Ներկուսակցական ոչ արդար, ոչ ազատ եւ ոչ թափանցիկ ընտրություն

Ներկուսակցական ոչ արդար, ոչ ազատ եւ ոչ թափանցիկ ընտրություն

Եթե որեւէ քաղաքական ուժ ներկուսակցական ընտրությունը կազմակերպում է ոչ արդար, ոչ ազատ եւ ոչ թափանցիկ եղանակով, ապա ինչպե՞ս է կազմակերպելու Ազգային ժողովի համապետական ընտրությունը: Իհարկե, այնպես, ինչպես սովոր է, քանի որ կեղծիք կատարող ձեռքը չի կարող չշարունակել նույն ոգով վարվելը: Հենց դա էլ տեղի է ունեցել «Քաղպայմանագիր» կուսակցության 6-րդ համագումարում վարչության ընտրության ընթացքում: «Հրապարակն» արդեն մի քանի անգամ անդրադարձել է այդ ընտրությանը՝ մեկը մյուսից պատկերավոր ու հետաքրքիր դրվագներ ներկայացնելով: Կարճ ասած՝ համագումարի պատվիրակներից մեկի անունից վերահաշվարկ է պահանջվել, եւ արդյունքում 2 հոգի փոխարինվել են երկու այլ անձով: Եվ, ըստ պարբերականի, ««Քաղպայմանագրում» այս անթույլատրելի խախտումների մեղավոր են համարում Արփի Դավոյանին, ով զբաղվել է կազմակերպչական հարցերով եւ ազդեցություն է ունեցել հաշվիչ հանձնաժողովի վրա»։ Նույնիսկ ավելին՝ առաջարկում են զրկել պատգամավորական մանդատից՝ կուսակցությունը խայտառակելու համար:

Իսկ ես ինձ թույլ կտամ չհամաձայնել թե՛ այդ կուսակցության անդամների, թե՛ նրանց տեսակետը ներկայացրած պարբերականի հետ: Ասեմ, թե ինչու: Առաջին․ Արփի Դավոյան անուն-ազգանունով «քաղաքական-պետական» գործիչը քանի՞ գլխանի էր, որ ինքնագլուխ կեղծիքներ թույլ տար Նիկոլի կալվածքում: Որեւէ մեկը չի կասկածում, չէ՞, որ այդ կուսակցությունը հենց նրա կալվածքն է, չնայած ֆորմալ առումով երբեք (մինչեւ այս վերջին ընտրությունը) չի եղել ղեկավար: Երկրորդ․ կեղծիքը կատարվել է հանուն փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանին եւ ԱԺ-ում ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին վարչության կազմ ներառելու: Ինչը նշանակում է, որ այդ հարցում եղել է հստակ հրահանգ, եւ տիկինը կատարել է այն: Այլապես կստացվեր, որ այդ պաշտոնատար անձինք նույնիսկ սեփական կուսակցությունում չունեն հեղինակություն: Նրանցից առաջինը սովորական մարզպետի պաշտոնից անցում կատարեց փոխվարչապետի պաշտոնին, ինչը, ի դեպ, խիստ հատկանշական է այդ իշխանության առումով, երկրորդն անցում էր կատարել ընդհանրապես մեկ այլ կուսակցությունից, ինչը եւս նորմալ երեւույթ է այդ միջավայրում:

Անցնենք ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի եւ արդեն համատեղության կարգով ՔՊԿ վարչության նախագահի ու համագումարի պատվիրակների ակնկալիքների անհամապատասխանությանը: Ենթադրում եմ, որ պատվիրակների շրջանում դեռեւս բավական շատ են այնպիսիք, որոնց ուղեղները դեռ չեն ազատվել համապատասխան լվացումից: Եվ նրանք ձայն են տվել իրենց խղճի մտոք՝ առանց մտածելու, որ այն կարող է չհամապատասխանել իրենց առաջնորդի սպասելիքներին:

Միաժամանակ, առկա է խնդիր առաջնորդի առումով. վերջինս վաղուց արդեն կորցրել է «ժողովրդի փրկչի» կերպարը եւ շարքային քաղաքացու աչքում ավելի շատ ներկայանում է «խեղճ հայվանն ի՞նչ անի» բանաձեւով: Սակայն իրադրության ողջ տրագիկոմիզմն այն է, որ ինքն իրեն այդպիսին չի համարում: Եվ իրեն թվում է, թե այսօրվա իրավիճակը հերթական հանգրվանն է սեփական «ճշմարիտի ճանապարհին», որը սալարկված է «սխալվելու վճռականությամբ»: Ու այն վաղ թե ուշ կհաղթահարվի ու կմնա անցյալում՝ ներկայանալով որպես տհաճ վերհուշ: Կարծում եմ, հենց ինքն է հաշվիչ հանձնաժողովի անդամներին հրահանգել՝ ձայները հաշվել այնպես, ինչպես ձեռնտու է իրեն: Այդպես էին վարվում բոլոր բռնակալները, որոնց համար կարեւոր է ոչ թե ձայների քանակը, այլ այն անձինք, ովքեր հաշվում են այդ ձայները:            

ՀԳ. Վերահաշվարկի արդյունքում, սակայն, «ներկուսակցական արդարությունը» չի հաղթել. վերը նշված պաշտոնատար անձանց փոխարեն վարչության անդամ կդառնան խորհրդա-ասիական բնույթի այդ կոլեկտիվի համահիմնադիրներից Արսեն Թորոսյանն ու Արմեն Փամբուխչյանը։