«Հրապարակ». Խելքներդ գլուխներդ հավաքեք եւ միմյանց հետ լեզու գտեք

«Հրապարակ». Խելքներդ գլուխներդ հավաքեք եւ միմյանց հետ լեզու գտեք

Երեւանի ավագանու երեկվա նիստը, որն ընդհատվել էր դահլիճում, ապա դահլիճից դուրս տեղի ունեցած ծեծկռտուքի եւ բռնության պատճառով, երեկ շարունակվեց: Քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր խոսքում նշեց, որ բռնության բոլոր դրսեւորումները մերժելի են: Հիշեցնենք, որ երեկ, ավագանու նիստի ժամանակ ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի եւ «Մայր Հայաստան» խմբակցության երկու կին անդամների` Սոնա Աղեկյանի եւ Նարինե Հայրապետյանի միջեւ ծեծկռտուք էր տեղի ունեցել: Տեղի ունեցած միջադեպի մասին մենք զրուցել ենք Երեւանի ավագանու նախկին անդամ Դավիթ Խաժակյանի հետ:

- Ավագանու նիստի ժամանակ բավականին տգեղ միջադեպ տեղի ունեցավ: Ի՞նչ կանխարգելիչ քայլեր կարելի է անել, որ նման միջադեպերը չկրկնվեն: Օրինակ` Ազգային ժողովում կա Էթիկայի հանձնաժողով, որը նման դեպքերում ինչ-որ անելիք ունի` ձայնի իրավունքից են զրկում պատգամավորներին, քրեական գործ հարուցում` անձեռնմխելիությունից զրկում եւ այլն: Ինչպե՞ս է խնդիրը կարգավորվում ավագանիում:

- Ավագանու կանոնակարգով` Երեւանի ՏԻՄ օրենքով նման կարգավորում նախատեսված չէ: Հարցը թողնված է ավագանու անդամների վարքագծի կանոնների վրա: Իրավական գործընթաց, որպես այդպիսին, կարող են, իհարկե, նախատեսել, սակայն դրանք օրենքի նախատեսումով չեն:

- Այսինքն` ավագանու անդամները կարող են իրար ծեծել-ջարդել, ջրել, մազ քաշել, սեռական բնույթի հայհոյանքներ տալ եւ առա՞ջ անցնել:

- Այո, ըստ էության, իրավիճակն անգամ էթիկայի կանոններին չի վերաբերում, այլ նրան, որ մեծամասնությունն անգամ չունի սեփական քվորում: Այսինքն` իշխանությունն ամեն անգամ պետք է ունենա ընդդիմադիր ուժերի աջակցությունը, որպեսզի կարողանա ինչ-որ հարց անցկացնել: Այս պայմաններում նրանք դատապարտված են կա՛մ իրար հետ լեզու գտնել, կա՛մ էլ` աշխատել ոչ արդյունավետ: Մենք տեսնում ենք, որ Երեւանի ավագանիում պարբերաբար քվորման խնդիր է առաջանում:

- Այսինքն` անգամ չե՞ն կարող ավագանու անդամին զրկել մանդատից, եթե իրեն պահում է ոչ քաղաքակիրթ ձեւով:

- Ավագանուն մանդատից կարող են զրկել միայն այն դեպքում, երբ անհարգելի բացակայությունները գերազանցում են: Մնացյալ դեպքերում չեն կարող: Ողջ խնդիրն այն է, որ մեծամասնությունը չունի մեծամասնություն:

- Իսկ եթե մեծամասնություն լիներ, կարո՞ղ էր այս առումով ինչ-որ բան փոխել:

- Եթե մեծամասնություն ունենար, հարցը կարող էր այլ հարթության մեջ դիտվել: Այդ դեպքում ընդդիմությունը կլիներ կառուցողական, բայց հիմա իրավիճակն այնպիսին է, որ իշխող ուժն առանց ընդդիմության աջակցության ոչինչ անել չի կարող: Ընդդիմության նկատմամբ սանկցիաներ կիրառել չի կարող, որովհետեւ ընդդիմությունն էլ կարող է ասել, որ նիստերին չի մասնակցի: Նիստի անհրաժեշտ իրավազորությունն այդկերպ չի ապահովվի:

- Երեւանի ավագանու ամբիոնից հնչող գրեթե բոլոր ելույթները քաղաքական են, այլ ոչ թե քաղաքային: Սա նորմա՞լ է:

- Այո, նորմալ է, քանի որ քաղաքացիների ընտրությունը եղել է քաղաքական, ոչ թե քաղաքային: Կան ուժեր, որ անգամ քաղաքային ծրագիր չեն ներկայացրել, օրինակ` «Մայր Հայաստանը»: Նրանք հանդես են եկել իշխանափոխության օրակարգով: «Մայր Հայաստանն» իր ընտրողներին չի էլ խոստացել քաղաքային ծրագրեր իրականացնել: «Հանրապետություն» կուսակցությունն էլ ընտրություններին մասնակցում էր ՀԱՊԿ-ին անդամակցությունը դադարեցնելու համար: Այս ավագանին քաղաքային խնդիրներով զբաղվելու պարտավորություն չունի: Ես բոլորին կասեմ, որ խելքները գլուխները հավաքեն եւ միմյանց հետ լեզու գտնեն ու զբաղվեն քաղաքային զարգացման տրամաբանությունը զարգացնելու ուղղությամբ կամ էլ ինքնարձակվեն: