«Պերսոնա նոն գրատա»՝ սեփական հայրենիքում

«Պերսոնա նոն գրատա»՝ սեփական հայրենիքում

Օրերս Ազգային ժողովի պատգամավոր, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդեւանյանն իր ֆեյսբուքյան էջում մեջբերել էր ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլի՝ նախապատերազմյան հակաթուրքական հայտարարությունները: Եվ վերջում ավելացրել էր, որ հայտարարություններին չեն հետեւել գործողություններ, հանդես չի բերվել հետեւողականություն: Արձանագրել էր նաեւ, որ չնայած փոփոխություն չէր կատարվել Թուրքիայի քաղաքականության մեջ, սակայն Փաշինյան Նիկոլը հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի նախագահի Ռ. Էրդողանի հետ եւ նրան շնորհավորել էր մահմեդական տոնի՝ Կուրբան Բայրամի առթիվ: Վերջինս էլ Նիկոլին շնորհավորել էր Վարդավառի տոնի առթիվ: Ենթադրվում է, որ հեռախոսազրույցն ու փոխադարձ շնորհավորանքը նախատեսվել են Հայաստանի ու Թուրքիայի բանագնացներ Ռուբեն Ռուբինյան եւ Սերդար Քըլըչի հանդիպումների ընթացքում: Ինչը նորմալ է, եթե Փաշինյան Նիկոլը շարունակում է խաղաղություն մուրալու դիվանագիտությունը: Ուրիշ հարց, որ այդօրինակ դիվանագիտությունն է աննորմալ՝ հատկապես, երբ նախաձեռնվում է 44-օրյա պատերազմում պարտված երկրի ղեկավարի կողմից:    

Սկսված գործընթացն ունենալու էր իր շարունակությունը, եւ այն դրսեւորվեց խիստ տրամաբանական եւ սպասելի եղանակով: Սպասելի՝ Փաշինյան Նիկոլի հոգեհոր՝ ՀՀ առաջին նախագահի ժամանակի ոգով: Ինչպես տեղեկացրել է «Հայաստան» խմբակցության մեկ այլ անդամ Գեղամ Մանուկյանը, «Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանին հայաստանյան վարչախումբը ՀՀ-ում ճանաչել է որպես անցանկալի անձ, եւ անցած գիշեր նրան «Զվարթնոց» օդակայանից արգելել են մուտք գործել Հայրենիք»:

Որքան հիշում եմ, Մուրադ Փափազյանի շնորհիվ ֆրանսահայերը շատ վատ էին ընդունել սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին, ինչը խիստ տեղին էր, քանի որ վերջինս փորձել էր պառակտել ֆրանսահայ համայնքը: Եվ քանի որ թուրքերին դատապարտողից Փաշինյանը հանգիստ կարող էր վերածվել թուրքի տոնը շնորհավորողի, ապա ֆրանսահայերի հետ իր կամակատարի «շփումը» խոչընդոտողին էլ պետք է գաղտնի «պերսոնա նոն գրատա» (անցանկալի անձ) հայտարարեր սեփական հայրենիքում: Եվ այդ հարցում զարմանալիորեն որեւէ նշանակություն չպետք է ունենար այն հանգամանքը, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը թույլատրել է, որ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը լուսանկարվի իր հետ: Իսկ Ֆրանսիայի նախագահն այն անձն է, ում ուղղված ուղերձը Փաշինյան Նիկոլը եզրափակում է «ջերմորեն»: