Երեք հիմնական բան պետք է անի ընդդիմությունը

Երեք հիմնական բան պետք է անի ընդդիմությունը

«Հրապարակի» զրուցակիցը Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն է:

- Պարոն Բաբայան, պատերազմի ցավալի պարտությունից անցավ ավելի քան երեք տարի: Այս երեք տարիների ընթացքում ի՞նչ կարող էր փոխել ընդդիմությունը, որ չի արել: Առհասարակ հնարավո՞ր էր ինչ-որ բան փոխել և վերջապես` ի՞նչ պատկեր ունենք երեք տարի անց:

- Այս երեք տարիների ընթացքում մեծ հաշվով, այո, ոչինչ էլ չփոխվեց և գլոբալ առումով ամեն բան մնաց նույնը, դեռ մի բան էլ` տարածքային նոր կորուստներ ունեցանք և վերջնականապես հայաթափվեց Արցախը: Այսօր մենք կանգնած են առավել վատ հետևանքների առաջ: Մենք ժամանակին ասում էինք այդ մասին, խոսում էինք հնարավոր զարգացումների մասին, սակայն մեզ լսող չկար, ավելին` այդ ժամանակ մեզ մեղադրում էին ոմանք դավաճան լինելու, ծախված լինելու, պատվեր կատարելու մեջ: Ցավոք, իրականությունն այդպես էլ որոշ մարդիկ չկարողացան հասկանալ: Թե ինչ կարող էր փոխվել այս ընթացքում, կարող էր նոր առաջնորդ գալ ասպարեզ և համախմբել ժողովրդին, հույս, հավատ ներշնչել, որ Հայաստանը պարտությունից հետո կարող է վերածնունդ ապրել, սակայն ցավոք, ամեն ինչ գնաց հակառակ ճանապարհով և մինչ օրս այդ ճանապարհով էլ գնում է: Անուններ փոխելով, հարթակի վրա նույն մարդկանց կանգնեցնելով, ոչինչ չէր կարող փոխվել: Երբ այս մասին խոսում էինք, մեզ ասում էին` հրապարակը դատարկ է, դուք գնացեք լցրեք մարդկանցով, բայց այդ մարդիկ մոռանում են, որ իրենք կոալիցիոն կառավարություններում պաշտոններ էին զբաղեցնում, իսկ մենք հրապարակներում պահանջում էինք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ցավալի է, որ այս վիճակում ենք և չկա գոնե մի փոքրիկ հաղթանակ, որով կարող ենք մի փոքր սփոփել մեզ: Ամեն դեպքում պետք է պայքարը շարունակել: Մարդիկ պետք է հստակ հասկանան. ի՞նչ է փոխվելու, ումո՞վ է փոխվելու և ինչպե՞ս է փոխվելու:

- Դաշնակցությա՞նն եք ակնարկում:

- Ակնարկում եմ բոլոր նրանց, ովքեր ասում են հրապարակն այսօր դատարկ է: Տվեք ինձ այն ռեսուրսները, որ ունեք դուք, տվեք այն մեխանիզմները, որոնց տիրապետում եք դուք և հետո նոր միայն խոսեք դատարկ հրապարակների մասին: Բնականաբար դրանք դատարկ պետք է լինեին: Ընդդիմության մեջ մոնոպոլիզացիա է տեղի ունենում, ինչն այլ բան չէր ենթադրում:

- Ի՞նչ պետք է ընդդիմությունն աներ` գոնե տեսականորեն:

- Երեք հիմնական բան պետք է անի ընդդիմությունը. ունենա արժանի առաջնորդ, որի շուրջ կհամախմբվի ժողովուրդը, ունենա հստակ ծրագիր, թե ինչ է անելու ինքը, որ չի անում Նիկոլ Փաշինյանը և վերջապես այնպես պետք է անել, որպեսզի հասարակությունը վստահի ընդդիմության առաջնորդին: Չպետք է այնպես լինի, որ ընդդիմության առաջնորդին վստահեն ընդամենը 17 հոգի: Նման առաջնորդը պետք է նախ հեղինակություն և հարգանք ունենա, նոր միայն առաջ շարժվի:

- Իսկ ինչո՞ւ Դուք, կամ ՀՀԿ-ականները չե՞ն կարողանում նման առաջնորդ գտնել: Ենթադրենք` մյուսները ձախողում են այդ պրոցեսը: Ինչո՞ւ դուք նոր ծրագիր չեք կազմում:

- Կան ինձանից ուժեղներն ու ինձանից խելացիները: Այնպես որ իրենք պետք է զբաղվեն այդ հարցերով: Ժամանակը կբերի և ամեն ինչ իր տեղը կդնի: Ընդդիմադիր դաշտն այսօր այնքան պառակտված ու աղճատված է, որ նմանատիպ պրոցեսների համար որևէ մեկը ոչ ցանկություն ունի, ոչ էլ հավես: Սա, իհարկե, ցավով եմ ասում: