ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն օգնում են, որ հանրաքվեն չեղարկվի՞

ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն օգնում են, որ հանրաքվեն չեղարկվի՞

Սահմանադրական հանրաքվեն հասել է կեսճանապարհին։ «Ոչ»-ի շտաբը բավականին լուրջ խախտումներ է արդեն իսկ արձանագրել եւ դրանք կուտակում, փաստաթղթավորում է։ Սակայն, քանի որ շտաբը կազմված է բացառապես իրավաբաններից, իսկ Սահմանադրական դատարանին այդ խախտումների առնչությամբ դիմում կարող են ներկայացնել միայն ԱԺ խմբակցությունները, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանին հարցրինք՝ դուք պատրաստվո՞ւմ եք հանրաքվեի սպասվելիք արդյունքները բողոքարկել ՍԴ-ում։ «ԲՀԿ-ն հանրաքվեի հետ կապված՝ արդեն իսկ հայտարարել է իր տեսակետը, որ չի մասնակցում գործընթացին, քաղաքական այդ պրոցեսին․ որոշումը մնում է ուժի մեջ»: Նույն հարցն ուղղեցինք ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչ Անի Սամսոնյանին։ «Չէի ցանկանա պատասխանել, որովհետեւ մեր կյանքի հարցն այսօր համաճարակն է. եթե անկեղծ` ինձ բացարձակ չի հետաքրքրում` ինչ կլինի հանրաքվեի հետ»: Կարո՞ղ ենք եզրակացնել, որ հանրաքվեն չի կայանա, ԼՀԿ-ն դրանից տեղյակ է, եւ դուք օգնում եք Նիկոլ Փաշինյանին, որ նա ձեր «ձեռքերով» հանրաքվեն չեղարկի։ «Մենք կոչ ենք արել հանրաքվեն հետաձգել, որովհետեւ համաճարակային իրավիճակ է՝ մենք ուզում ենք, որ մեր քաղաքացին կորոնավիրուսով չվարակվի, մեր հոգածության առարկան բացառապես ինքն է։ Մենք մի անգամ ասացինք` Իրանի սահմանը փակեք, կիսատ-պռատ փակեցին, մի անգամ ասացինք` դեպի Միլան թռիչքները դադարեցրեք, չարեցին. հետեւանքների պատասխանատուն իրենք են»: Հնարավո՞ր է փոշմանել եք, ու Նիկոլ Փաշինյանին առաջիկայում անվստահություն կհայտնեք։ «Ոչ. դրա նպատակահարմարությունն ու առիթը չկա»: