Արցախում ՔՊ-ն կարգելվի՞

Արցախում ՔՊ-ն կարգելվի՞

Արցախում առանձին քաղաքական գործիչներ ճիշտ են ասում: Քաղաքական պոռնոգրաֆիան (այսուհետ՝ ՔՊ) պետք է արգելվի: Արցախն այն վիճակում չէ հիմա, որ իրեն թույլ տա մի այնպիսի անպետք շքեղություն, ինչպիսին ՔՊ-ն է եւ ՔՊ-ով զբաղվողները: Այո, այո, պետք է բացեիբաց հայտարարել, որ ում բռնեցին ՔՊ-ով զբաղվելիս, տեղում հարցերը կլուծեն ռազմական տրիբունալով: Նաեւ ժամանակն է, որ Սամվել Բաբայանը մի որոշ ժամանակով բացակայի Արցախից, որպեսզի չհայտնվի արցախյան ՔՊ-ականների ցուցակում: Կարելի է հարցն ավելի խիստ դնել՝ Արցախում պետք է մի որոշ ժամանակ, մինչեւ իրավիճակի կարգավորում, բոլորին արգելվի քաղաքականությամբ զբաղվելը: Չեք զբաղվում քաղաքականությամբ, եւ վերջ: Դուք մի տնից չեք, բայց մի օրի եք: Հավաքվում եք իրար գլխի եւ զբաղվում մեկ գործով՝ Արցախի եւ ձեր փրկության գործով: Իսկ ինչ վերաբերում է ՔՊ-ական Հայաստանին ինչ-որ բանով օգնելուն, ապա դուք դա կարող եք անել մեկ հստակ հայտարարությամբ՝ «Այսօրվանից Արցախում ՔՊ-ն արգելված է»: Լավ օրինակը կարող է վարակիչ լինել նաեւ Հայաստանի համար:

Իսկ ովքե՞ր են Հայաստանում զբաղվում քաղաքական (կամ քաղաքացիական) պոռնոգրաֆիայով… Շատերը՝ ՀՀ իշխանություններից սկսած, մինչեւ, այսպես կոչված, պոռնոգրաֆիկ ՀԿ-ները, որոնք լիուլի վարձատրվում են օտարերկրյա համապատասխան պոռնոգրաֆիկ կառույցների կողմից: Այս մասին նաեւ Զախարովան է ասել, իսկ Զախարովան, ինչպես գիտեք, ՀՀ իշխանությունների ու այդ, այսպես կոչված, ՀԿ-ների ահուսարսափն է: Նա իրեն շատ անբռնազբոսիկ է պահում անգամ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հեռակա շփումներում եւ, լինելով պարկեշտ կին, երբեք չի փոխում իր կարծիքը քաղաքական պոռնոգրաֆիայով զբաղվողների մասին: Իսկ ըստ Զախարովայի՝ քաղաքական պոռնոգրաֆիայով զբաղվում են սովորաբար վատ պարող տղամարդիկ, որոնց ինչ-որ բան միշտ խանգարում է:

Ախր, շատ դիպուկ է խփում շան աղջիկը: Նրա հայտարարություններից հետո հայաստանյան ամենաբարձրաստիճան քաղպոռնոգրաֆիստները շոկի մեջ են ընկնում, իրենց նվիրում մարզային այցելությունների կամ միանում Ավինյանի քարոզարշավին եւ, որպես կանոն, խայտառակվում: Հիշենք թեկուզ Փաշինյան Նիկոլի եւ Սիմոնյան Ալենի վերջին արկածները՝ կապված ոչխարաբուծության պրոբլեմների եւ սեպտեմբերին տեղի ունեցած ջրոցիի հետ: Երկուսի պարագայում էլ Զախարովան մնացել է իր կարծիքին՝ նրանք վատ ղեկավարներ են, որոնք չեն կարողանում պատասխան տալ իրենց քայլերի համար, եւ վատ պարողներ, որոնց ինչ-որ բան խանգարում է պարել: Ի դեպ, ինքը՝ Զախարովան, հրաշալի «Կալինկա» է պարում:

Ինչ էի ուզում ասել: Ալեն Սիմոնյանի վիճակն անհամեմատ նախընտրելի է Նիկոլ Փաշինյանի վիճակից: Այսօր-վաղը մեկնարկում է ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին քառօրյան, եւ Ալեն Սիմոնյանը հնարավորություն ունի մի քանի օր գլուխն ազատել քաղաքական (կամ քաղաքացիական) պոռնոգրաֆիայով զբաղվելուց: Կգնա ԱԺ, նորմալ մարդկանց հետ կշփվի, քաղաքակիրթ քննադատություն կլսի, հնարավորություն կունենա դա համեմատել քաղպոռնոգրաֆիստների ճղճղոցների հետ… Մի խոսքով՝ իր համար զբաղմունք կգտնի ու ստիպված չի լինի Ավինյանի համար անիմաստ քարոզչություն անել:

Շատ ավելի վատ է Փաշինյանի վիճակը: Բանն այն է, որ Զախարովայի հարձակումներից նրան ոչ ոք չի կարող պաշտպանել՝ ո՛չ գյուղերում, ո՛չ քաղաքում եւ ո՛չ էլ նույնիսկ կառավարության տանը: Նիկոլն ի պաշտոնե ստիպված է ամեն տեղ զբաղվել քաղաքական պոռնոգրաֆիայով: Ընդ որում, նա դա անում է շատ վատ: Փաշինյանի՝ գյուղերում տատիկներին պաչպչելը, քաղաքում ինչ-որ օբյեկտներ այցելելը, կառավարության ցուցադրական նիստեր գումարելը դառնում են ծաղրի առարկա եւ, որպես կանոն, գնահատվում ՔՊ՝ քաղաքական (կամ քաղաքացիական) պոռնոգրաֆիա:

Իմացա՞ք, թե երեկ ուր էր այցելել: Ազգին հոգեխանգարմունքի հասցնելուց հետո, ոչ ավել ոչ պակաս, գնացել էր Նուբարաշենի հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն: Դեռ թերթերն էլ «հոգեկան» բառը մեծատառով էին գրել: Ինքն էր, Տիգրան Ավինյանն էր, Կարեն Գիլոյանն էր ու էլի մի շարք քաղպոռնոգրաֆիստներ, որոնք պետք է որ ավելի լուրջ գործով զբաղված լինեին այս օրերին: Բայց քանի որ լուրջ գործով զբաղվելը նրանց հակացուցված է (դա էլ հակացուցել են Ադրբեջանի նախագահն ու արտգործնախարարը), նրանք այցելել էին Նուբարաշենի հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն: Չեմ կարող հստակ ասել՝ Փաշինյանն այդկերպ փորձում էր հեռո՞ւ մնալ Զախարովայի ամենատես աչքից, թե՞ ցույց տալ, որ Ադրբեջանի վերջին նախապատրաստությունները Հայաստանի համար սպառնալիք չեն: Ժամանակն ամեն ինչ կդնի իր տեղը: Իսկ ես ուղղակի նշեմ, որ այլեւս այնքան հոգեկան առողջություն չունեմ, որ Փաշինյանին երկրորդ անգամ տեսնեմ գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնում: Կուշտ եմ:

Նուբարաշենի հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում, ի թիվս այլ քաղպոռնոգրաֆիստների, Փաշինյանին ուղեկցում էր նաեւ Տիգրան Ավինյանը: Ինձ անմիջապես թվաց, որ դե ֆակտո վարչապետը մասնակցում է դե ֆակտո քաղաքապետ Ավինյանի քարոզարշավին: Միայն Կարեն Գիլոյանի ներկայությունն ու ակտիվությունն էին մի փոքր անհասկանալի: Ըստ էության, վարչապետի հարցերին հիմնականում հենց նա էր պատասխանում, իսկ Ավինյանը բավարարվում էր Գիլոյանի պատասխանների հաստատմամբ: Բայց, այնուամենայնիվ, դա Ավինյանի քարոզարշավն էր, եւ Փաշինյանին հաջողվեց մի քիչ էլ խայտառակել քաղպոռնոգրաֆիայի քաղաքապետի թեկնածուին: Առաջին դեպքը գրանցվել էր Մուրացանի դպրոցում՝ սեպտեմբերի 1-ին, երբ Նիկոլ Փաշինյանը «պատահաբար» հայտնվեց Ավինյանի հետ նույն կադրում եւ վերջինից իբր հետաքրքրվեց՝ յաաա, դուք է՞լ եք այստեղ: Հաջորդ կադրերում արդեն մենք Փաշինյանին տեսանք դպրոցի ներսում, դասարաններ մտնելիս: Եվ ի՞նչ… Այո, խայտառակություն: Միակ մարդն էր դպրոցում, որ սպիտակ կեպի էր դրել, միակը, որ սպիտակ կեպիով մտավ դասարան: Զախարովան որ տեսներ, կասեր՝ այ գեղցի, ո՞վ է գլխարկով մտնում դասարան, որ դու մտնում ես, տո այ «պլախոյ տանցոռ»:

ՀԳ. Սիրելի արցախցիներ, ուղղակի խնդրում եմ՝ պաշտոնապես հայտարարեք, որ այսօրվանից ՔՊ-ն Արցախում արգելված է՝ իր բոլոր դրսեւորումներով հանդերձ: Դրանով դուք մեծապես կնպաստեք նաեւ Հայաստանում այդ խայտառակության դադարեցմանը: