«Վեոլիա ջուր»-ը սաբոտա՞ժ է անում

«Վեոլիա ջուր»-ը սաբոտա՞ժ է անում

Արդեն տասն օր է՝ Պուշկինի 43 հասցեում բազմաբնակարան շենքերի վերևի հարկերը, որտեղ ջուրն ինքնահոսով չի հասնում, ցերեկային ժամերին զրկված են ջրից։ Հնարավոր չէ ոչ լողանալ, ոչ աման լվանալ, ոչ լվացքի մեքենա միացնել, և միայն շատ ուշ ժամերի ջրամատակարարումը վերականգնվում է մինչև առավոտ։ Կարելի է պատկերացնել, թե ամանորյա պատրաստություն տեսնելու օրերին սա ինչ է արժենում բնակիչների նյարդերի ու տրամադրության վրա։

Պարզվում է՝ շարքից դուրս է եկել շենքի պոմպը, որը ջրամատակարարման աշխատակիցները տասն օր շարունակ չեն վերականգնում։ Ընկերությունում օպերատորները մետաղյա ձայնով ասում են, որ կփոխանցեն բողոքի մասին, բայց միևնույն է՝ պոմպը չի վերականգնվում։

Դեռ կիրակի խոսեցինք Հայաստանի ջրամատակարարման օպերատոր «Վեոլիա ջուր» ընկերության  մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանի հետ, և բնակիչների անունից հայտնեցինք, որ դեկտեմբերի 31-ին բողոքի ակցիա ենք անելու իրենց ընկերության դիմաց այսպես շարունակվելու դեպքում։ Ջրամատակարարման օպերատորի պարոն խոսնակն էլ նշեց, թե , դե ինչ,  բողոքի ակցիան մեր իրավունքն է։