Արդի տեխնոլոգիա՝ փայտյա վառարանի փոխարեն

Արդի տեխնոլոգիա՝ փայտյա վառարանի փոխարեն

Տավուշի մարզի ամենամեծ գյուղը՝ սահմանամերձ Կողբը, 4.5 կմ է հեռու պետական սահմանից: Գյուղի մեծերը կատակում են, թե գրեթե քաղաքաբնակի կյանքով են ապրում. ունեն երկու դպրոց, երկու մանկապարտեզ, մշակույթի տուն ու արվեստի դպրոց, հիմնական զբաղմունքն էլ բուսաբուծությունն ու այգեգործությունն է: Եթե չլինի նկարահանող տեսախցիկի նկատմամբ երեխաների զգուշավոր ու վախվորած արձագանքը, ապա սահմանամերձ լինելու փաստն առաջին հայացքից կարող է նույնիսկ չզգացվել: Ուսին դրված տեսախցիկը մանկապարտեզի փոքրիկները նախ որպես կրակող զենք են ընկալում, ավելի ուշ՝ անտեսում են ու հանգիստ խաղում: 

Կողբի առաջին մանկապարտեզը կառուցվել է 70 տարի առաջ՝ 1965 թվականին: Ոչ տիպային շինությունն սկզբում ջեռուցվել է քարածխի, իսկ խորհրդային համակարգի փլուզմանը հաջորդած տարիներին՝ փայտյա վառարաններով: Ժամանակակից տեխնոլոգիական լուծումները՝ այլընտրանքային էներգիայով շենքը տաքացնելու տարբերակը, անհասանելի է եղել մանկապարտեզին: Հին մեթոդներով շենքում ջեռուցում ապահովելը բարդ ու վտանգավոր գործընթաց է եղել: 60 սան ունեցող մանկապարտեզի տարբեր սենյակներում տեղադրվել է 5 վառարան:  Չնայած դրանց գործարկումը եղել է աշխատակիցների մշտական ուշադրության կենտրոնում, սակայն վտանգն ու անհարմարությունը զգալի են եղել: 

«Ձմռան ամիսներին շենքում ջեռուցում ապահովելը շատ բարդ է: Հիմնականում փայտյա վառարաններով, երբեմն էլ էլեկտրական սալիկներով ենք տաքացնում: Կայուն ջերմաստիճան ապահովելը գրեթե անհնար է լինում: Սենյակները հաճախ ծխով են լցվում: Էլ չեմ խոսում շարժուն երեխաներին շիկացած վառարաններից հեռու պահելու մասին: Կարծում եմ՝ այս հարցում գյուղը չպետք է տարբերվի քաղաքից: Առավել եւս՝ սահմանամերձ գյուղը: Ուշադրությունը պետք է մեծ լինի»,- ասել է մանկապարտեզի տնօրեն Ալինա Մամյանը:  

Ամռանը խնդիրը ներկայացվել է համանման խնդիրները լուծելու արդյունավետ փորձ ունեցող գործընկերներին: Արձագանքը չի ուշացել: ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) արդեն իսկ համատեղ ջանքերով, գործնական կոնկրետ քայլեր են իրականացնում: Գործընկերները ձգտում են տաք ձմեռ ապահովել փոքրիկների համար: Ծրագիրն արդարացված է նաեւ բնապահպանական առումով: Հնացած ու ոչ արդյունավետ մեթոդներին փոխարինելու է ժամանակակից տեխնոլոգիան՝ ջեռուցման կենտրոնացված համակարգը՝ համալրված արեւային ջրատաքացուցիչներով:
Երեխաներին հարկավոր է մեծացնել առանց դժվար հիշողությունների: Դա կարեւոր է հատկապես ապագայի համար: Շիկացած, այրող մետաղը կամ սենյակ լցվող ծուխը չեն կարող առաջացնել դրական հույզեր: Գուցե շատ տարիներ առաջ փայտյա վառարաններով սենյակ ջեռուցելը համարվում էր նորմալ երեւույթ կամ միակ լուծումը, սակայն ոչ այսօր, երբ կան զարգացած ու անվտանգ տեխնոլոգիաներ: Սա մի ծրագիր է, որը թույլ է տալիս նորարար տեխնոլոգիաների կիրառմամբ փոխել սահմանին ապրող երեխայի եւ նրան դաստիարակող մանկավարժի առօրյան: Ուրախ եմ, որ գործընկեր կազմակերպության հետ կարող ենք օգտակար լինել նրանց»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Սահմանապահ եւ հեռավոր բնակավայրերում ջեռուցման էներգախնայող համակարգերի ներդրումը էկոգյուղերի ցանցի ստեղծման կարեւոր քայլերից է: Այսկերպ հնարավոր կլինի այդ գյուղերն ինտեգրել մի գործընթացում, որի հիմքում կայուն զարգացման չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային եւ սոցիալական բաղադրիչներն են: Ծրագրի արդյունքում էապես կկրճատվեն համայնքի բյուջետային ծախսերը, կլինեն խնայողություններ, որոնք կարող են ուղղվել այլ խնդիրների լուծմանը: