Ավետիք Չալաբյանը ցանկություն է հայտնել անձամբ ներկա գտնվել կալանքի քննության նիստին

Ավետիք Չալաբյանը ցանկություն է հայտնել անձամբ ներկա գտնվել կալանքի քննության նիստին

Հասարակական-քաղաքական գործիչ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոքը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին։

Թեպետ վերաքննիչ դատարանում 20 օր է՝ վերականգնված է էլեկտրոնային տարբերակով մակագրման համակարգը, բայց այս դեպքում Դանիելյանին բողոքը մակագրվել է ձեռքով։

Նշենք, որ Արմեն Դանիելյանը հայտնի է դարձել վերջին 3 տարում․ նա ընդդիմադիրների դեմ որոշումներ է կայացնում։ Կարծիք կա, որ նա կատարում է իշխանության պատվերները, այս իսկ պատճառով նրան են մակագրվում կարեւոր գործերը։

Չալաբյանի պաշտպան Արթուր Հարությունյանը «Հրապարակ»-ին փոխանցեց, որ բողոքի քննությունը տեղի է ունենալու երկուշաբթի, ժամը 17։00-ին։ 

Իսկ թե ինչու է Դանիելյանին ձեռքով մակագրվել այս բողոքը, ասաց, որ դրա վերաբերյալ տեղեկություն չունի, եւ նշեց` այդքան պատահականություն մեկ տեղում դժվար է պատկերացնում։
Վերաքննիչ բողոքում պաշտպանական թիմն ընդգծել է, որ պարոն Չալաբյանը ցանկություն է հայտնել անձամբ ներկա գտնվել քննության նիստին, եւ դատարանին խնդրել են ապահովել նրա ներկայությունը։

Անդրադառնալով հարցին, թե ինչն է եղել ցուցմունքներում այն հակասությունը, որ դրանից ելնելով Ավետիք Չալաբյանի եւ ցուցմունք տված Թոռնիկ Ալիյանի միջեւ առերես հարցաքննություն է եղել, Արթուր Հարությունյանն ասաց․ «Կստացվի, որ ես ցուցմունք եմ հրապարակում, որը դեռեւս նախաքննական գաղտնիք է»։

Արդյոք Թոռնիկի ցուցմունքու՞մ  է եղել հակասություն, նշեց․ «Առերեսումից առաջ դեռեւս պարոն Չալաբյանը ցուցմունք տված չէր եղել, եւ պարոն Չալաբյանի, այսպես ասած, «հակընդդեմ հարցման» իրավունքն են փորձել իրացնել։ Օրենքն ասում է՝ եթե մարդու դեմ ցուցմունք կա տրված, եթե թեկուզ այդ մարդն այդ պահին հարցաքննված չէ, հնարավորություն է ընձեռում այդ մարդուն, որ ինքը կարողանա դեմդիմաց իր հարցերը տա»։

Գործով նախաքննությունը շարունակվում է։

Հիշեցնենք` Ավետիք Չալաբյանը ձերբակալվել, ապա դատարանի որոշմամբ կալանավորվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներին ընդդիմության ցույցերին մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու մեղադրանքով։

Այս գործով Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը) հարուցվել է քրեական գործ։