Երևանը Հախվերդյանի ու Ֆորշի երգերն են, Երևանը գարաժների դռները դարպաս սարքած երեխաներն են․ Ավինյան (տեսանյութ)

Երևանը Հախվերդյանի ու Ֆորշի երգերն են, Երևանը գարաժների դռները դարպաս սարքած երեխաներն են․ Ավինյան (տեսանյութ)

Երևանի ավագանու արտահերթ նիստում ավագանին նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ընտրեց փոխքաղաքապետ։ Ելույթ ունենալուց առաջ Ավինյանը նախ խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել Հայաստանի ինքնիշխանության համար մղվող մարտերում զոհված մեր զինվորների հիշատակը։ 

Ապա անցավ բուն ելույթին՝ նշելով, որ յուրաքանչյուր պաշտոն կամ կարգավիճակ ընդամնեը միջոց է նպատակների իրականացման համար, ուստի իր համար մեծ պատիվ է լինել իր ծննդավայրի փոխքաղաքապետը՝ չնայած նրան, որ նախկինում ավելի բարձր՝ փոխվարչապետի պաշտոն է զբաղեցրել։ 

Հետո սկսեց թվարկել, թե ինչ է իր համար Երևանը։

«Երևանն առաջին հերթին մարդիկ են։ Երևանի մասին խոսելիս պատկերացնում ենք մարդկանց, որոնք ստեղծել են քաղաքում իր կոլորիտը իրենց երգերում, ֆիլմերում, շենքերում և քանդակներում։ Երևանը Թամանյան է իր ճարտարապետությամբ, Հախվերդյանի ու Ֆորշի երգերն են, որոնք պատկերում են մեր քաղաքը։ Երևանը Էդմոնդ Քյոսայանի «Տղամարդիկ» ֆիլմն է, Քոչարի, Արա Հարությունյանի, Նորիկ Կարգանյանի քանդակներն են, Երևանը Չարենցն ու Բակունցն են, որոնք շրջել են Երևանի փողոցներով և իրենց հերթը զիջել այսօրվա երիտասարդներին»,-անցյալի հուշերով նկարագրեց Երևանի կերպարը ապագա փոխքաղաքապետը։

Ապա անցավ Երևանի ներկային․ «Երևանի միայն անցյալը չէ, Երևանը նաև ներկան է ու ապագան։ Երևանը այսօրվա ճարտարապետներն ու քանդակագործներն են, այսօրվա նկարիչներն ու երաժիշտներն են, այսօրվա դերասաններն ու ռեժիսորներն են՝ բոլոր նրանք, ովքեր ապրում են Երևանում և ապրեցնում են քաղաքը։ Երևանը նաև այն մարդիկ են, ովքեր հոգ են տանում քաղաքի համար։Առավոտյան, երբ դեռ շատերս քնած ենք, փողոցները կարգի են բերում քաղաքապատարանի՝ մաքրություն իրականացնող աշխատակիցները։ Երևան են կանաչապատումն ու բարեկարգումն ապահովող մասնագետները,ոստիկանները, հրշեջներն ու փրկարարները, շտապօգնության վարորդներն ու բժիշկները, դաստիարակներն ու մանկավարժները, բոլոր նրանք, ովքեր իրենց բարեխիղճ աշխատանքով ապահովում են մեր քաղաքի բնականոն ընթացքը»։

Ավինյանը Երևանը ասոցացրեց նաև խնդրահարույց երևույթների հետ։ 

«Երևանը մարդիկ են, ովքեր ապրում են մեր քաղաքում և հոգում են իրենց ընտանիքների կարիքները, որտեղ, սակայն, բախվում են տարատեսակ խնդիրներին։ Ոմանք անվասայլակով կամ մանկասայլակով տեղաշարժվում են չհարմարեցված վայրերով, շատերն աշխատանքից կամ դասից ուշանում են՝ արդարացի կերպով դժգոհելով կանգառում ավտոբուսի սպասելով։ Երևանի խաղահրապարակ չունենալու պատճառով գարաժների դռները դարպաս սարքած երեխաներն են, և բոլոր այն ծնողներւն են, ովքեր գիշերվա հազարին հրավառությունից արթնացած իրենց երեխաներին են հանգստացնում։ Բայց խնդիրները նշելու հետ մեկտեղ՝ ես չեմ կարող չանդրադառնալ 2018 թվականից Երևանի քաղաքապետարանի ջանքերին, որոնք շատ խնդիրներ մեղմել են։ Այնուամենայնիվ, պետք է ասեմ, որ մեծ աշխատանքը դեռ առջևում է, քանի որ քաղաքն ունի նոր տեխնոլոգիական և համակարգային լուծումների կարիք»,-ասաց Ավինյանը։

Մանրամասն՝ տեսանյութում