Ոստիկանությունում նախընտրում են 1,60-ից բարձրահասակ դիմորդներին

Ոստիկանությունում նախընտրում են 1,60-ից բարձրահասակ դիմորդներին

Հայաստանում ոստիկանության կադրեր պատրաստում է Ոստիկանության կրթահամալիրը, որը ներառում է ակադեմիան, քոլեջը և ուսումնական կենտրոնը։ 1991 թվականին ստեղծված Միլիցիայի բարձրագույն դպրոցը հետագայում վերանվանվեց ՆԳՆ բարձրագույն դպրոց, իսկ 2000թ․-ին՝ ՆԳՆ ակադեմիա և 2011 թվականին դարձավ ՀՀ ոստիկանության կրթահամալիր։ 

Hraparak.am-ը զրուցել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյանի հետ։ 

-Կրթահամալիրն իր դիմորդների ընդունելության համար որոշակի չափանիշներ է սահմանել: Ինչո՞վ է պայմանավորված, օրինակ, հասակի հետ կապված պահանջը՝ 160 սմ-ից ավելի։ Չէ որ դիմորդը միայն ավարտելուց հետո է որոշում, թե համակարգում որտեղ և ինչ պաշտոն է զբաղեցնելու, եւ պարտադիր չէ, որ այդ աշխատանքում բոյը կարեւոր լինի:

- Մենք ունենք կառավարության 2003 թվականի 175-N որոշումը, որտեղ սահմանված են բժշկական բոլոր չափանիշները։ Այո, դիմորդների հասակի հետ կապված դիտարկումը ճիշտ եք անում, որ առնվազն 160 սմ և ավել պետք է լինի։ Դա նրա համար է արված, որպեսզի ոստիկանության համակարգը նաև հասարակությանը ներկայանալի լինի։ Իհարկե, դուք հիմա կարող եք փաստարկել՝ գիտեք ինչ, 160 սմ-ի և 159 սմ-ի միջև տարբերությունը մեծ չի, ես մեծ հաշվով այդ տեսակետը կկիսեմ, բայց նաև կասեմ հետևյալը՝ պետք է լինի մի որոշակի սահման, որից վերև պիտանի կլինի, որից ներքև՝ ոչ պիտանի: Այսինքն՝ ուզած, թե չուզած, մենք որևէ իրավիճակում պետք է այդ տարբերակումը դնենք։ Գործող օրենսդրության համաձայն, այդ սահմանը 160 սմ-ն է, և պետք է 35 տարին լրացած չլինի։ Ձեզ հետաքրքրող 160 սմ-ի չափանիշը բացառապես վերաբերում է կրթահամալիրի անվճար կրթաձևին։ Ինչ վերաբերում է վճարովի համակարգին, ապա այստեղ հասակի հետ կապված խնդիրներ չենք դնում: Օրենսդրությունը հնարավորություն է տալիս, ելնելով ոլորտի առանձնահատկություններից, սահմանել նմանատիպ չափանիշներ: Օրինակ, ամերիկյան մոդելի համար հասակի և քաշի տարբերակում չկա, որովհետև ինքը կարողանում է իր վրա դրված ֆիզիկական ստանդարտներին համապատասխան վարքագիծը դրսևորել:

- Հասակի հետ կապված սահմանափակումներ կան, իսկ ինչո՞ւ քաշի առումով ոչ մի սահմանված չափանիշ չկա:

- Կառավարության կողմից ոստիկանության N 175 որոշման նպատակն է, բացի հասակի հետ կապված կարգավորումների, նաև մի շարք բժշկական խնդիրների ևս անդրադառնալ: Մենք չենք կարող ոստիկանության համակարգ, որը ծառայության կազմակերպման հետ է կապված, ընդունել մարդկանց, ովքեր առողջության հետ կապված x կամ y խնդիրն ունեն։ Իհարկե, դրանք բժշկական հարցադրումներ են, որոնց վերաբերյալ ես չեմ կարող պրոֆեսիոնալ դիտարկումներ անել։ Գործող օրենսդրությամբ սահմանված` կա հիվանդությունների ցանկ, որոնցով հնարավոր չի առհասարակ ուժային կառույցների որևիցե մի համակարգ դիմել։ Ըստ դրա, գիրությունն էլ կարող է կապված լինել որևիցե առողջական խնդրի հետ, և այս դեպքերը նույնպես հաշվի են առնվում: Եթե գիրությունը հիվանդության աստիճանի է, բժշկական չափանիշներում նաև դա է ներառվում: Իսկ եթե չկա հիվանդություն, որևէ արգելք չկա ընդունվելու կրթահամալիր:

- 18 տարեկան դիմորդը բուհ ընդունվել է 158 սմ հասակով, սակայն մեկ տարի անց ավելացել է նրա հասակը: Ինչո՞ւ այս տարիքային շեմը հաշվի չի առնվել: Նման դեպքում կարո՞ղ է ուսանողը կամ դիմորդը կրկին դիմել` արդեն անվճար ուսուցման անցնելու համար:

-  Այո, կարող է դիմել՝ նորից հանձնելով քննություններ և հաջողության դեպքում առաջին  կուրս ընդունվել: Մի ինչ-որ սահման պետք է ֆիքսենք և արձանագրենք պետության, կառավարության քաղաքականությունը, քանի որ փաստաթուղթը կառավարության որոշմանն է վերաբերում, ինքը որոշի, որ ապագայում դիմորդի հասակը ոչ թե 160 սմ պետք է լինի, այլ՝ 170 սմ կամ ավելի նվազի: Պետության քաղաքականությունն այս իմաստով որոշակի շեմով պետք է ավարտվի: Մենք ունենալու ենք պարտադիր անհրաժեշտություն` որոշակի սահման նախատեսելու: Դուք օբյեկտիվորեն ողջամիտ բան եք ասում: Մարդը կարող է, օրգանիզմի առանձնահատկություններից ելնելով, լինի կամ դեռ զարգացման փուլում, կամ այդ փուլն արդեն իսկ ավարտած: Իմ կողմից մատնանշված 175-N 2003թ.-ի կառավարության որոշումը սահմանում է բոլոր չափանիշները: Նա անցնում է  համապատասխան բժշկական ստուգում: Հանձնաժողովը տալիս է եզրակացություն: Եթե այդ եզրակացությունը բացասական եղավ, որը կարող է կապված լինել հասակի, ինչպես նաև որոշ հիվանդությունների հետ, կապված հանձնաժողովի արդյունքներից՝ Ոստիկանության պետի հրամանով հաստատվում է մանդատային հանձնաժողով, որի նպատակն է՝ ուսումնասիրել այդ եզրակացությունները և ինֆորմացիան, որոնք հավաքվում են ապագա ուսանողի վերաբերյալ: Եվ ըստ այդմ հասկանալ՝ գործող օրենսդրության չափանիշներին համապատասխանո՞ւմ են դրանք, թե՝ չէ: Եթե բացասական է մշտական հանձնաժողովի եզրակացությունը, և մանդատային հանձնաժողովն էլ է ուսումնասիրել և նույն եզրակացության եկել, ապա մանդատային հանձաժողովն է հաստատում, և ուսանողին թույլ չենք տալիս մասնակցելու հիմնական քննություններին:

-Ուսանողը, որը երկար ժամանակ պատրաստվել է կրթահամալիրի քննություններին, ի՞նչ պետք է անի նման դեպքերում:

- Այո, ճիշտ եք ասում, դիմորդն ինքը պետք է նախօրոք տեղեկացված լինի, որ պետք է անցնի բժշկական որոշակի հիվանդություններով ցանկի հետազոտություն: Երբ որ մենք հայտարարություն ենք տալիս, նշում ենք հայտարարության մեջ, որ բժշկական ստուգման արդյունքներով ենք մանդատային հանձնաժողովի աշխատանքները կազմակերպում: Դիմելու պահին հենց դիմորդին համապատասխան փաստաթղթի միջոցով ուղարկում ենք մեր բժշկական վարչություն՝ հետազոտման: Հետևաբար, ապագա դիմորդը պետք է լավ հասկանա, որ բժշկական հանձնաժողովի եզրակացությունը բուհի համար, մանդատային հանձնաժողովի համար և հետագա ընդունելության քննություններին մասնակցելու համար ունի ելակետային նշանակություն:

- Կլինե՞ն փոփոխություններ` չափորոշիչներով պայմանավորված:

-  Այս տրամաբանությամբ, եթե իգական սեռի դիմորդների համար շեմն իջեցնենք, դրանով կփորձենք ընդլայնել շրջանակը, կլուծենք այդ հարցը: Շեմը բարձրացնենք՝ ֆիզիկական գրավչության իմաստով կունենանք սլացիկ կազմվածքով կին ուսանողներ: