«Հրապարակ». Հավանականությունը շատ մեծ է, որ գործելու ենք նույն սխալները

«Հրապարակ». Հավանականությունը շատ մեծ է, որ գործելու ենք նույն սխալները

Տավուշի գյուղերը թշնամուն հանձնելու աշխատանքները գետնի վրա մեկնարկելու ֆոնին, նախօրեին Արցախի Քարինտակ գյուղի լուսանկարը տարածվեց՝ ադրբեջանական օկուպացիայից առաջ ու հետո։ Գյուղը հիմնահատակ ավերված էր, հողին հավասարեցված։ Արցախի ԱԺ նախկին նախագահ, «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ հիմնադիր անդամ Աշոտ Ղուլյանին խնդրեցինք՝ այս հերթական խոսուն փաստը հաշվի առնելով, մեկնաբանել Արցախի կորստի դասը, հայկականության հետքն այնտեղից վերացնելու ճչացող օրինակներն աչքի առաջ ունենալով, ինչպե՞ս է հնարավոր կարծել, թե Տավուշում հաջորդական զիջումներից հետո Ադրբեջանի հետ հնարավոր է լինելու անվտանգ ու խաղաղ ապրելու թեզը կենսունակ համարել։

«Այդ հարցը պետք է ուղղել նրանց, ովքեր մեկ տարի առաջ Երեւանից արցախցիներին խորհուրդ էին տալիս անպայման խոսել Ադրբեջանի հետ՝ մեր իրավունքների եւ անվտանգության աստիճանի մասին։ Գուցե հիմա նրանք հասկանան, որ այն, ինչ տեղի է ունենում այսօր Արցախում՝ ամբողջական բնակավայրերի ավերման, մեր պատմական, մշակութային ժառանգության ոչնչացման տեսքով, դա այն մեծ ծրագիրն է, որն Ադրբեջանը պետական մակարդակով մշակել ու այժմ գործի է դնում։ Համոզված եմ՝ այդ ամենը տեղի էր ունենալու արցախցիների աչքի առաջ, եւ որեւէ բան ադրբեջանցիներին հետ չէր պահի այդ գործելաոճից, որը նրանք այսօր ցուցաբերում են Արցախի, նրա բնակավայրերի բոլոր այն մասունքների հանդեպ, որոնք այսօր մնացել են մեր հայրենի հողում»,- «Հրապարակ»-ին ասաց Աշոտ Ղուլյանը։

Այսօր ՀՀ սահմաններին տեղի ունեցող գործընթացները նրան հիշեցնում են Արցախի շրջափական սցենարը։ Զարգացումները նման են, բայց Արցախի հետ տեղի ունեցածի դասն առնված չէ, ու նույն սխալները կրկնելու ռիսկն է մեծ։ «Կարծում եմ՝ բոլորի համար հստակ է, որ գրեթե նույն գործընթացն է տեղի ունենում։ Այսօր ես եւ իմ գործընկերները փորձել ենք հենց դա հիմնավորել, որ չենք կարող անընդհատ նույն սխալները կրկնել։ Այդ սխալները շատ-շատ են, բայց դրանց հիմքում ընկած է այն, որ ամեն ինչ տեղի է ունենում փակ ռեժիմով, ինչ-որ որոշումներ են ընդունվում, հավանաբար, քննարկումների հետեւանքով, բայց այդ քննարկումները, ինչպես նախկինում խոստացվել էր, որեւէ ձեւով ժողովրդին հասու չեն լինում, եւ, փաստորեն, այդ որոշումները, որպես արդեն կատարված փաստեր, մատուցվում են ժողովրդին։ Այս իմաստով հավանականությունը շատ մեծ է, որ մենք ապագայում գործելու ենք նույն սխալները»,- եզրափակում է Արցախի ԱԺ նախկին նախագահը։

Մարիաննա Ղահրամանյան