Մեզ  հարկավոր են ամուր նյարդեր, որ  դիմանանք

Մեզ  հարկավոր են ամուր նյարդեր, որ  դիմանանք

Էժանագին ժողովրդավարության պատրանքներով հինգ տարի կերակրելով ժողովրդին, այսօր պոպուլիստ իշխանությունը՝ հանձինս Նիկոլ Փաշինյանի,  հայտնվել է ծիծաղելի վիճակում։ Հասել է կենցաղային ամենաստորին բարքերի լուսաբանմանը։ Կնոջ հետ փողոցում «պիրյաշկի ուտելն ու կուկուռուզ կրծոտելը» (բյուրավոր են օրինակները, մեկն եմ բերում) անիմաստ չարվեց։ Նրանք փորձում են ստեղծել  պարզության, սովորականության, հասարակության պատրանք։ Բայց պարզության պատրանքն այդքան տգեղ, գռեհիկ  չպիտի լինի։

Հոշոտված կուկուռուզը ու մի կծելով պիրյաշկին կիսած ղեկավարը պարզություն ցուցադրելու փոխարեն ցուցադրեց իրենց կուլտուրան, մակարդակը։ Հանրության կողմից դա պարսավանքի արժանացավ, սարկազմի ու առ այսօր դրա շուրջ աղմուկը չի դադարում։ Ես ձեզանից մեկն եմ,- դա է ուզում մատուցել։ Պետք է հասկանալ, որ պոպուլիստն իրեն  նույնացնում է ժողովրդի հետ։ Ժողովուրդն է ինձ ընտրել, ուրեմն ես ժողովուրդն եմ։ Եվ աղքատ մարդկանց  նմանակելը նպատակ ունի սիրաշահել նրանց՝ հետագա խաբեությունների համար։ Պոպուլիզմի հետևանքով Հայաստանը հայտնվել է խայտառակ վիճակում։ Կորցրեց Արցախը, Հայաստանի տարածքները, ոսկե գենոֆոնդը ու շարունակում է կորցնել։ Կարող եք ասել՝ թող քաղաքական էլիտան պայքարի պոպուլիզմի դեմ։ Իսկ ես մի բան կասեմ, որ քչերն են ուշադրություն դարձնում դրա վրա։ Պոպուլիստները տարբեր միջոցներով արժեզրկում և հեղինակազրկում են հեղինակություն ունեցողներին՝ դիտելով դրանց որպես խոչընդոտ։ Այդ հեղինակազրկումն ու նրանց արատավորելն է պատճառը, որ ժողովուրդը չի միաբանվում ու դրանց տրված սուտ խոստումների, ստերի, երկիրը կործանելու համար չի միաբանվում։ Պոպուլիստական իշխանությունն ամեն կերպ լռեցնում է ընդդիմությանը,  պիտակավորելով նրանց որպես «սևեր, թալանչիներ» եւ այլն, իսկ իրենց նույնացնում է ժողովրդի հետ։

Բայց մի լավ  բան կա։ Նիկոլ Փաշինյանի նետած ցեխից չնայած քաղաքական ուժերը դեռ չեն կարողանում մաքրվել, բայց Փաշինյանն ինքն է իր թիմակիցներով հայտնվել ճահճի մեջ։ Նրա ու իր ընտանիքի պոպուլիստական ոչ մի քայլ այլևս չի խրախուսվում։ Կակաչ է տնկում, թե  գյուղ է գնում, տիեզերք է նվաճում, թե ցամաքային նավահանգիստ կառուցում, միևնույն է, արժանանում է հանրության պարսավանքին, սարկազմին։ Կնոջ կամ աղջիկների երևալն անգամ մարդկանց ափերից հանում է։ Ստիպված անցել են նոր խաղիկների։ Աննան իր փոքրիկ աղջկա, զոհվածների կանանց, երեխաների  հետ է սելֆի անում ու հանրայնացնում, ինչ որ հուզական գրառումներ անում, բայց դա էլ չի օգնում։ Ես ուշադրություն չեմ դարձնում նրանց էջերում տրված հավանումներին, որովհետև գիտենք, թե ինչպես, ինչ միջոցներով են այդ էջերը պահվում՝ դրսին ցույց տալու համար, որ դեռ իրենց մարդիկ վստահում են։ Աթոռը տակներից չհանելու համար։   Հանրային կարծիքը նրանց ընտանիքի հանդեպ խիստ բացասական է, ու մարդիկ չեն հավատում ո՛չ Փաշինյանի, ոչ նրա կնոջ, ո՛ չ էլ նրանց շուրջ պտտվող փողազանգվածի ֆռիկներին։ Ոչ մի ղեկավարի, նրա ընտանիքի հանդեպ նման անհարգալից վերաբերմունք, այդպիսի խայտառակություն  չի եղել։ Չեմ բացառում, որ Փաշինյանները կանցնեն իրենց ինտիմ կյանքի մանրամասների բացահայտմանը, որպեսզի հանրությունն իրենց «բաց չթողնի» , բայց անգամ այս դեպքում, նրանց երգը երգված է։ Նրանք ազդում են հանրության նյարդերի վրա։ Մեզ  հարկավոր են ամուր նյարդեր, որպեսզի կարողանանք դիմակայել այս ընտանիքի խաղերին։ Այսօր դա վերահաստատեց Նիկոլ Փաշինյանը, բայց այլ տեսանկյունից։