Մի քիչ ձեզ տեսած պահեք

Մի քիչ ձեզ տեսած պահեք

«Դու սովորական մահկանացու ես, աստված չես»,- շշնջում էր ստրուկը Կեսարի ականջին՝ դափնեպսակը գլխին դնելիս: Վերջերս կարդացած այս տողերն իսկույն միտս եկան, երբ համացանցում հայտնվեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի տիկնոջ նկարը՝ ինչ-որ տղամարդու բացած անձրեւանոցի տակ պատսպարված:

Առաջին հայացքից հիացմունքի արժանի ժեստ, որը միայն դրական հույզեր է արթնացնում թե՛ անձրեւանոցը պահողի, թե՛ դրա տակ հայտնվածի նկատմամբ: Բայց երբ իմանում ես, որ պատսպարվածը ոչ այլ ոք է, քան բոլորովին վերջերս «նավից պարահանդեսում» հայտնված պաշտոնյայի կին, հիացմունքը հիասթափության է վերածվում, գաղջը նորից լցվում է քիթդ, կոկորդդ, թոքերդ… խեղդում է…

Սեփական անձը կարեւորելու համար նազիր-վեզիրների ծառայություններից օգտվելը նորաձեւ չէ. նազիր-վեզիրներով հասարակության մեջ հայտնվելը կապույտ արյուն ունեցողների մենաշնորհն է: Իսկ դուք մեզնից մեկն եք, որ ութ ամիս առաջ նստում էր ասֆալտին, փողոց փակում, հեղափոխություն անում՝ պայքարելով ստի ու կեղծիքի, «դենչիկների» եւ օդիոզ դեմքերի դեմ: Հեղափոխություն էր անում՝ կեղծ արժեքները դուրս մղելու համար, արդարության վերականգնման համար, նոր Հայաստան ունենալու համար…

Ի՜նչ շուտ տրվեցիք գայթակղությանը, ի՜նչ շուտ սկսեցիք ինքնաոչնչացվել: Չդիմացաք տեսածին, գերվեցիք նյութին, ձեր անձը սարքեցիք պաշտամունք ու ձեր տեսակին ստիպեցիք վերարկու հրամցնել, անձրեւանոց պահել, երբ ձեռուոտ ունեք, երբ ծանր չէ…
Կարելի է, չէ՞, զուսպ ու համեստ լինել. չէ՞ որ համեստությունը դեռ ոչ ոքի չի խանգարել:

Ընդհակառակը, զարդարել է, մանավանդ, երբ այն «կրողը» շարքային մահկանացու չէ:
Անկեղծ ասած՝ ես ցավում եմ վարչապետ Փաշինյանի համար, ափսոսում հեղափոխությունն ու այն գաղափարները, որոնց վրա Փաշինյանի թիմակիցները ստվեր են գցում: 
Այն, ինչ չի ստացվում հակահեղափոխականների ճամբարում, վարժ ու սահուն ստացվում է թավշյա թիմում: