Դատախազությունն ինչ-որ բան խառնում է

Դատախազությունն ինչ-որ բան խառնում է

Երբ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը գա Ազգային ժողով՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու թույլտվություն ստանալու, ՔՊ խմբակցությունը, կարծում եմ, ստիպված կլինի իրեն շատ զուսպ պահել: Բանն այն է, որ այս օրերին, երբ ադրբեջանական զինուժը մարշ ածելով նորանոր տարածքներ է զավթում Հայաստանից, քրեորեն դատապարտելի բաներ են կատարվել նաեւ ՔՊ-շնիկների մասնակցությամբ, որոնք հաստատ պակաս «խուլիգանական» չեն, քան Մհեր Սահակյանի «արարքը»:  Ընդդիմությունն արդեն հայտարարել է, որ դա լավ առիթ է լինելու՝ ԱԺ-ում ճշմարտությունը հասարակությանը ներկայացնելու, այս ողջ ընթացքում իշխանական կեղծիքներին անդրադառնալու եւ իշխող ուժի փչած հերթական փուչիկը պայթեցնելու համար: Ես Աննա Վարդապետյանի փոխարեն մի փոքր կմտածեի ԱԺ միջնորդագիր ներկայացնելուց առաջ, բայց որ չի մտածել, ի՞նչ կարող ես անել… Մյուս կողմից էլ՝ նա, արդյոք, կարո՞ղ էր միջնորդագիր չներկայացնել, եթե Նիկոլ Փաշինյանն անձամբ է հրահանգել: Ի դեպ՝ սա էլ կպարզվի:

Ի՞նչ է հայտնի գլխավոր դատախազին այս դեպքից: Վստահ եմ՝ ոչինչ: Կարդում եմ դատախազության տարածած հաղորդագրությունն ու ինձ զգում հրաշքների աշխարհում: Ահավասիկ գրել են. «Քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման պատգամավորը, ԱԺ վարչական 2-րդ մասնաշենքի թիվ 314 քննարկումների դահլիճում 2023 թ. մարտի 31-ին սկսված փակ աշխատանքային քննարկման ժամանակ` ժամը 11։15-ի սահմաններում, խուլիգանական դրդումներով, ցուցադրաբար հակադրվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վ. Վ.-ին, դրսեւորել է ագրեսիվ վարքագիծ: Մասնավորապես՝ Մ. Ս.-ն ձեռքով հարվածել է սեղանին, ոտքի կանգնել, բղավելով դիտողություն արել հանձնաժողովի նախագահին, փակ քննարկման բնականոն աշխատանքը խոչընդոտելու դիտավորությամբ շրջանցել է իր եւ Վարդանյանի միջեւ նստած պատգամավոր Ա. Ղ.-ին, մոտեցել հանձնաժողովի նախագահին եւ աջ ձեռքով դիտավորությամբ հարվածել նրա դեմքի ձախ քունքային շրջանին: Հարվածի հետեւանքով հանձնաժողովի նախագահի առողջությանը պատճառվել է թեթեւ վնաս՝ առողջության կարճատեւ քայքայումով՝ ձախ վերհոնքային շրջանի պատռված վերքի, ձախ վերհոնքային, քթի մեջքի քերծվածքների, ձախ վերին եւ ստորին կոպերի արյունազեղումների ձեւով»: 

Միայն այս փոքրիկ մեջբերման մեջ մի քանի հեքիաթային պահ կա: Դիցուք՝ այդ ինչպե՞ս են քրեական վարույթով պարզել, որ պատգամավոր Մ. Ս.-ն հենց «խուլիգանական դրդումներով» է հակադրվել Վլադիմիր Վարդանյանին: Չէ, իսկապես հետաքրքիր է, տիկին Վարդապետյան, ինչի՞ց եզրակացրիք, որ իրավաբան-պատգամավոր Մհեր Սահակյանը խուլիգանական դրդումներով հակադրվեց Վ. Վ.-ին: Իսկ գուցե Մհեր Սահակյանը հակադրվեց որպես ընդդիմադիր պատգամավո՞ր: Դատախազության հայտարարության մեջ ոչինչ ասված չէ նաեւ այն մասին, թե Վ. Վ․-ն ինչ մղումներով է հակադարձել Մ. Ս․-ի հակադրվելուն: Ես հույս ունեմ, որ Վ. Վ.-ն չի մոռացել խուլիգանական դրդումներով պայմանավորված իր պատասխանը եւ այդ մասին «չիստըսերդեչնի» խոստովանություն կանի ԱԺ ամբիոնից, երբ իրեն խոսք տան: Այդ չարաբաստիկ փակ նիստում տեղի ունեցածի ձայնագրություն-տեսագրություններ, հավանաբար, կան, որոնք դեռ կարող են լույս սփռել Վ. Վ.-ի վարքագծի վրա:

Իսկ ո՞վ է պատգամավոր Ա. Ղ.-ն, որ այդ պահին նստած է եղել Մհեր Սահակյանի եւ Վլադիմիր Վարդանյանի միջեւ: Աննա Վարդապետյանի գրասենյակն ասում է, թե Մհերը, իբր, փակ քննարկման բնականոն աշխատանքը խոչընդոտելու դիտավորությամբ շրջանցել է այդ պատգամավորին ու աջ ձեռքով տուր թե կտաս Վլադիմիր Վարդանյանի ձախ աչքին՝ քունքախառն: Այ ձեր ցավը տանեմ, փակ նիստի աշխատանքը խոչընդոտելու այլ ձեւ չկա՞ր, որ Մհերը վեր կացավ, դեռ մի պատգամավորի էլ շրջանցեց ու հարվածեց հերոսաբար նիստը վարող Վլադիմիր Վարդանյանին: Վարդանյանն էլ, երեւի, տեղը նստած դիտում էր, թե ինչպես է Սահակյանը շրջանցում այդ պատգամավորին, որպեսզի նիստը խոչընդոտելու նպատակով հարվածի իրեն: Չէ, մի բան այն չէ այստեղ, եթե չասեմ՝ ամբողջությամբ խճճված պատկեր է ստացվում: Չար լեզուները դեպքի օրն ասում էին, որ Վարդանյանը հարվածի պահին ոտքի վրա է եղել, դեռ ավելին՝ ինքն է շարժում կատարել դեպի Մհեր Սահակյանը: Վարդանյանն ընկել է Մհերի մեկ հարվածից: Կարո՞ղ էր, արդյոք, 110 կիլոյանոց Վարդանյանը նստած տեղից ընկնել 65 կիլոգրամ կշռող Մհեր Սահակյանի մեկ հարվածից: Ինչպե՞ս կարող էր մեկ ցենտներից ավելի կշռող Վլադիմիր Վարդանյանն ընկնել իր նստած տեղից այդքան հեռու: Երեւի չի հասցրել աթոռից կամ սեղանից բռնվել, այո՞:

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն այս միջնորդության մասին գրել է. «Սահակյանի արարքում խուլիգանությունը (որպես օբյեկտիվ երեւույթ) եւ խուլիգանական դրդումը (որպես սուբյեկտիվ երեւույթ) իսպառ բացակայում են, իսկ հարվածը հասցվել է անհրաժեշտ պաշտպանության նկատառումով»: Փաստորեն, ՔՊ-շնիկները, որ ոստիկանություն էին կանչել այս դեպքի կապակցությամբ, դատախազությանը սխալ պատկեր են ներկայացրել՝ հուսալով, որ փակ նիստից ոչինչ հայտնի չի դառնա հանրությանը, եւ ծածկադմփոցը կատարյալ կլինի: Բայց քաղաքական մեծամասնությունը, ես կասեի, լրջագույն սխալ թույլ կտա, այդ ռիսկին դիմելով: Պետք է հստակ իմանալ՝ ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մեռնում: Ես պատկերացնում եմ հիմա, թե ինչեր էին գրելու Էդգար Ղազարյանի «խուլիգանական դրդումների» մասին, եթե ՄԻ հանձնաժողովի նիստը չհեռարձակվեր ուղիղ եթերով: Մենք տեսանք, չէ՞, թե ինչպես են իրենց պահում ՔՊ-շնիկ պատգամավորները հանձնաժողովում: Եվ ինչո՞ւ միայն հանձնաժողովներում: Վահագն Ալեքսանյանի պահվածքն ինչո՞ւ է մոռանում գլխավոր դատախազը կամ չտեսնելու տալիս: Այնպես որ, համեցեք ԱԺ, տիկին դատախազ, Ձեզ այնքան բան ունեն պատմելու ընդդիմադիր պատգամավորները, ընդ որում՝ փաստագրված, նկարահանված եւ ձայնագրված:
ՀԳ. Հատուկ դիմում եմ Վլադիմիր Վարդանյանին: Հարգելի Վ. Վ., հանկարծ չբացակայես այդ նիստից, որովհետեւ, մարդ ես, գուցե անհրաժեշտություն առաջանա՝ ամբողջությամբ բեմադրել հանձնաժողովում տեղի ունեցածը: ՀՀ քաղաքացիները, հիշեցնեմ, իրավունք ունեն ամեն ինչ իմանալու ձեր, ձեր հանձնաժողովի եւ ձեր խմբակցության մասին: