Գուցե հանդես գամ հայտարարությամբ․ ես գտնում եմ, որ այդպես չի կարելի անել․ Բալայան

Գուցե հանդես գամ հայտարարությամբ․ ես գտնում եմ, որ այդպես չի կարելի անել․ Բալայան

Գրել էին, որ քիչ առաջ դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել, որի օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի ընտրության հարցն է։ ԲԴԽ-ում դատավոր անդամի թափուր հաստիք է առաջացել այն բանից հետո, երբ դատավոր Մեսրոպ Մակյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ ԲԴԽ դատավոր անդամի թեկնածուներն են Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Մնոյանը և Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանը։

«Իմ կարծիքով՝ դատական դեպարտամենտը կանխորոշել է այն դատավորների շրջանակը, ովքեր իրավունք ունեն առաջադրվելու, ես գտնում եմ, որ այդպես չի կարելի անել:  Այո, այս ժողովի ընթացքում գուցե ես հայտարարությամբ հանդես գամ։ Գիտեք, որ այս ժողովին ԲԴԽ-ն չի մասնակցում, մասնակցում են դատավորները: Կփորձեմ դատավորներին տեղ հասցնել այն, ինչ հիմքով դատարան եմ դիմել»,- այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի   ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը: Նա  ընդդեմ Դատական դեպարտամենտի ղեկավարի, հիշեցնենք,  հայց է ներկայացրել դատարան: 

Դավիթ Բալայանը պահանջում է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության համար քվեաթերթիկում ներառելու ծանուցումը միայն մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորներին ուղարկելու գործողությունը ոչ իրավաչափ ճանաչել եւ որպես հետեւանք՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության համար քվեաթերթիկում ներառելու ծանուցում ուղարկել առաջին ատյանի դատարանների բոլոր այն դատավորներին, ովքեր բավարարում են Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թեկնածուի համար սահմանված պահանջներին։

Հայտնի է նաև, որ այս ամսվա սկզբին Բարձրագույն դատական խորհուրդը  որոշեց դադարեցնել Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով։  Լրագրողները դատավոր Բալայանից կարծիք խնդրեցին նաև վերոնշյալի վերաբերյալ։

«Նա անարդար կերպով է հեռացվել դատական համակարգից»,- արձագանքեց Բալայանը։