Ընկավ պոպուլիզմի թակարդը

Ընկավ պոպուլիզմի թակարդը

Աշխատանքային շաբաթվա վերջում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հրավիրել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության խորհուրդների համատեղ նիստ: Նիստում ՀՀ կառավարությունն, ըստ վերը նշված անձի ֆեյսբուքյան գրառման, առաջարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Արցախում իրականացնել 110 մլրդ դրամի բնակարանաշինության և անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման ծրագրեր: Գրառմանը կցվել է կարճ տեսանյութ, որտեղից իմանում ենք, որ ծրագրի իրականացմանը հիմնադրամից փոխանցվելու է 58 մլրդ դրամ: Մնացած 52 միլիարդը տրամադրվելու է ՀՀ պետական բյուջեից:

Ինչո՞ւ հենց 52 միլիարդ՝ կհարցնի բանից անտեղյակ ընթերցողը: Պատասխանեմ՝ դա այն գումարն է, որ հիմնադրամից անօրինականորեն փոխանցվել էր ՀՀ պետբյուջեին: Դա դարձել էր սկանդալի պատճառ, և Փաշինյան Նիկոլը ստիպված է գումարը վերադարձնել հիմնադրամին և ծախսել Արցախում: Իսկ 52 միլիարդը փոխանցվել էր ՀՀ պետբյուջեին, որպեսզի այն ծախսվեր պատգամավորների, նախարարների և այլ բարձրաստիճանի չինովնիկների պարգևավճարների վճարման, Փաշինյանի անվտանգությունն ապահովող ոստիկանների աշխատավարձերի բարձրացման և այլ նպատակներով: Բայց Նիկոլը երևի հասկացավ, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ նման բան անելը սխալ է, և որոշեց գումարը վերադարձնել:

Բայց Փաշինյանը Նիկոլ չէր լինի, եթե գումարի վերադարձը չփորձեր օգտագործել փիառի նպատակով, այլ ուղղակի ընդուներ իր սխալն ու ներողություն խնդրեր: Չէ, ինքը դրա փոխարեն հիշատակված տեսանյութում ասում է, որ Արցախում բնակարանաշինության և անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման ծրագրով կյանքի կոչում իր վեցամսյա ճանապարհային քարտեզը: Այստեղ կանգ առնենք, ու դիտարկենք պոպուլիզմի դրսևորման նրա հիմնական հարթակը՝ ֆեյսբուքը: Նշված նյութի տեղադրումից 3-4 ժամ անց հավանումների քանակը պակաս էր 3000-ից, ինչն անսովոր երևույթ է նրա դեպքում: Նույն թեմայի վերաբերյալ նախորդ օրվա գրառմանը հավանություն էր տվել 4500 օգտատեր, իսկ նույն օրվա կառավարության հերթական նիստին՝ 3500:

Ասվածը նշանակում է, որ ա/ Նիկոլի աշխատանքային գրառումներն արդեն չունեն նախկին վարկանիշը հենց իր աջակիցների շրջանում, բ/ Արցախի վերականգնման խնդիրը նրանց ավելի քիչ է հետաքրքրում: 

Այստեղ արդեն մոտեցանք հոդվածի վերնագրի լուսաբանմանը. Փաշինյանը փորձեց փիառի նպատակով օգտագործել 110 միլիարդի վերականգնողական ծրագիրն ու հատկապես ՀՀ պետբյուջեից 52 միլիարդի տրամադրման պահը, բայց հենց դա էլ հանդիպեց իր կողմից    զոմբիացված կենսազանգվածի անտարբերությանը: Դրա պատճառն այն է, և երևի ինքն արդեն սովորության համաձայն մոռացել է, որ արցախցի-հայաստանցի բաժանումներով ինքը հասել է նրան, որ հայաստանցին և հատկապես երևանցին թքած ունի այն ամենի վրա, ինչ կատարվում է այսօր և կատարվելու է ապագայում Արցախում:

Վերհիշենք նաև զորակոչիկ տղաների ծնողների բողոքը իրենց երեխաներին Արցախ ուղարկելու դեմ: Իսկ այդ ամենի սկիզբը դրվել է, եթե ընթերցողը չի մոռացել, Փաշինյանի հոգևոր հոր՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, օրոք. հիշում եք, չէ՞, վերջինիս «Սերգո ջան, լավ չես ապրի» խոսքը Արցախի խնդրի կապակցությամբ: Ու ավարտին է հասցվել իր դավաճանական կամ ապաշնորհ հրամանատարության պատճառով մեզ հասցված պարտությամբ:

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ