Կարո՞ղ եք ձեր մի թևը պոկել տալ ու այդպես հանգիստ ապրել

Կարո՞ղ եք ձեր մի թևը պոկել տալ ու այդպես հանգիստ ապրել

Դեկտեմբերի 7-ին մի շարք հայ երգիչներ հանդես կգան «Արցախը մունք ենք» բարեգործական համերգով: Համերգը տեղի է ունենալու «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Երգելու են` Ալլա Լևոնյանը, Արսեն Սաֆարյանը, Նունե Եսայանը, Շուշան Պետրոսյանը, Արսեն Գրիգորյանը Մրո, Գայա Արզումանյանը, Սոնան, Ռուբեն Սասունցին և Լիանան: Համերգի ողջ հասույթն ուղղվելու է բռնի տեղահանված արցախահայերին:

Երգչուհի Ալլա Լևոնյանը «Հրապարակի» հետ զրույցում նշում է, որ բարեգործության մասին շատ խոսել չի սիրում, սակայն կարծում է, որ արցախահայերին օգնություն ցուցաբերելն այսօր անհրաժեշտություն է.

- Ասեմ, որ կոնկրետ այս համերգի մասին հստակ տեղեկություններ չունեմ: Ինձ առաջարկել են արցախցիների համար բարեգործական համերգին մասնակցել, ես էլ սիրով համաձայնել եմ: Դեկտեմբերի 3-ին ունեմ ևս բարեգործական համերգ` Ֆիլհարմոնիայի դահլիճում: Այդ համերգի հասույթն էլ ուղղվելու է խնդիրներ ունեցող փոքրիկներին.... վերջերս էլ Հրազդան քաղաքում երաժշտական դպրոցի հետ կապված բարեգործական համերգի էի մասնակցում: Համերգի ողջ հասույթն ուղղեցինք դպրոցը ջեռուցման համակարգով ապահովելուն, որպեսզի երեխաները չմրսեն, կարողանան նորմալ դաս անել: Մի խոսքով` ինչով կարողանում ենք` օգնում ենք: Հիմա էլ Արմավիրից են հրավիրել` որպես ժյուրի: Անգամ Սիրիայից ներգաղթած փոքրիկների համար բարեգործական համերգ էինք կազմակերպել, հիմա ինչպե՞ս կարող ենք արցախցիներին չօգնել: Արցախցի փոքրիների ամանորը պետք է հեքիաթի վերածել:

- Իսկ ի՞նչ օգնություն եք տրամադրելու արցախահայերին: Ինչպե՞ս եք բաշխելու այն:

- Դեռ ոչ մի բան չգիտեմ: Իմ պարտքն արցախցիներին օգնելն է: Լսում ենք արցախցիների անունն անմիջապես արձագանքում ենք: Հնարավորինս փորձում ենք սատարել մեր հայրենակիցներին: Ընկերներս ԱՄՆ-ից որոշել են օգնություն ուղարկել, հիմա պետք է հասկանանք, ինչպես ենք կազմակերպում այդ պրոցեսը: Մենք մշտապես օգնում ենք մեր հայրենակիցներին, բայց եթե նկատել եք, երբեք այդ մասին չենք բարձրաձայնել, ինստագրամներում չենք տարածել, լուռ մեր գործն ենք արել: Կա կարծիք, որ մենք ոչինչ չենք անում, բայց եթե անկեղծ արդեն մեկ է, թե ով ինչ կասի: Մենք կարևորը մեր խղճի առաջ մաքուր ենք և հանգիստ: Չենք օգնում, որ մեր մասին խոսեն, անգամ շատ հաճախ ամաչում եմ այդ մասին խոսք ասել:

- Կար ժամանակ, որ հայտնի շրջանակները Հայաստանում ապրող մարդկանց փորձում էին ներկայացնել, թե իբրև այստեղ ապրող բոլոր մարդիկ կիսում են իրենց հակաարցախյան գաղափարները, չեն սիրում արցախցիներին և այլն, սակայն սեպտեմբերյան դեպքերը ցույց տվեցին, որ իրականում հայ ժողովուրդը կարող է միասնական լինել և որ եթե անգամ արցախցի քաղաքական գործիչներին չի համակրում դա չի նշանակում, որ չի սիրում արցախցիներին:

- Այո, շատ ճիշտ եք, չեմ հասկանում դա ինչ ասելու բան է` արցախցիներին չսիրել: Այսինքն` եթե վաղը Սյունիքը, Արարատը վերցնեն, նրանց էլ չե՞նք սիրելու: Արցախը մեր հայրենիքն է, արցախցին էլ մեր հայրենակիցը: Տարիներ շարունակ նման նեգատիվ վերաբերմունք են գեներացրել, դրա համար էլ այս օրին հասանք: Միասնական չենք մտածում մի գաղափարի շուրջ, մեր պատկերացումներն էլ այլ են: Ես միշտ օրինակ եմ բերում` էդ որ ասում էինք Արցախը տանք հանգիստ ապրենք. Էդ ի՞նչ էր նշանակում, որ տանդ սենյակը տաս ուրիշին դրանից կարո՞ղ ես հանգիստ ապրել, դա ի՞նչ ասելու բան էր, հատկապես, երբ տանդ սենյակը տաս վատ հարևանիդ, ով նեղացնում է քեզ, կնոջդ, երեխաներիդ, էդպես կարո՞ղ ես լավ ապրել, հա՞: Նախ լավ չեմ հասկանում` ի՞նչ է նշանակում հայրենիքը տալ: Կարո՞ղ եք ձեր մի թևը պոկել տալ ու այդպես հանգիստ ապրել.... էս ինչ պրիմիտիվ մտածողություն է, էս ինչ հիպնոս է: Ես արդեն ոչ մի բան չեմ հասկանում, միայն ընկճախտն է օր օրի խորանում: Այն օրի ենք հասել, որ անգամ ամաչում եմ երգել, մի կողմից էլ մտածում եմ` դա էլ իմ աշխատանքն է, բժիշկը, ուսուցիչն ինչպես են ամեն օր աշխատանքի գնում, մենք էլ պետք է աշխատենք, թեպետ հիմա կենտրոնացել ենք բարեգործական համերգների վրա: Այդպես եմ կարողանում, գոնե այդպես օգնեմ: 44-օրյա պատերազմից հետո կյանքն ուրիշ է, հոգեկան և ֆիզիկական առողջության վրա էապես ազդել է: Երբ զոհված տղերքի համար հրավիրում են երգելու, գնում երգում եմ, խեղդվելով հետ եմ գալիս տուն, դեպրեսիան ավելի է խորանում: Ասացի` խնդրում եմ` ինձ նման համերգների էլ մի կանչեք, ես էլ չեմ դիմանում, էդ լույս տղերքի նկարներին նայելով վատանում եմ, կապ չունի, որ հայրենասիրության մասին եմ երգում, բայց միևնույն է, որ հիմա էլ հրավիրում են, մերժել չեմ կարողանում: Կյանքը խեղում է այս իրականությունը: