շատ են, քան վատ հայերը։

Արևի նման նայենք աշխարհին ու սիրենք մեր հայրենակիցներին։

Նաիրի Հոխիկյան