«Հրապարակ». Չենք կարողանում ո՛չ նորմալ ապրել, ո՛չ էլ նորմալ շնչել

«Հրապարակ». Չենք կարողանում ո՛չ նորմալ ապրել, ո՛չ էլ նորմալ շնչել

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից երկու տարի անց Հայաստանից ու Արցախից դեռ վառոդի հոտ է գալիս: Ո՛չ Արցախում է իրավիճակը խաղաղվել, ո՛չ էլ Հայաստանում: Չնայած երկու տարի առաջ այս օրը, Ռուսաստանի միջնորդությամբ, Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվեցին դադարեցնել ռազմական գործողությունները եւ կանգնել զինուժի զբաղեցրած դիրքերում, Ադրբեջանն անցած երկու տարում միայն Հայաստանից շուրջ 130 քառակուսի կիլոմետր տարածք է օկուպացրել, իսկ ապագան անորոշ է: Համաձայնագրի ստորագրումից երկու տարի անց ի՞նչ է փոխվել մեր կյանքում․ զրուցել ենք 44-օրյա պատերազմի խորհրդանիշ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հոր` Արտակ Հովհաննիսյանի հետ:

- Նոյեմբերի 9-ի համաձայնագրից երկու տարի անց ի՞նչ է փոխվել մեր կյանքում:

- Ոչ մի բան էլ չի փոխվել…. ամեն ինչ գնում է դեպի վատը: Ես ոչ մի կայուն ու լավ բան չեմ տեսնում: Վատագույնն այն է, որ ազգը պառակտվել է ու չի գիտակցում, թե ինչ է կատարվում: Անտեղյակ, մեկը մեկին մեղադրելով ապրում են: Կլինի իշխանություն, թե ընդդիմություն՝ փորձում են իրար վրա ցեխ շպրտելով հարցեր լուծել, սակայն դա սխալ մոտեցում է: Ամենաշատ ասելիքը մերն է: Խոսքը բոլոր պատերազմներում զոհված զինվորների ծնողների մասին է` արցախյան առաջին պատերազմից սկսած մինչեւ մեր օրերը: Ծնողները լուռ են, ամեն մեկը՝ իր ցավերով, մտքերով մեկուսացած…. մի քանիսը կան, որ չեն լռում, սակայն քիչ են: Այսօր հիմնական պահանջատերը մենք պետք է լինենք: Ես ակտիվություն չեմ տեսնում, չգիտեմ ինչն է պատճառը: Ինքս էլ ժամանակին փորձել եմ քայլեր ձեռնարկել, խոսել, սակայն եկավ ինչ-որ մի պահ, երբ բոլորն ինչ-որ խմբերի բաժանվեցին, եւ այդպես ամեն մեկն իր համար…. մեկը համակերպվել է, մեկը չի համակերպվել: Ամեն մի ծնող մտածում է յուրովի:

- Ինչպիսի՞ Հայաստան կցանկանայիք տեսնել այսօր:

- Չգիտեմ՝ կհասցնեմ տեսնել, թե չէ, բայց կցանկանայի տեսնել այնպիսի Հայաստան, ինչպիսի Հայաստան որ կցանկանային տեսնել մեր տղերքը: Ինձնից հետո գուցե տեսնեն սերունդները: Չեմ կարծում, որ ես կտեսնեմ: Չեմ հասցնի…. գոնե սերունդները տեսնեն: Ուժեղ, պինդ ու բարեկեցիկ Հայաստան կուզեի տեսնել:

- Ինչո՞ւ եք կարծում, որ չեք հասցնի տեսնել ուժեղ ու բարեկեցիկ Հայաստան: Իրավիճակն այդքան անհո՞ւյս է:

- Ըստ շատ աղբյուրների` այո, անհույս ենք: Չգիտենք, թե վաղը, երբ լույսը բացվի, ինչ է լինելու: Եթե կա մեկը, որ տեսնում է լավ բան, թող ասի, մենք էլ տեսնենք:

- Աննա Հակոբյանը Չարենց է ցիտում, Չարենցի խոսքերով ասում է, թե թաղել է պետք մեռելներին, որ վիշտը պետք է մոռանալ ու առաջ նայել:

- Չեմ ցանկանում էլ անդրադառնամ այդ տիկնոջը: Եթե խոսեմ, շատ կոպիտ կխոսեմ, իսկ նա հայ կին է, ի վերջո: Չեմ ուզում իրենց նման վարվել: Եթե կա մեկը, որ իր վիշտը կարող է մոռանալ, ուրեմն անասունից չի տարբերվում: Չեմ պատկերացնում նման մարդու, որ կարող է իր զավակին կորցնել ու մոռանալ: Նման ծնող չկա: Երկու տարի է անցել, բայց ոչինչ չենք մոռացել: Չենք կարողանում ո՛չ նորմալ ապրել, ո՛չ էլ նորմալ շնչել: Բոլորդ էլ գիտեք, թե ես ինչեր եմ արել ու անում, սակայն այդ մասին չեմ էլ ցանկանում խոսել: Դա մեզ ոչինչ չի տալու: Ինչքան կկարողանամ, կանեմ: 2020 թվականից հետո հայրենիքն իմ որդին է: Ծնողը կարո՞ղ է չցավալ իր զավակի համար, չբռնել զավակի ձեռքը, կարո՞ղ է` ոչ, միանշանակ: Հայաստանն իմ որդին է: