Քանի որ Հայաստանն իրավական պետություն չէ, այլ` նիկոլյան, խափանման միջոցներն էլ կիրառվում են ըստ Նիկոլի ճաշակի 

Քանի որ Հայաստանն իրավական պետություն չէ, այլ` նիկոլյան, խափանման միջոցներն էլ կիրառվում են ըստ Նիկոլի ճաշակի 

Հարցազրույց փաստաբան Վահե Եփրիկյանի հետ:

- Սեպտեմբերի 19-ի հայտնի դեպքերից հետո մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ կալանավորվեցին` զանգվածային անկարգություններ հրահրելու, ֆեյսբուքում բռնության կոչեր հնչեցնելու և հայհոյելու համար: Այսօր էլ վաղ առավոտյան տեղեկացանք, որ բռնության կոչերի համար կալանավորվել է նախկին պատգամավոր Արագած Ախոյանը: Առհասարակ նման դեպքերում իրավաչա՞փ է կալանքն ընտրել որպես խափանման միջոց: 

- Արագած Ախոյանի գործի մանրամասներին դեռևս հստակ չեմ տիրապետում, սակայն այսօր տեղի ունեցողը նախկին Քրեական օրենսգրքով նախատեսված ոչ իրավաչափ ու հակասահմանադրական 137 ցուցիչ 1 տխրահռչակ անալոգիան է: Այն ժամանակ ծանր վիրավորանքի համար էին մարդիկ պատժվում և այդ եղանակով փորձում էին տարբեր հասարակական-քաղաքական գործիչների գրառումներն ու հայտարարությունները տեղավորեցնեին այդ հանցակազմի մեջ: Այս իշխանությունները, քանի որ հավաքական Արևմուտքի կարծիքով ժողովրդավար են, Հայաստանն էլ ժողովրդավարության բաստիոն է, նույն այդ Արևմուտքի ճնշմամբ և ջանքերով 137 ցուցիչ 1 հոդվածը հանվեց, սակայն այսօր էլ մարդիկ կալանավորվում են բռնության կոչեր անելու, հայհոյելու համար:

Այսինքն, այս իշխանությունները փորձում են տարբեր քաղաքական գործիչների լռեցնել` հենց այս եղանակով: Այս ամենն ունի երկու աստառ. մի կողմից ոչ իրավական բռնաճնշումների և հակադեմոկրատական իշխանությունների կեցվածքն է, որը նորություն չէ գոնե ինձ համար, մյուս կողմից` իշխանություններն անվերջ ցանկանում են լռեցնել: Կա Հանրային ընդվզում: Իշխանությունը փորձում է ուղղակիորեն բիրտ ձևով, իրավական մահակի գործադրմամբ լռեցնել այն բոլոր քաղաքացիներին, ովքեր կփորձեն ակտիվ քննադատությամբ հանդես գալ: Սա այն միակ հետևությունն է, որ կարող ենք անել այս իշխանությունների գործողությունները վերլուծելով: Այսօր կա հանրային ճնշում, դա փաստ է, իշխանությունները ոչ մի բանի առջև կանգ չեն առնելու, ընդվզումը չեզոքացնելու համար: Ուշագրավ է, որ կան այլ տարբեր խափանման միջոցներ` տնային կալանք, գրավ, երկրից չբացակայելու պահանջ և այլն, սակայն բոլոր այն գործերում, որտեղ առկա է քաղաքական ենթատեքստ, բոլոր այն գործերը, որոնք կապված են ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող գործիչների հետ, չգիտես ինչու կիրառվում է բացառապես միայն մեկ խափանման միջոց` կալանավորում: Օրենսդիրի կողմից տարատեսակ փախանման միջոցները նրա համար են մշակվել, որ կալանքը որպես խափանման միջոց ընտրվի բացառիկ ու ծայրահեղ դեպքերում: Այն դեպքերում պետք է կալանավորվի քաղաքացին, երբ այլ եղանակներով անհնար է կանխել ոչ իրավաչափ վարքագիծը: Մենք այսօր տեսնում ենք ճիշտ հակառակը: Կալանավորում են բոլոր նրանց, ովքեր իշխանությանը դեմ են: Օրինակ, նույն Տաթև Արցախի դեպքում: Նա միայնակ մայր է, եղբայրը զոհվել է Արցախյան ազատամարտում, ունի զանազան հիվանդություններ, անգամ քրեակատարողական հիմնարկում մի քանի անգամ ուշագնաց է եղել, սակայն նա շարունակաբար պահվում էր կալանքի տակ. ինչո՞ւ: Ի՞նչ էր նա արել: Եթե նրա փոխարեն այս գործի շրջանակներում անցներ այլ մեկը, ես պարզապես վստահ եմ, որ ոչ մի դատարան կալանքը չէր ընտրի որպես խափանման միջոց, բայց քանի որ գործ ունենք քաղաքական ենթատեքստ ունեցող գործի հետ, բնականաբար կալանքն էր այն միակ խափանման միջոցը, որ կարող էր կիրառվել: Նույնը կարող ենք ասել Լևոն Քոչարյանի գործով: Դա ևս բացառիկ դեպք էր: Կալանքը ևս չէր կարող այդ դեպքում կիրառվել որպես խափանման միջոց, բայց քանի որ նա Լևոն Քոչարյանն է, կալանավորեցին…. Վարույթն իրականացնող մարմինն ու որոշում կայացնող դատարանը աչք են փակում որոշ հանգամանքների վրա, ասում են` մենք կույր ենք, իրականությունը չենք տեսնում, փոխարենը տեսնում ենք այլ բան: Նույնը կարող ենք ասել Արմեն Աշոտյանի մասին: Ինչո՞ւ է նա կալանավորված: Մեկ պատասխան ունի այս հարցը. որովհետև Արմեն Աշոտյանն ընդդիմադիր քաղաքական գործիչ է: Եթե նրա փոխարեն լիներ այլ մեկը, վստահ եմ` չէր կալանավորվի: Մամիկոն Ասլանյան, Խաչատուրով….. նրանք ևս, եթե ապաքաղաքական անձինք լինեին, ես պնդում եմ, որ այսօր ազատության մեջ կլինեին: Բայց քանի որ Հայաստանն իրավական պետություն չէ, այլ` նիկոլյան, ուստի խափանման միջոցներն էլ կիրառվում են ըստ Նիկոլի ճաշակի և ցանկությունների:

- Օրինակ, նույն Տաթև Արցախի խափանման միջոցը փոխվեց կալանքից` տնային կալանքի: Նույնը զոհված զինծառայողների ծնողների` Գարիկ Գալեյանի, Գայանե Հակոբյանի դեպքում: Սա արդյո՞ք լավ նախադեպ է:

- Իհարկե, վատ նախադեպ է: Չի կարող լավ նախադեպ լինել: Տնային կալանքը կալանավորումից հետո ամենածայրահեղ խափանման միջոցն է, որը ևս խիստ սահմանափակում է անձի իրավունքները: Տեղաշարժի իրավունք, խոսքի իրավունք, շփման իրավունք և այլն, սակայն այդ դեպքում գոնե չարյաց փոքրագույնն է…. այս դեպքում ասում են` միայն ընտանիքիդ հետ պետք է շփվես: Նույն Գարիկ Գալեյանի օրինակով եթե ասենք: Նա ցանկանում է Եռաբլուր գնալ` որդու շիրիմին այցելել, սակայն նրան անգամ այդ իրավունքից են զրկում…. ինչի՞ համար: Ես Ձեզ վստահեցնում եմ, որ եթե Գարիկ Գալեյանի փոխարեն լիներ մեկ այլ ծնող, որն ունենար պրոիշխանական քաղաքական հայացքներ, ոչ մի պարագայում նրա դեմ քրեական գործ չէր հարուցվի: