30-ից ավելի փոսորակ եւ անավարտ շինություն՝ միայն Երեւանում

30-ից ավելի փոսորակ եւ անավարտ շինություն՝ միայն Երեւանում

Միայն Երեւանում կա 30 շինություն, որոնց հողատարածքները սեփականաշնորհված են, պետք է կառուցապատված լինեին տարիներ առաջ, բայց մինչ օրս տեղում հող կամ փոսորակներ են։ Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը Երեւանի չկառուցապատված շենք-շինությունների վերաբերյալ զեկույց է պատրաստել, որը պետք է քննարկվեր Հանրային խորհրդի վերջին ընդլայնված նիստում, ինչը, սակայն, տեղի չունեցավ, քանի որ Ստամբուլյան կոնվենցիայի քննարկումը սպասվածից երկար տեւեց եւ գերթեժ մթնոլորտում անցավ։

Մեզ հետ զրույցում Վազգեն Սաֆարյանը ներկայացրեց զեկույցի դրույթները։ Նախկին «Սեւան» հյուրանոցի մոտ 4000 քառակուսի մետր տարածքի նախագծային առաջարկը կառուցապատման է ներկայացվել Երեւանի քաղաքաշինական փոքր խորհրդին, որն այն անընդունելի է համարել, եւ առաջարկվել է լրամշակել։ Այդ տարածքում պետք է լիներ հասարակական բազմաֆունկցիոնալ համալիր։ Կայարանամերձ հրապարակի մոտ՝ Արցախի 2 հասցեում (սեփականության իրավունքը փոխանցվել է «Majestic square» ՍՊԸ-ին) պետք է կառուցվեր հասարակական բնույթի բազմաֆունկցիոնալ համալիր՝ 12 477 քմ տարածքի վրա, չի կառուցվել։ Կոզեռն թաղամասում «Լոկալ Դիվիլոփերս» ՍՊԸ-ն պայմանագրի կնքումից հետո իրացում չի արել, թեեւ պայմանագրի ժամկետը լրացել է, իսկ կառավարության որոշմամբ՝ ընկերությանը տրվել է նոր պայմանագիր կնքելու լիազորություն։ Պետք է կառուցվեր բազմաֆունկցիոնալ համալիր։ Աբովյան 5/1 հասցե․ «Մուլտի լեոն»-ը պետք է կառուցեր բազմաֆունկցիոնալ համալիր, սակայն մի դատական հայցի պատճառով շինարարությունը դադարեցվել է։

Կասկադի հարեւանությամբ «Գաֆեսճյան հիմնադրամի» հետ Երեւանի քաղաքապետարանը քննարկումներ է արել, հիմնադրամը պարտավորվել է կարճ ժամկետում մշակել եւ քաղաքապետարան ներկայացնել ժամանակակից արվեստի թանգարանի կառուցման քաղաքաշինական փաստաթղթերի փաթեթը։ Մնացել է կիսատ։ Արամի փողոցի 32 հասցե․ Արա Աբրահամյանի «Սոգլասիե Արմենիա» ՍՊԸ-ն պետք է կառուցեր բազմաֆունկցիոնալ համալիր, իրականացվել են հողային աշխատանքներ, փոսորակ է գոյացել, սակայն ծրագիրը չի իրականացվել։ Գրիգոր Լուսավորիչ 5․ Բրազիլիայի դեսպանատուն կառուցելու համար տարածքում կազմակերպվել են քանդման աշխատանքներ, նոր կառուցապատում չի իրականացվել։
Եվ վերջապես՝ Սարալանջի փողոց 1․ նախկին Երիտասարդական պալատի տարածքի կառուցապատման համար տրվել է 5 տարի, որը լրացել է 2012 թվականի դեկտեմբերի 13-ին։ Նախատեսված էր կառուցել հյուրանոցային համալիր, սակայն քանդման աշխատանքների պատճառով հսկա փոսորակ է գոյացել, որը քաղաքի վրա փոշի է «արտաշնչում»։

Հիշեցնենք, որ այս բոլոր անավարտ շինությունների ու չիրականացված ծրագրերի հարցը պարբերաբար քննարկվում է, սակայն սեփականատերերը մնում են անդրդվելի եւ նրանցից հետ չեն վերցնում այս տարածքները։ Վազգեն Սաֆարյանն ասում է․ «Խնդիրը որն է՝ գործում է վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածը, որն ասում է, որ կառուցապատումը սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ շինարարական նախահաշվային արժեքի 1 տոկոսի չափով։ Տուգանքը նշանակելուց հետո նոր սահմանված ժամկետում կառուցապատումը չավարտելն առաջացնում է տուգանք՝ շինարարության նախահաշվային արժեքի 10 տոկոսի չափով»։ Սակայն նշված 30 հասցեների փոսորակները եւ մի քանի տարուց ավելի չիրացված շինարարական օբյեկտները վկայում են, որ ընկերությունները չեն տուգանվել։ «Արդյունքն այն է, որ մենք ունենք։ Ուրեմն օրենքը չի գործել»,- ամփոփեց Սաֆարյանը։

Նա առաջարկելու է, որ դիմեն կառավարությանն ու քաղաքապետարանին, որպեսզի մշակեն նոր մոտեցումներ՝ այսօրինակ անավարտ շինություններն ավարտին հասցնելու համար։