Եթե Բաքուն ունենար մեր փաստարկների 5 տոկոսը՝ Հայաստանին թույլ չէր տա ոտք դնել որևէ միջազգային հարթակ

Եթե Բաքուն ունենար մեր փաստարկների 5 տոկոսը՝ Հայաստանին թույլ չէր տա ոտք դնել որևէ միջազգային հարթակ

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն իր վերջին ելույթում հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի արածը՝ ադրբեջանցի փախստականներին ու Արցախից բռնի տեղահանվածներին նույն հարթության մեջ դիտարկելն առնվազն դիվանագիտական անմեղսունակություն է։ Հիշեցնենք, որ շուրջ մեկ տարի է, ինչ Փաշինյանը՝ երկրորդելով Ադրբեջանի իշխանություններին, հայաստանյան օրակարգ մտցրեց ադրբեջանցի, այսպես կոչված, փախստականների վերադարձի հարցը։ Հետաքրքիր է, սակայն, որ այս մտացածին` ադրբեջանցի փախստականների հարցը Փաշինյանը փութաջանորեն բերում է մեր օրակարգ, սակայն ոչ մի խոսք չի ասում 1988 թվականից ի վեր Ադրբեջանում ցեղասպանությունից մազապուրծ եղած, իրենց ունեցվածքից զրկված ադրբեջանահայ փախստականների մասին։

ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ ադրբեջանահայ փախստականների թիվը կես միլիոնից ավելի է։ Կարևոր է ֆիքսել հատկապես այն հանգամանքը, որի մասին կարծես թե բոլորը մոռացել են, 1990-ականներին Ադրբեջանը հարձակվում էր ոչ միայն Լեռնային Ղարաբաղ Ինքնավար մարզի գյուղերի ու քաղաքների վրա, այլև Սյունիքի սահմանամերձ գյուղերի վրա։ Այդ ժամանակ ևս ունեցել ենք ներքին տեղահանված բնակիչներ և ըստ գրանցումների` նրանց թիվը կազմել է 72 հազար։ «Նույնը եղել է հյուսիսային սահմաններում՝ լինի դա Նոյեմբերյան, Տավուշ և այլն։ Կես միլիոնից ավել մենք ունեցել ենք բռնի տեղահանված, ներքին տեղահանված և էկոլոգիական պատճառներով տեղահանված մարդիկ։ Հայաստանի Հանրապետությունը հիմնական շեշտը դրել է հումանիտար իրավունքի, մարդասիրական օգնության, սոցիալական վիճակի, բնակարանային պայմաններ ստեղծելու, աշխատատեղերի հարցը լուծելու, ինտեգրման վրա։ Ինտեգրում, որովհետև փախստականների կեսից ավելին ռուսախոս էին՝ գրական հայերենին չէին տիրապետում և այդ ժամանակ ինտեգրումն արդիական էր։ Սակայն, Ադրբեջանն ի տարբերություն Հայաստանի՝ փախստականների հարցը միշտ դնում էր քաղաքական հարթակի վրա։ Մենք դիմադրում էինք` հիմնականում հասարակական կազմակերպությունների մակարդակով։ Մենք հստակեցրել ենք, որ եթե իրենք՝ այլ անձանց, ովքեր լքել են ազատագրված տարածքներից, ընդ որում այդ տարածքները միջազգային իրավունքի տեսանկյունից չէին պատկանում Ադրբեջանին, ապա դրանք չպետք է Ադրբեջանական հանրապետության տեսակետից կոչվեն փախստական։ Եթե Ադրբեջանը այդ տարածքները համարում էր իրենը՝ նշանակում է նրանք փախստականներ չէին, այլ ներքին տեղահանված էին»,-ասաց Ալավերդյանը։

Ու չնայած ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով զբաղվող կառույցը փաստավորված հայտարարեց, որ անկախ հանգամանքից՝ ներքին տեղահանված է, թե փախստական՝ նրանք պետք է դրվեն նույն հարթության վրա, Ադրբեջանը, միևնույն է` պնդում էր, որ տարածքներն օկուպացրել ենք, վերջիններիս բռնի տեղահանել ենք, ինչը ճշմարտությանը չի համապատասխանում, որովհետև միգուցե ադրբեջանցիները վտանգ զգալով՝ լքել են այդ տարածքները, ասում է տիկին Ալավերդյանը։ «Որևէ մեկը չի կարող պնդել այն, ինչ ուզում է հիմա Ադրբեջանը՝ տասնյակ տարիներ անց: Որ տեղի են ունեցել բռնի գործողություններ ոչ միայն Արցախում, այլև Հայաստանում։ Այդ ամենը հնարված է, բայց Ադրբեջանն այդ բոլոր տարիների ընթացքում այդ ստերը տարածում էր, կազմակերպում էր միջազգային կոնֆերանսներ տարբեր մայրցամաքներում և նա ամրապնդել է այն կարծիքը, որ և Հայաստանից, և Լեռնային Ղարաբաղի տարածքներից տեղի են ունեցել բռնի տեղահանումներ, սպանություններ: Կարող եմ ասել, որ դրանք բոլորը հնարածին պատմություններ են։ Հայաստանը չի հնչեցրել այդ աստիճանի և ինտենսիվության և ընդհանրապես երկար ժամանակ չի դրել վերադարձի հարցը»,-ասաց ՀՀ առաջին ՄԻՊ-ը։ 

Ի՞նչ կարելի է անել, եթե Ալիևը հայտարարի, որ պատրաստ է հետ ընդունել ադրբեջանահայ փախստականներին: Լ. Ալավերդյանը կարծում է, որ դրա համար գոյություն ունեն միջազգային կազմակերպություններ, այն է` ՄԱԿ-ի մակարդակով, որոնք վերահսկելու, ստուգելու ձևերը գիտեն և կարող են ապացուցել, որ դա ոչ թե հնարած բան է, այլ ատելության, բռնի գործողություններ, կտտանքներ, երեխաների, տարեցների ու կանանց նկատմամբ կատարված սպանություններ։ Այդ մասին տեղեկությունները հավաքագրվել են սիստեմատիկ ձևով։ Դրանով շատ ակտիվ զբաղվել են թե Ռուբեն Մելիքյանը, թե Արտակ Բեգլարյանը՝ որպես Արցախի ՄԻՊ և Արման Թաթոյանը։ 
«Այն մակարդակի զեկույցները, որ նրանք ներկայացրել են արտերկրում, կարծում եմ, անհերքելի ապացույցներ են, որ Ադրբեջանն իրականացնում է ոչ թե հայատյաց քաղաքականություն՝ էթնիկ զտումներ, այլ հենց ցեղասպանական գործողությունների քաղաքականություն։ Մանավանդ որ օգոստոս ամսից այդպիսի բարձր հեղինակություն ունեցող անձինք, ինչպիսին են Լուիս Գաբրիել Մորենո Կամպոն, կամ` ինչպիսին է Լեմկինի ինստիտուտը, գրեթե հարյուր ցեղասպանագետներ տարբեր երկրներից, ներկայացրել են ոչ թե կարծիք, այլ հիմնավորված փաստերով ցույց են տվել, որ Արդբեջանի արածը մինչ այսօր արվող՝ բնութագրվում է մեկ տերմինով. ցեղասպանությամբ»- շեշտեց Ալավերդյանը։ 
Եւ Հայաստանն ունենալով նման ծավալի փաստավորված տեղեկատվական ու ապացուցողական բազա՝ տասնապատիկ անգամներ այսօր զիջում է ստի քարոզչության վրա հիմնված Ադրբեջանին։ Հետաքրքվեցինք, թե ի՞նչ քայլեր կարող էր ձեռնարկել ադեկվատ և գործուն կառավարությունը՝ մեր շահերը ճիշտ պաշտպանելու համար։ 
Ըստ մեր զրուցակցի, առաջին հերթին պետք է հերքել բոլոր այն հայտարարությունները, թե Հայաստանից իբրեւ 100 հազար փախստական է դուրս եկել և մի երեք անգամ շատ պիտի վերադառնան։

«Արխիվներում պահպանված կլինեն այն փաստերը, որոնք խոսում են այն մասին, որ Սովետական Հայաստանից 164 հազար ադրբեջանցիներ, առանց որևէ բռնության, զուտ վախենալով Ադրբեջանում տեղի ունեցած հայերի հանդեպ ցեղասպանական գործողությունների պատճառով լքել են Հայաստանը։ Ունեցել են ժամանակ առանց խուճապի, փոխանակել են գույքը, կամ վաճառել են: Շատ անգամ երկու, երեք հայ ընտանիքների հետ, ու հետո մենք այստեղ փորձում էինք պարզել, թե ում հետ են առաջինը պայմանավորվել: Դա ապացուցված փաստ պետք է համարվի։ Այս իշխանություններն առնվազն այս հարցով պետք է զբաղվեն, որ ադրբեջանցիների 90 տոկոսը փոխանակել է կամ վաճառել է իր բնակարանները կամ տները։ Երբ որ 1988-ին երկրաշարժ եղավ, այն ժամանակ դեռևս Սովետական միությունը 70 միլիոն ռուբլի, որը այն ժամանակ համարժեք էր 90 միլիոն դոլարին, փոխանցել է Ադրբեջանին, որ փոհատուցեն այն վնասները, որոնք կարող էին իրենք կրած լինել՝ ապրելով երկրաշարժի գոտում՝ 1/3-րդ տարածքն էր Հայաստանի։ Այդ գումարները Ադրբեջանի Աշխատանքի կոմիտեն պարտավոր էր փոխանցել այդ մարդկանց, ստացել են, թե ոչ՝ գրեթե համոզված ենք, որ ոչ։ Դրանից հետո հանդիպումներ ենք ունեցել ադրբեջանական հասարական կազմակերպությունների հետ, մինչև անգամ փախստականների հետ։ Որևէ մեկը չի տեսել մի կոպեկ այդ փոխհատուցումներից, որոնք տրվել են հենց այդ անձանց համար, ովքեր ունեցել են տներ կամ բնակարաններ՝ երկրաշարժի գոտում։ Այնինչ, Հայաստանը մի կոպեկ չի ստացել ոչ Սովետական Միությունից` որպես փոխհատուցում, ոչ Ադրբեջանից։ Ամբողջ ծանրությունն ընկել է Սովետական Հայաստանի վրա և համայն աշխարհում հայության՝ Սփյուռքի վրա, որոնք օգնության ձեռք են մեկնել ու հիմնականում այդ հոգսերը դրա հաշվին են լուծվել, մինչև որ անկախ Հայաստանը միացավ փախստականների մասին կոնվենցիային»,- ասաց ՀՀ առաջին ՄԻՊ-ը։ 

Նա կարծում է, որ ՀՀ իշխանությունը մի կարեւոր բան պետք է անի` հստակեցնի, որ ոչ մի հայազգի փախստական փոխհատուցում չի ստացել` բռնի տեղահանվելով Սովետական Ադրբեջանից։ ՍԽալ է նաև ադրբեջանցիներին թույլ տալ, որ քննարկման դնեն անկլավների հարցը: Ադրբեջանի կողմից Սովետական Ադրբեջանի տարածքների մասին խոսելն ամբողջովին հակաիրավական է, որովհետև ժամանակակից Ադրբեջանն ամբողջովին հրաժարվել է Սովետական Ադրբեջանի իրավահաջորդը լինելուց, ավելին` հայտարարել է, որ դա ոչ լեգիտիմ ժամանակահատված է և իրենք գտնվում էին Սովետական Ռուսաստանի օկուպացիայի ներքո:

«Այնպես որ անելիքը ավելի քան շատ է։ 2000 թվականին, ես, Կարեն Բեքարյանը, Գագիկ Եգանյանը եղել ենք Բաքվում՝ Եվրախորհրդի Միգրացիայի հարցերով հանձնաժողովի արտագնա նիստին, Ադրբեջանն ամեն տարի այդպիսի միջոցառումներ էր անում, որ հրավիրեր ուշադրությունն այդ հարցին։ Այդ ժամանակ մենք Բաքվում, այդ բոլոր հարցերը հնչեցրել ենք, բայց ցավոք սրտի, իշխանությունները հետևողական չեն եղել այդ հարցում։ Եվ ցավոք սրտի, մեր քարտերը, այն ժամանակ մինչև անգամ Եվրոպայի ներկայացուցիչներն էին ասում՝ ուղղակի շատ ուժեղ էին։ Մեր ձեռքին այնպիսի փաստարկներ ունեինք, որ ես հենց Բաքվում եմ դա ասել։ Ասել եմ` եթե Դուք ունենայիք թեկուզ հինգ տոկոսը, որ ունի Հայաստանը՝ դուք չէիք թողնի որ Հայաստանը ոտք դներ որևէ միջազգային կազմակերպություն»,-ասաց Լարիսա Ալավերդյանը։