Էրդողանի «օդանավային մեսիջները»

Էրդողանի «օդանավային մեսիջները»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Բաքվից Անկարա վերադառնալիս, ընդունված ավանդույթի համաձայն, օդանավում ամփոփել է Ադրբեջան կատարած այցը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, եւ անդրադարձել է մի շարք թեմաների, այդ թվում նաեւ՝ «հայկական օրակարգին» կամ «հայկական թեմատիկային»։
Թուրքիայի նախագահը նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, ի թիվս այլ հարցերի, քննարկել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացները: «Բաքու-Երեւան խաղաղության գործընթացում առաջընթացն էապես նպաստելու է Երեւան-Անկարա հարաբերությունների կարգավորմանը։ Այսքան տառապանքից հետո մեր տարածաշրջանում խաղաղության դուռ է բացվում։ Ակնկալում ենք, որ բոլոր կողմերը պատասխանատվությամբ կմոտենան հարցին»,- ընդգծել է Էրդողանը։ Թուրքիայի նախագահը նաեւ անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Անկարա այցին. «Այն, որ Նիկոլ Փաշինյանն ընդունեց երդմնակալությանը մասնակցելու մեր հրավերը, կարեւոր քայլ էր։ Արարողության ժամանակ նրա հետ կարճ զրույց ունեցա եւ շնորհակալություն հայտնեցի Թուրքիա այցելելու համար»։ Էրդողանը հավելել է, որ Հայաստանի ղեկավարը բազմաթիվ խոչընդոտներ է հաղթահարել, որպեսզի կարողանա իր երդմնակալությանը ներկա լինել։

Վերջինս նաեւ խոսել է, այսպես կոչված, «զանգեզուրյան միջանցքի» մասին, սակայն քանի որ այդ հատվածը մեր այսօրվա ասելիքին ուղղակիորեն չի առնչվում, առայժմ թողնենք մի կողմ՝ անդրադառնալով առաջին երկու հատվածներին։ «Հայկական թեմատիկայի» հետ կապված առաջին մասում նոր բան, կարելի է ասել, գրեթե չկար։ Հասկանալի է՝ Թուրքիայի նախագահը վերահաստատում է հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացների միջեւ եղած ուղիղ կապը, որը հանդիսանում է Անկարայի՝ այս ուղղությամբ վարվող արտաքին քաղաքականության անկյունաքարը։

Առավել հետաքրքրականը թերեւս երկրորդ մասն էր, կապված Փաշինյանի՝ Էրդողանի երդմնակալությանն այցելության հետ։ Այստեղ Էրդողանի մտքերը ոչ այնքան բուն թուրքական հասարակության համար էին նախատեսված, որքան արտաքին աշխարհի, թեեւ Երեւանի համար էլ որոշակի «մեսիջ» էր պարունակում։ Նա փորձում է հասկացնել, որ ինքը նկատել է Փաշինյանի ներկայությունը եւ գնահատել, անգամ գիտի, որ հայ հասարակությունը դա վատ է ընդունել։ Իսկ, ընդհանուր առմամբ, Էրդողանը փորձում էր հասկացնել, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացը տեղում չի դոփում եւ դանդաղ, սակայն առաջ է գնում։ Իսկ դանդաղ լինելը կապված է ոչ միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ, այլեւ բազմաթիվ «խոչընդոտների», որոնք հաղթահարել է Փաշինյանը՝ Անկարա այցելելու համար։ Հասկանալի է, որ հետեւում է Հայաստանի ներսում եւ հայկական սփյուռքում Փաշինյանի հասցեին հնչած քննադատություններին եւ փորձում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում «կնճռոտ հարցերի» պատասխանատվությունը դնել ներհայկական իրականության վրա, որն Ալիեւը բնորոշում է «ռեւանշիստական տրամադրություններ ունեցողներ» տերմինով։ Հասկանալի է, որ խոսքը հայկական սփյուռքի եւ ազգային-հայրենասիրական տրամադրություններ ունեցող հատվածի մասին է։