«ՀԱՅ ՖԵՍՏ»-ը գալիս է ձեր տուն

«ՀԱՅ ՖԵՍՏ»-ը գալիս է ձեր տուն

“To BE! That’s not a question!” («Լինե´լ. սա խնդիր չէ»)․ սա «ՀԱՅ ՖԵՍՏ» 18-րդ միջազգային թատերական փառատոնի այս տարվա կարգախոսն է: Այդ մասին մեզ հետ զրուցում հայտնեց փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը, ում այս օրերին հաճախ են հարցնում փառատոնի չեղարկման, հետաձգման մասին՝ կապված կորոնավիրուսի հետ, ինչին ի պատասխան՝ Ա․ Ղուկասյանն արձագանքում է փառատոնի կարգախոսով․ «Լինե´լ. սա խնդիր չէ»։

Այս տարի փառատոնը կկայանա հոկտեմբերի 1-8-ը: Ղուկասյանը հույս է հայտնում, որ կորոնավիրուսի հետ կապված լարված իրավիճակը երկրում այդ օրերին մասամբ կբարելավվի։ Փառատոնն այս տարի թատերասեր հանրությանը կներկայանա նոր ձեւաչափով եւ մի շարք անակնկալներով։ Ելնելով ստեղծված իրավիճակից՝ փառատոնի բոլոր ներկայացումները կլինեն բացօթյա։ Փակ տարածքներում (indoor) ներկայացումներ տեղի չեն ունենա: Փառատոնի նախագահը շեշտում է, որ խստորեն կպահպանվեն հակահամաճարակային բոլոր կանոնները՝ սոցիալական հեռավորություն, գծանշումներ, դիմակ եւ անհրաժեշտ այլ միջոցներ։
Այս տարվա «ՀԱՅ ՖԵՍՏ»-ի գլխավոր ու աննախադեպ անակնկալը կլինի այն, որ փառատոնը կհյուրընկալվի երեւանյան տարբեր թաղամասերում․ ««ՀԱՅ ՖԵՍՏ-ը գալիս է ձեր տուն»։ Նախատեսված են ներկայացում-ցուցադրություններ, որոնք տեսապատկերի միջոցով կհայտնվեն բնակելի շենքերի պատերին»։

Նման անակնկալներ սպասվում են ոչ միայն երեւանյան, այլ նաեւ մարզային հանդիսատեսին։ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը կհյուրընկալվի Գյումրիում, Վանաձորում եւ այլ մարզերում։ Փառատոնի օրերին գերհագեցած կլինի նաեւ փառատոնի առցանց հարթակը։ «Կանցկացվի թատերական մեծ համաժողով՝ «Ժամանակակից թատրոնը՝ նոր մարտահրավերների առջեւ» թեմայով, որը կամուրջ կստեղծի աշխարհի տարբեր երկրներում գտնվող ճանաչված թատերական փառատոների տնօրենների, բեմադրիչների, թատերագետների միջեւ: Բավական է միայն թվարկել նախնական համաձայնություն տված մասնակիցների անունները` «ТЕАТР» ամսագրի գլխավոր խմբագիր, NET միջազգային փառատոնի արտ-տնօրեն Մարինա Դավիդովա (ՌԴ), «Մանչեսթր» թատերական փառատոնի տնօրեն Ջոն ՄակԳրաֆ (Մեծ Բրիտանիա), հեղինակավոր բեմադրիչներ Իո Սթրոմգրեն (Նորվեգիա), Անտոնիո Արաուժո (Բրազիլիա), Թոմաս Օստերմայեր (Գերմանիա)»,- ասում է Ա․ Ղուկասյանն ու հավելում, որ «ՀԱՅ ՖԵՍՏ» 18-րդ թատերական փառատոնը համատեղ նախագծեր կիրականացնի MitSP (Բրազիլիա), Almagro (Իսպանիա), FITEI (Պորտուգալիա), Dublin (Իռլանդիա) եւ այլ հանրաճանաչ միջազգային թատերական փառատոների հետ։ Լայվ-սթրիմ ձեւաչափում եւ մասնակից երկրների հետ սինքրոն կցուցադրվեն փառատոնի տարբեր տարիների իրադարձային ներկայացումները՝ ինչպես արտասահմանյան, այնպես էլ հայկական արտադրության։