Ազգովի նման ենք հորձանուտին հանձնված տաշեղի

Ազգովի նման ենք հորձանուտին հանձնված տաշեղի

Հարցազրույց Կոտայքի մարզի գործարարների նախագահ Աշոտ Օհանյանի հետ

- Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին զուգահեռ սրվում են ՀՀ ու Արցախի շուրջ անվտանգային հարցերը: Ի՞նչ զարգացումներ են տեղի ունենում։

- Իրավիճակն ավելի քան բարդ է, իմ գիտակցական կյանքի ընթացքում ես այսպիսի բարդ իրավիճակ չեմ հիշում: Այս իրավիճակին դիմակայելու համար մենք պետք է պատրաստ լինեինք մեր ռեսուրսներով: Այսօր, ցավոք, պատրաստ չենք, նորանկախ Հայաստանի ավելի քան 30 տարվա տարեգրությունը մենք ավելի քան վատ օգտագործեցինք: Խորհրդային ժամանակներից մեզ փոխանցված ռեսուրսները մսխեցինք, չօգտագործեցինք, չզինեցինք մեր բանակը, չստեղծեցինք նոր արտադրական կարողություններ, որի արդյունքում մեր երկիրը կզարգանար: Առաջին պատերազմից հետո շատ վատ օգտագործեցինք հաղթանակի պտուղները, էլի ապիկար իշխանության պատճառով: 30 տարի ապրեցինք՝ առանց հասկանալու, թե որտեղ է մեր շահը, եւ ուր ենք գնում, ապրում ենք՝ չունենալով զարգացման տեսիլ: Պետությունը չունի այդ զարգացման տեսիլը` ստրատեգիական,  գիտական, սոցիալ-տնտեսական, հասարակական եւ քաղաքական: Մենք այսօր ազգովի նման ենք հորձանուտին հանձնված ամուր տաշեղի: Ես մեր դժբախտությունների հոգեւոր հորը համարում եմ Տեր-Պետրոսյանին: Նա հենց առաջին տարիներին սկսեց ավերել տնտեսությունը: Այդ տարիներին միայն 40 հազար կադր գնաց Հայաստանից: Էդ կադրերը Հայաստանին պե՞տք չէին: Նրա օրոք ամեն ինչ ավերվեց, Քոչարյանի ժամանակ էլ սկսվեց լուրջ թալանը: Սարգսյանի ժամանակը դարձավ քրեաօլիգարխիկ: Ներկայիս իշխանությունները հեռու են թալան-թրաշից, ուզում են ինչ-որ բան անել, բայց այստեղ էլ նավի ղեկին կանգնեցրել են մի կապիտանի, որը նավ վարել չգիտի: Հիմա ստեղծվել է մի այսպիսի բարենպաստ իրավիճակ:

- Ի՞նչ առումով բարենպաստ:

- Տարբեր աշխարհաքաղաքական ուժերի շահերի հակասությունների արդյունքում Հայաստանը դարձել է մի  թնջուկ, ամեն մեկն իր հերթին ձգտում է իր շահի համար մեզնից օգուտ քաղել: Տեսեք, մի կողմից ՌԴ-ն եւ Արեւմուտքի հակասությունները սրվել են՝ չգիտես ինչ աստիճանի: Արեւմուտք եւ Թուրքիա հարաբերություններն էլ շատ բարդ են հիմա: Արեւմուտքը երեկ արդեն սանկցիաներ կիրառեց Իրանի նկատմամբ: Իրանը մի կողմից հայտարարում է, որ թույլ չի տա որեւէ սահմանային փոփոխություն: Ռուսաստանը մեր դաշնակիցն է, դա ուզենք, թե չուզենք: Եթե անգամ ուզենանք ՀԱՊԿ-ից դուրս գալ, 97-ին կա ստորագրած պայմանագիր: Արեւմուտքը Հայաստանում սկսել է ակտիվանալ: 44-օրյա պատերազմը փայլուն դրսեւորումն էր այն բանի, որ ԱՄՆ-ն երբեք էլ չի եղել հայերի թիկունքին կանգնած վստահելի դաշնակից: Արդյո՞ք ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի Ադրբեջանի դեմ, բավական է ադրբեջանական ակտիվները սառեցնեն` վերջ, բայց կանե՞ն: Հենց այս թնջուկում ենք հայտնվել, ո՞նց անենք, որ խելքներս կտրի, ուժներս պատի, որ այս իրավիճակից օգտվենք եւ մեզ համար ավելի բարենպաստ վիճակ ստեղծենք: Մենք պետք է միաբանվենք, հասկանանք, որ միայն մեկ բռունցք դարձած ավելի կոնկրետ քայլեր կարող ենք ձեռնարկել: Պարբերաբար խոսվում է խաղաղության մասին: Ի՞նչ է, ի վերջո, իրենից ներկայացնում այդ «խաղաղության համաձայնագիրը»։ Ես կասեմ այսպես․ գուցե շատերի դուրը չգա, լավ թե վատ` թուրքի եւ ադրբեջանցու մեջ տարբերություն կա: Թուրքը շատ նենգ, անմարդկային է` հիշենք մեր պատմությունը: Ադրբեջանցիների հետ մենք ապրել ենք տարիներ շարունակ, բայց վերջին տարիներին Ադրբեջանում այնքան թույն ներարկեցին, որ հայերն իրենց թշնամին են, արդեն այդ սերունդը՝ 30-35 տարեկան, մոլագար է` որ հրաման ստացան, ոչ մի բանի առաջ կանգ չեն առնի: Բայց մի կողմից էլ հայի եւ ադրբեջանցու տարբերությունն է շատ մեծ: Ադրբեջանցին կնվիրվի եւ հավատարիմ շան պես քեզ կծառայի, բայց հայը տասն անգամ կվերցնի, կդնի, հաշիվներ կանի, մինչեւ քո հետ միաբանվի` վեց անգամ իր գրպանի պարունակությունը կհաշվի, թե ինչքանով է իրեն ձեռնտու: 70 տարի հաշտ ու խաղաղ ապրել ենք: Ես սովետական տարիներին գնում էի Բաքու, եթե կանգ չառնեի ծանոթ մարդկանց մոտ, կնեղանային: Որպեսզի այդ խաղաղության պայմանագիրը ռեալ լինի, պետք է թշնամությունը մեր մեջ վերանա, կառավարությունն էլ հստակ դիրքորոշում արտահայտի: