Մեզ հետ երբեէ ոչ մեկն այսպես չի հարաբերվել՝ ո՛չ թշնամի, ո՛չ հարեւան երկիր

Մեզ հետ երբեէ ոչ մեկն այսպես չի հարաբերվել՝ ո՛չ թշնամի, ո՛չ հարեւան երկիր

Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու Նիկոլ Փաշինյանի եւ իր իշխանության ներկայացուցիչների վերջին օրերի հայտարարությունները զարմանք են առաջացրել ոչ միայն Հայաստանում, այլեւ Արցախում։ «Ինչպե՞ս կարելի է 44-օրյա գազանություններից հետո մեր հակառակորդներին դիտարկել որպես ոչ թշնամի, եւ առհասարակ՝ իրենք ցանկություն ունե՞ն մեզ նույնկերպ դիտարկելու»,- արձագանքում են Արցախից։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Արագածոտնի մարզում Նիկոլ Փաշինյանն առաջինը խոսեց այդ մասին եւ ասաց․ քանի դեռ մենք մեր հակառակորդներին թշնամի ենք դիտարկում, նրանք էլ մեզ են դիտարկում, եւ այդ «փակ շղթայից» պետք է դուրս գալ։ Երկու օր առաջ էլ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար, ծնունդով արցախցի Արմեն Գրիգորյանը շարունակեց՝ հայտարարելով, որ պետք է շտկումներ մտցնել Թուրքիայի նկատմամբ Երեւանի մոտեցումներում։ Հաղորդավարի հարցին՝ «Թուրքիան այլեւս թշնամի պետություն չէ՞ Հայաստանի համար», նա պատասխանեց. «Եթե մենք գնում ենք ապաշրջափակման, ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն, ու մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»։ Իսկ ԱԳ նախարար Արա Այվազյանն էլ երեկ ասաց, թե չի կարծում, որ «Թուրքիան չի փոխի իր հայատյացության այդ կեցվածքը»։

Արցախի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Բալայանն ասում է, որ խաղաղությունը, անշուշտ, լավ բան է, բայց պետք է հասկանալ, թե ինչ գնով է այն հաստատվում․ «Ստացվում է, որ  մեզ պետք է ջարդեին, փշրեին, հայրենազրկեին, հետո ասեին՝ դե, գիտեք, մեր հարեւաններն են, պետք է խաղաղ ապրենք»։ «Իսկ թուրքն ուզո՞ւմ է, որ խաղաղ ապրի մեզ հետ»,- հարցնում է նա ու շարունակում․ «Երբ հայտարարվում է, որ Զանգեզուրն էլ է մերը, Երեւանն ու Սեւանը, այս պարագայում խոսել խաղաղության մասին, կա ընդամենը մի բացատրություն՝ հրաժարվել պետականությունից, հրաժարվել Ցեղասպանությունից, տալ ամեն ինչ։ Ձեր կարծիքով, 1918-20 թթ․ Կարսն ինչո՞ւ հանձնվեց, որովհետեւ հայ կոմունիստները, բոլշեւիկներն ասում էին՝ թուրքը մեր բարեկամն է, եւ մեր իշխանությունն է մեր թշնամին, ու կարելի է հանձնել, հանգիստ ապրել։ Բայց ի՞նչ ստացանք»։ Արցախի պատգամավորը խորհուրդ է տալիս՝ եթե ՀՀ իշխանություններն իսկապես խաղաղության են ձգտում, լծվել պետության հզորացմանը․ «Հայաստանի ոտքի տակ ընկած հեղինակությունը թող բարձրացնեն, եթե խաղաղություն են ուզում։ Մեզ հետ երբեւէ ոչ մեկն այսպես չի հարաբերվել՝ ո՛չ թշնամի, ո՛չ հարեւան երկիր»։

Ասում է նաեւ՝ խաղաղության ձգտող իշխանությունն առաջնահերթ կլծվեր անվտանգային խնդիրների լուծմանը, մինչդեռ Արցախի եւ Հայաստանի անվտանգության խորհուրդների համատեղ նիստից հետո որոշեցին Արցախում բնակարանաշինությանը զարկ տալ, Արցախում 110 միլիարդ դրամի բնակարանաշինության եւ ենթակառուցվածքների կառուցման ծրագիր կիրականացվի։ «Արցախի թիվ մեկ խնդիրը եղել եւ մնում է անվտանգությունը։ Դե, եկեք Արցախում ոսկե շենքեր կառուցենք, տեսնենք՝ ովքե՞ր կապրեն այնտեղ, եթե անվտանգ չէ»,- ասում է նա։

«Հայաստանը պետք է խոսի այն մասին՝ կարողանո՞ւմ է արդյոք Արցախի անվտանգության երաշխավորը լինել։ Առանց տան էլ մարդ յոլա կգնա, կարող է վրանի տակ էլ ապրի, բայց՝ անվտանգ։ Այո, բնակարանն էլ է կարեւոր, բայց կարեւորը նախ միջավայրն է, անվտանգությունը՝ որտեղ է ապրում, ինչ ապագա ունի։ Իսկ այսօր դուք տեսեք, թե ինչ մթնոլորտ է ձեւավորվել Հայաստանում, որ մենք Արցախին զինվոր չենք տա։ Թող այդ մթնոլորտը ցրեն։ Մենք, փաստորեն, դասեր չենք քաղում պատմությունից, կար ժամանակ էլ, որ ասում էինք՝ Արցախը բեռ է մեզ համար, մինչեւ չհանձնենք, լավ չենք ապրելու։ Հիմա թուրքը հասել է Սեւանի ափ, Գորիս։ Մտածել, որ այդպես հանձնելով ՀՀ քաղաքացին երջանիկ է ապրելու, այդպես չէ»։

Արցախի մեկ այլ՝ ընդդիմադիր «Արդարություն» կուսակցության ղեկավար Հակոբ Հակոբյանը հիշեցնում է իրենց 2 տարի առաջվա հայտարարությունները, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը չարիք են։ «Մենք իրենց չարիքի իշխանություն էինք անվանում։ Հիմա իրենց վերջին օրերի հայտարարությունները կասկած չեն թողնում մեր  մտահոգություններին, հավանաբար, իրենց ծրագրի վերջին մասն է։ Արցախի հանձնումը թերեւս առաջին մասն էր, իսկ խաղաղության ինչ-ինչ պայմանագրերի, պայմանավորվածությունների ստորագրումն այս օրերի խնդիր է։ Այս պայմանավորվածություններով, թերեւս, ՀՀ իշխանությունները կօգնեն Ադրբեջանին եւ Թուրքիային՝ ամրագրել իրենց հաղթանակը, ճանաչել տարածքային ամբողջականությունը։ Մինչդեռ այսօր մենք ունենք օկուպացված տարածքներ, եւ, կարծում եմ, իշխանություններն այսօր ավելի շուտ պետք է մտածեն այդ տարածքները վերադարձնելու եւ ոչ թե խաղաղության մասին»,- ասում է նա։ Հակոբյանի խոսքով՝ թե՛ Արայիկ Հարությունյանի, թե՛ Փաշինյանի գործելաոճը թրքահաճո է, եւ նրանցից ամեն ինչ սպասելի է։

Ընդդիմադիր գործչի կարծիքով, լավ կլիներ, որ մեր հակառակորդների հետ բարեկամություն անելու փոխարեն Հայաստանի եւ Արցախի իշխանությունները մտածեին սեփական ժողովրդի մասին․ «Արցախում այսօր որոշակի սոցիալական հարցեր են նախանշվում, սակայն մենք մտածում ենք, որ մարդը բանական էակ է, եւ նրան չոր տեղ ու կուշտ ստամոքսով ապահովելը դեռեւս չի նշանակում, որ մենք խնդիրներին լուծում ենք տվել։ Մենք որեւէ ծրագիր չենք տեսնում ժողովրդի բարոյահոգեբանական վիճակը լավացնելու, ազգի գաղափարախոսության վերաբերյալ, պատահական չէ, որ ԱՀ գլխավոր դատախազությունն էլ փաստեց, որ վերջերս Արցախում ինքնասպանություններն ավելացել են»։ Եթե պատերազմից հետո Արցախում դեռեւս չեն կարողանում հաղթահարել հետպատերազմական շոկը, քանզի չկա մի տուն, որ սգակիր չէ, ապա, Հակոբյանի կարծիքով, չի նշանակում, որ ինչ-որ պահի ժողովուրդը չի ընդվզելու։